2019 թվականին ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում
Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մինչ փաստաթղթի ստորագրումը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առանձնազրույց է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանի հետ:
Նախարարը գոհունակությամբ է նշել 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու փաստը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի այն անցկացնել բարձր մակարդակով և ներկայացնել Հայաստանի ներուժը և հնարավորությունները ՏՏ ոլորտում:
Կարեն Ճշմարիտյանը նաև հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես Հայաստանի կառավարության կողմից հռչակված գերակա ոլորտ, որոշակիորեն կնպաստեն Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը և հավելել, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից մշակվում է Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որով կամրագրվեն ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության և ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացման հիմնական ուղենիշերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել է, որ ՏՏ ոլորտը որպես գերակա ճյուղ հռչակելով` Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի, քանի որ ՏՏ լուծումներն օրեցօր ավելի լայն կիրառություն են գտնում կյանքի բոլոր բնագավառներում: Ջիմ Պոյզանթը հավելել է, որ առաջիկայում համաժողովի կազմակերպման հետ կապված ծանր աշխատանք է սպասվում, և պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան գործընկերների հետ` համատեղ ջանքերով 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է համաժողովի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը ապահովելու նպատակով ձևավորել պետության և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կհամակարգի ինչպես կազմակերպչական, այնպես էլ` համաժողովի բովանդակային մասի ապահովման հետ կապված աշխատանքների արդյունավետ իրականացումը:
Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ.Ճշմարիտյանը նշել է`
«Այսօրվանից պետք է նախապատրաստվել համաժողովին, և համապատասխան կազմակերպությունների կողմից այսօր համաձայնագրի ստորագրումը այդ կազմակերպչական աշխատանքների սկիզբն է ազդարարում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը նույնպես կհանդիսանա այն հիմնաքարերից մեկը, որը հետագայում Հայաստանին այս ոլորտում, այս ոլորտի աշխարհի քարտեզի կամ աշխարհի վարկանիշային ցուցակում կբարձրացնի մի քանի աստիճանով»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել է`
«Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշը այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:
Համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պատասխանել են լրագրողների հարցերին:
Լրացուցիչ տեղեկատվություն
2014 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թվականի սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ աշխարհի շուրջ 100 երկրներից։
WCIT-ը անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000 թվականից մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում: