Բաժիններ՝

«Ռոսս գրուպի» առեղծվածը

Հայաստանում հաշված ընտանիքներ կան, որ վարկային պարտավորություններ չունեն։ Վերջին տարիներին սպառողական վարկերը, ավտովարկերը, հիպոթեքային վարկերն իրենց բարձր տոկոսադրույքների պատճառով մարդկանց համար իսկական մղձավանջ են դարձել։ Անցած տարեվերջին արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատումը, դրամի կտրուկ արժեզրկումն ու ԿԲ-ի կողմից պահանջների խստացումն առևտրային բանկերին ստիպեցին վերագնահատել իրենց ռիսկերը և խստացնել ու սահմանափակել վարկավորումը։ Սակայն արդեն իսկ վարկեր ունեցող մարդկանց համար դա որևէ հետևանք չունեցավ` նրանք պարտավոր են մարել դոլարով կամ դրամով վերցված իրենց վարկերը։ Իսկ ամսական վճարումներ կատարելը շատերի համար էապես դժվարացել է` ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման, գնաճի, խնայողությունների վատնման և այլ գործոնների ազդեցությամբ։ Այսինքն` շատերը կանգնել են փաստի առաջ։

Մյուս կողմից` սա այն նպաստավոր ժամանակաշրջանն է, երբ ֆինանսական որոշ խարդախ կազմակերպություններ գլուխ են բարձրացնում, և օգտվելով մարդկանց անելանելի վիճակից` շահավետ առաջարկներ անելով` մոլորության մեջ են գցում նրանց։

Վերջերս մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի վերելակներում հայտնվեց «Ռոսս գրուպ» անունը կրող մի կազմակերպության գովազդ, որն առաջարկում է «միասին մարել վարկերը»։ «Տրամադրում ենք օգնություն` վարկերի մարման համար»,- ասվում է գովազդում։ Գայթակղիչ առաջարկ է` պարտքերի տակ կքած վարկառուների համար։
Սակայն մի քանի օր առաջ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց և քաղաքացիներին հորդորեց «Ռոսս գրուպ» կազմակերպության առաջարկներից չօգտվել, քանի որ այդտեղ «առկա են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքներն արդյունավետ պաշտպանելու բարդության»։

Մենք որոշեցինք հենց «առաջին ձեռքից»` «Ռոսս գրուպից» հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են իրենք առաջարկում և ինչ պայմաններով։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք օգնում են քաղաքացիներին` մարել իրենց վարկերը, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել վարկային պարտավորության 20-30 տոկոսի չափով գումար։ Մինչև մեկ մլն դրամի դեպքում` վարկի գումարի 20 տոկոսը, 1 միլիոնից ավելի գումարի դեպքում` 30%-ը։ Հարցին, արդյոք կազմակերպությունը լիցենզիա ունի՞, թե՞ ոչ, և ինչպե՞ս է երաշխավորում, որ շարունակաբար կատարելու է վճարումներ, աշխատակիցը պատասխանեց, որ իրենց գործունեության համար լիցենզիա անհրաժեշտ չէ, իսկ երաշխավորող փաստաթուղթը կնքվող պայմանագիրն է։ Հեռախոսազրույցում տեղեկացրին, որ ընկերությունը գործունեություն է ծավալում արդեն 20 օր և հաճախորդների և զանգերի պակաս չունի։
Հարցին` ինչի՞ հաշվին է կազմակերպությունը քաղաքացու փոխարեն վճարումներ կատարելու, ընկերության աշխատակիցը պատասխանեց, որ հաճախորդների վճարած գումարները շրջանառության մեջ են դրվելու, որից ստացված եկամուտներով փակվելու են վարկերը։

Կարդացեք նաև

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով կազմակերպության գործունեությանը՝ նշեց, որ եթե այս կազմակերպության գործունեությունը հակասում է օրենքին կամ ունի ռիսկային տարրեր, ապա ԿԲ-ի հայտարարությունից հետո համապատասխան մարմինները պետք է արագ քայլերի դիմեին, որպեսզի այն այլևս աշխատելու հնարավորություն չունենար։

«Բանկերն այսօր ստեղծել են դժվարություններ, և ծանր ֆինանսական վիճակը մարդկանց ստիպում է այլ տարբերակների դիմել։ Ու եթե ԿԲ-ի հայտարարությունից հետո մարդիկ չեն խուսափում և օգտվում են տվյալ կազմակերպության առաջարկից, ուրեմն կառավարությունը պետք է հասկանա, որ այստեղ լուրջ խնդիր կա»,- ասաց Վ. Խաչատրյանը` նկատելով, որ մեր բանկերը ոչ միայն հիմա են սահմանափակում վարկավորման ծավալները, այլև ապագայի հետ կապված առաջարկներ չեն անում, ինչը նման կազմակերպությունների համար հարմար առիթ է դառնում` մարդկանց մոլորության մեջ գցելու համար։

Վ. Խաչատրյանը նշեց, որ նման ֆինանսական խարդախությունները նորություն չեն, և արագ պետք է կանխարգելող քայլեր արվեն, չնայած նրան, որ կազմակերպությունը հրապարակային գործունեություն է ծավալում, ինչը նշանակում է, որ իր մասին որոշ օղակներ տեղյակ են։

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ «Ռոսս գրուպ» կազմակերպությունը` որպես այդպիսին, ո՛չ ավանդներ է ներգրավում, ո՛չ վարկեր տրամադրում, ո՛չ գրավ ընդունում, հետևաբար` ԿԲ-ի կողմից լիցենզավորում չունի, միայն գրանցված է Պետռեգիստրում. «Կազմակերպության գործառույթներում բուրգային սխեմային հատուկ քայլեր ենք տեսնում, որն իր մեջ ռիսկեր է պարունակում և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»։

Ըստ այս մեկնաբանության, ԿԲ-ն լիազորություններ չունի այս կազմակերպության գործունեության հետ կապված գործողություններ իրականացնելու, մինչդեռ «Միասին մարենք Ձեր վարկերը» գրությամբ «Ռոսս գրուպ» հայտարարությունները փակցված են Երևանի գրեթե բոլոր համայնքների վերելակներում։

Քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերելակներում տեղադրվող գովազդներն իրենց վերահսկողության տակ չեն, դրանով զբաղվում է համատիրությունը։ Քաղաքապետարանն այս դեպքում, ըստ մեր զրուցակցի, ուղիղ կարգադրող չէ, քանի որ գովազդների թույլտվության, տեղադրման, գանձվող գումարի, ծախսերի պատասխանատուն համատիրությունն է։ Սակայն, քանի որ հարցն իսկապես մտահոգիչ է, վերջինս նշեց, որ քայլեր կձեռնարկվեն և խնդրի մասին կզգուշացնեն համատիրություններին։

Այս կազմակերպության գործունեության շուրջ ԶԼՄ-ի հրապարկումները հարցը հասարակության ուշադրության կենտրոնում են պահում, մյուս կողմից` քայլեր են ձեռնարկվում նաև պատկան մարմինների կողմից։ Մեզ հետ զրույցում Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ խնդրի մասին տեղյակ են, և ուսումնասիրություններ են ընթանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս