«Դատավորը չպետք է կախված լինի որևէ մեկից, նա չթելադրվող կերպար պետք է լինի»

Հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի զեկույցի հատկապես այն հատվածներ, որոնք առնչվում են Հայաստանի դատական համակարգին։

– Ես ծանոթ եմ զեկույցին և կարծում եմ, որ Հայաստանի խնդիրներին բոլոր անդրադարձերն էլ օբյեկտիվ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, հատկապես` դատական իշխանությունների, Ոստիկանության, ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտի հետ կապված խնդիրներին անդրադառնալիս` եվրոպական դիտորդները դրական գնահատականներ չեն կարող տալ։ Այս դեպքում ևս տրվել է այն գնահատականը, որին մենք արժանի ենք, ցավոք սրտի։

– Զեկույցում հանձնակատարը նշել է, որ տարբեր զրուցակիցներ փաստարկել են, որ դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և լիազորությունների դադարեցման ընթացակարգերը չեն նպաստում դատավորի անկախությանը, մասնավորապես` պայմանավորված այդ գործընթացներում հանրապետության նախագահի գերակա դերակատարմամբ։ Արդյոք կիսո՞ւմ եք այս տեսակետը և համաձա՞յն եք հանձնակատարի` նախագահի հայեցողական լիազորությունները սահմանափակելու մասին առաջարկին։

Կարդացեք նաև

– Իհարկե, բոլոր նրանք, ում նշանակում կամ ազատում է կոնկրետ մարդը, այդ մարդուց կախված են լինում։ Հիմա ՀՀ նախագահը կարող է դատավորներին նշանակել կամ ազատել, և դատավորները` կախված լինելով նրանից, ստիպված պետք է լինեն ենթարկվել նրա թելադրանքներին։ Պատճառներից մեկն էլ դա է, որ ՀՀ-ում անկախ դատարան գոյություն չունի։ Մենք բոլորս դրա ականատեսն ենք լինում հատկապես քաղաքականացված դատավարությունների ժամանակ. երբ դատարանի առջև կանգնում են ընդդիմության ներկայացուցիչները, մենք տեսնում ենք, թե դատավորներն ինչ պատրաստակամությամբ են կատարում գործադիր իշխանության, Դատախազության հանձնարարականները։ Իհարկե, դատավորը պետք է լինի անկախ, ոչ թե անկախ, այլ բացարձակ անկախ։ Դատավորը չպետք է կախված լինի որևէ մեկից, նա պետք է իր կայացրած բոլոր վճիռներում, բոլոր գործողություններում թելադրանքներից զուրկ լինի, չթելադրվող կերպար պետք է լինի։ Իսկ Հայաստանում հակառակ պրոցեսն է, և եվրոպացիները, բնական է, դա տեսնում են, դա արձանագրում են։

– Դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և լիազորություների դադարեցման ընթացակարգերում նախագահի լիազորությունների սահմանափակումը միայն բավարար կլինի՞ անկախ դատարան ունենալու համար։

– Իհարկե, միայն դա բավարար չի լինի։ Դա կապված է շատ բանի հետ։ Դա կապված է նաև մտածողության հետ։ Բոլորս գալիս ենք մեր խորհրդային անցյալից, իսկ մեր խորհրդային անցյալում ընդունված էր, որ բոլորը պետք է ենթարկվեն վերևների հրահանգներին։ Դա կապված է նաև աշխարհընկալման հետ։ Բայց նաև կապված է նախագահի լիազորությունների հետ։ Այս առումով, իհարկե, այս բնագավառում լիազորությունների պակասեցումը մի փոքր ավելի կհեշտացնի մեր գործն ապագայում։

– Զեկույցում նաև նշվում է, որ հանձնակատարը տեղեկություններ է ստացել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների` որպես նրանց որոշումների վրա ազդելու նպատակ հետապնդող ճնշման լծակի մասինգ

– Այո, փորձը ցույց է տալիս, որ դա այդպես է։ Եվրոպական դիտորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և կազմակերպությունները, որոնք, օրինակ, Հայաստանին վերաբերող զեկույց են հրապարակում, այդ ամենն օդից չեն վերցնում։ Նրանք մեր իրականությունից են վերցնում, մեր կազմակերպությունների զեկույցներից, մեր իրավապաշտպանների հայտարարություններից, մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարություններից։

Այսինքն` այն, ինչ արձանագրված է այս զեկույցում, վերցված է մեր իրականությունից, և, բնականաբար, ես դրա հետ չհամաձայնել չեմ կարող։ Դա իրականություն է, և այդ վարույթները դատավորների վրա ճնշումների նպատակ են հետապնդում։ Մենք ունենք փաստեր, ոչ միայն քաղաքական, այլև քրեական գործերով, որ, եթե դատավորը չի ենթարկվում գործադիր իշխանության թելադրած խաղի կանոններին, ապա նա նույնիսկ իր դատավորական մանդատից, իր աթոռից է զրկվում։

– Հանձնակատարը խոսել է նաև այն մասին, որ հնարավոր միջոցներից վերջինը լինելու փոխարեն` նախնական կալանքը Հայաստանում նորմ է։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է խափանման այս միջոցը նորմ, եթե ֆինանսական տեսանկյունից` կալանավոր ունենալը ձեռնտու չէ։

– Սա շատ լուրջ խնդիր է։ Այն նորից գալիս է մեր խորհրդային անցյալից, մեր մտածողությունից։ Չգիտես ինչու` ընդունված է, որ ցանկացած մեկին, ում մեղադրանք է ներկայացվել, ձերբակալում են, կալանավորում են, տանում են բանտ։ Հատկապես կարծում եմ` այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են հանցանք գործում, ովքեր մեղմ հանցանք են գործում, ընդհանրապես չպետք է հայտնվեն կալանավայրերում, նրանց նկատմամբ կալանավորման հետ կապված խափանման միջոցներ չպիտի ընտրված լինեն։ Բայց մեր իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Ձեր բերած այն փաստարկը, որ պետությունը ծախսեր է անում, և այլն, և այլն, կարծում եմ` այնքան էլ մեծ դեր չի խաղում վճիռներ կայացնելիս, որովհետև փաստը մնում է փաստ, որ մեր իրականությունում, ցանկացած պարագայում` անկախ հանցագործության ծանրության աստիճանից, անկախ մարդու ով լինելուց, որպես կանոն` խափանման միջոց են ընտրում կալանավորումը։

Դրա պատճառներից մեկն այն է, որ մեր կալանավայրերը լցված են կալանավորներով, կալանավայրում պատահաբար հայտնված մարդն ընկնում է լուրջ հանցագործների ազդեցության տակ և արդեն դառնում է հանցագործ։ Մի խոսքով` մարդը որպես երևույթ` մոռացվում է, վերցվում, առանձին դիտարկվում է նրա կողմից թույլ տրված հանցանքը կամ զանցանքը, և դրանից ելնելով էլ` վճիռներ են կայացվում։ Դա նույնպես գալիս է մեր խորհրդային անցյալից, որովհետև խորհրդային տարիներին դա համատարած էր. ցանկացած մեկը, ով կհայտնվեր օրենքից դուրս, հայտնվում էր բանտում։ Նույնը շարունակվում է նաև այսօրվա մեր անկախ Հայաստանում։

– Ձեր կարծիքով` զեկույցն ազդեցություն կունենա՞ Հայաստանի արդարադատության համակարգի վրա։

– Ոչ։ Ազդեցություն չի ունենա ո՛չ արդարադատության համակարգի վրա, ո՛չ մեր իշխանավորների վրա, ո՛չ էլ իրականություն կփոխի։ Բայց դա չի նշանակում, որ նման զեկույցներից պետք է խուսափել։ Բոլոր միջազգային, իրավապաշտպան կառույցներն այդպիսի զեկույցներ տարին մեկ անգամ հրապարակում են։ Դա իրենց աշխատանքի ոճն ու բնույթն է, նրանք դա պետք է անեն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մեր իշխանությունները պատրաստ են դրանից համապատասխան հետևություններ անել։ Կարծում եմ` ոչինչ չի փոխվի։

Տեսանյութեր

Լրահոս