Երբ բոլորը համոզում են կառավարությանը
Նախորդ տարվա վերջին, երբ կառավարությունը ներկայացրեց 2015 թվականի պետական բյուջեն, ԱԺ-ն էլ հաստատեց այն, արդեն իսկ կասկածներ կային, որ դրանով նախատեսված 4.1% տնտեսական աճի ցուցանիշն իրատեսական է։
Իսկ բյուջեն ընդունելուց հետո` դեկտեմբերին, երբ ռուսական տնտեսության անկման հետևանքները սկսեցինք նաև այստեղ զգալ` տրանսֆերտների կրճատման ու դրամի արժեզրկման տեսքով, արդեն ակնհայտ դարձավ, որ 4.1% տնտեսական աճը ֆանտաստիկայի ոլորտից է։
Երբ կառավարության ներկայացուցիչներին այն ժամանակ հարցնում էին` հնարավո՞ր է, որ բյուջեն փոփոխեք, պատասխանում էին` այդ մասին խոսելը դեռ շուտ է։
Հետո եկավ հունվարը. խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ հակառակը` ավելի խորացան։ Ու բոլորը սկսեցին խոսել, որ Հայաստանին այս տարի լավ ժամանակներ չեն սպասվում։
Ամենաթարմ «գույժը» հրապարակվեց 2 օր առաջ` Fitch-ի կողմից։ Վարկանիշային այս գործակալության մասնագետների համոզմամբ` Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը բացասական մեծ ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա։ Ընդ որում, այդ ազդեցության չափը տարբեր է. Ռուսաստանի տնտեսական վիճակն անմիջական ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա, որոնց հետ նա ունի տնտեսական սերտ կապեր` առևտրի, դրամական փոխանցումների ու ներդրումային հոսքերի միջոցով։ Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման հիմնական շուկան է և օտարերկրյա ուղիղ ներդրումների ու հայկական կողմին դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը։ Դրա համար էլ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա։
Վարկանիշային մյուս հեղինակավոր գործակալությունը` Moodyգs-ը, ավելի վաղ էր տխուր կանխատեսումներ արել Հայաստանի համար։ Դեռ հունվարին գործակալությունը նվազեցրել էր Հայաստանի վարկանիշային շեմը` Ba2-ից հասցնելով Ba3-ի, իսկ «կայուն» կանխատեսումը փոխել էր բացասականի։
Վարկանիշի նվազեցումը գործակալությունը պայմանավորել էր Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ։ Moodyգs-ը նշել էր, որ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով Հայաստանի տնտեսության արտաքին խոցելիությունը մեծացել է։ Անդրադառնալով ՌԴ-ից ուղարկվող դրամական փոխանցումների նվազման, փոխարժեքի տատանումների, ներդրումային անորոշ հեռանկարների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով երրորդ երկրների հետ առևտրի սահմանափակումներին` Moodyգs-ը կարծիք էր հայտնել, որ ներդրումային թույլ ակտիվությունն ու բացասական ազդակներն ազդելու են ՀՀ տնտեսական աճի հեռանկարի վրա։
Ավելի դաժան էր գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Դեռ 2014 թվականի սեպտեմբերին ՎԶԵԲ-ը 2015թ. համար Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել էր 3.5%-ի սահմաններում։ Իսկ վերջերս վերանայեց կանխատեսումը` ՀՀ տնտեսության համար «գուժելով» զրոյական տնտեսական աճ` ստագնացիա։ ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էր, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե ՎԶԵԲ-ը պակաս լավատես է, քան նմանատիպ զեկույցներով հանդես եկող միջազգային մյուս կազմակերպությունները։ Սակայն ավելացրել էր, որ մյուս ֆինանսական կառույցների կանխատեսումների դեպքում ևս ժամանակի ընթացքում ցուցանիշների նվազում կնկատվի։
Մյուսներից մեկը, իհարկե, Համաշխարհային բանկն է։ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ հաշվի առնելով ՌԴ-ում տեղի ունեցած զարգացումները` 4.1% աճի կանխատեսումը, թերևս, լավատեսական է։ Համաշխարհային բանկն իր վերջին գնահատականը հրապարակել էր 2014թ. հոկտեմբերին` կանխատեսելով շուրջ 3%-անոց աճ 2015 թվականի համար։ Այս ամսվա վերջին ՀԲ-ն վերանայելու է այդ կանխատեսումը, և, ինչպես նշում էր Լ. Բեյլին, ճշգրտումը կլինի նվազման ուղղությամբ` տնտեսական աճը 3%-ից ցածր կլինի։
Անգամ ՀՀ Կենտրոնական բանկը չի հավատում 4.1% տնտեսական աճի հեռանկարին։
Երկու շաբաթ առաջ ԿԲ-ն հրապարակեց գնաճի հաշվետվությունը, որում նշված էր, որ տնտեսական աճը 2015 թվականին գնահատվում է 0.4-2.0% միջակայքում։ Այսինքն` ըստ ԿԲ-ի, ամենալավատեսական սցենարի դեպքում` տնտեսական աճը բյուջեի ցուցանիշից առնվազն 2 անգամ ցածր է լինելու։
Միայն ՀՀ կառավարությունն է, որ դեռ չի պատրաստվում վերանայել տնտեսական աճի կանխատեսումը։ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ նախարարության օրակարգում տնտեսական աճի կանխատեսումը վերանայելու հարց չկա։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը համոզում են կառավարությանը, սակայն վերջինս դեռ հերոսաբար դիմադրում է։ Սակայն, ըստ ամենայնի, դիմադրության պաշարը սպառվել է, և մինչև ամսվա վերջ կառավարությունը կընդունի, որ 2015 թվականի բյուջեն կազմելու ժամանակ չափից դուրս լավատես է գտնվել։
Նման ենթադրության համար հիմք են ծառայում նախ` Լորա Բեյլիի խոսքերը. «Մենք վստահ ենք, որ մարտին մեզ հետ նախատեսված հանդիպումներում իշխանությունները տնտեսական աճի վերաբերյալ նոր թվեր կներկայացնեն»։ Իսկ Գ. Մելքոնյանն էլ իր հերթին` ասել էր. «Այդ թիվը դրված է բյուջեում, դա պաշտոնական տեղեկատվություն է, եթե խնդիր լինի դա վերանայելու, պետությունը հավուր պատշաճի դա կներկայացնի»։
Փոխնախարարը նաև նշել էր, որ հիմա կանխատեսումների, թվերի շուրջ շատ ծանրանալն ամենակարևոր խնդիրը չէ. «ամենակարևոր խնդիրն այն է, որ հնարավորինս նոր, առավել էֆեկտիվ և առավել տեսանելի մասնավոր հատվածի համար գործիքներ բերվի»։
Այս առումով, իհարկե, դժվար է չհամաձայնել նրա հետ։ Մեծ հաշվով, էական չէ` կառավարությունը կփոխի՞ տնտեսական աճի կանխատեսումը թե՞ ոչ, որովհետև տնտեսության վիճակն այդ կանխատեսումից ամենևին կախված չէ։ Թեպետ հնարավոր է` դա ներկայացվի ոչ թե` պաշտոնական վերանայում, այլ «կեսբերան» հնչած կարծիք։ Օրինակ, նախորդ տարվա համար նախատեսված էր 6% տնտեսական աճ, սակայն Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ եթե 2014-ին ապահովվի 3.5% տնտեսական աճ, ապա դա մեծ ձեռքբերում կլինի։
Ընդհանրապես, մեր կառավարությունները (ներկայիս և նախկին) երբեք էլ անհարմար չեն զգացել, երբ իրենց կանխատեսումներն իրականություն չեն դարձել։ Ընդամենը` հետո փորձել են հիմնավորել, թե ինչու իրենց կանխատեսած աճը չարձանագրվեց։
Սակայն, եթե տնտեսական աճի կանխատեսումը` որպես այդպիսին, մեծ դեր չի խաղում, նույնը չի կարելի ասել բյուջեի մասին։ Իսկ բյուջեն նախագծվում է հենց տնտեսական աճի կանխատեսման հիման վրա։
Այսինքն` ավելի կարևոր հարց է` կվերանայվե՞ն բյուջեի ցուցանիշները, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանից բոլորն են խուսափում, որովհետև դա շատ զգայուն թեմա է։ Բյուջեի կրճատելը կորակվի` որպես տնտեսական քաղաքականության ձախողում։ Իսկ չկրճատելը` հարկերը նախատեսված ծավալով հավաքագրելը, կնշանակի` քամել առանց այդ էլ վատ վիճակում գտնվող տնտեսությունը։ Կամ էլ կառավարությունը կրկին կգնա արտաքին աշխարհից պարտքեր ներգրավելու ճանապարհով։