«Սոսոն սիրում էր երկար, տանջելու աստիճան երկար համբուրել ինձ»
Հարցազրույց Սոսո Պավլիաշվիլիի քրոջ՝ Մակա Պավլիաշվիլիի հետ:
– Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, սակայն վաղուց արդեն փոխել եք Ձեր գործունեության ոլորտը: Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը:
– Առաջին մասնագիտությամբ ես ջութակահարուհի եմ: Ավարտել եմ Կոնսերվատորիան: Բժշկության ոլորտը հետագայում դարձավ իմ կյանքի մասը:
– Ինչպե՞ս ջութակահարուհին հանկարծ դարձավ բժիշկ:
– Ջութակահարուհի լինելս կանխատեսելի իրողություն էր, որ պետք է կատարվեր յուրաքանչյուրի հետ, ով բախտ կունենար ծնվելու մեր ընտանիքում, քանի որ այն երաժշտական էր: Թե՛ ես և թե՛ Սոսոն հաճախել ենք երաժշտական դպրոց, երկուսս էլ՝ ջութակի բաժին: Ես ավարտեցի Կոնսերվատորիան 90-ականներին: Այդ տարիներին շատ քչերին էր հետաքրքրում իմ երաժշտական կրթությունը: Բացի այդ, մշտապես մեծ է եղել բժշկությունն ուսումնասիրելու ցանկությունը: Եվ ես որոշեցի, որ պետք է նոր մասնագիտության տիրապետել, և ընդունվեցի բժշկական ֆակուլտետ: Իսկ հետո արդեն 12 տարի աշխատել եմ՝ որպես բժիշկ:
– Այսօր, սակայն, Դուք հանդիսանում եք Երևանում գործող «Շանսոն» ակումբի բաժնետերերից մեկը՝ որպես Ձեր եղբոր՝ Սոսո Պավլիաշվիլիի ներկայացուցիչ: Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր համագործակցությունն ակումբի մյուս անդամների հետ:
– Երբ եկա Երևան, միանգամից սիրահարվեցի ձեր քաղաքին: Այնպես ստացվեց, որ իմ Երևան գալու հաջորդ իսկ օրը գնացի «Շանսոն» ակումբ, որտեղ և ծանոթացա երգչուհիներ Անչոկի և Նարի Հարությունյանի հետ, որոնց անչափ սիրում եմ: Այսօր, երբ մենք արդեն համագործակցում ենք նույն ակումբի շրջանակներում, վստահ կարող եմ ասել, որ ընդունում եմ իրենց առաջին հերթին՝ որպես իմ քույրերի, և հետո միայն՝ իբրև գործընկերներ:
– Գործընկերները կարո՞ղ են հարազատ լինել:
– Ես կարող եմ ոչ միայն ասել դա, այլ ի լուր աշխարհի գոռալ, թե որքան շատ եմ ես սիրում այդ երկու հրաշք կանանց: Ես ինձ համարում եմ ամենաերջանիկ կինն այս աշխարհում նման մարդկանց կողքին: Ոչ բոլորը կարող են հպարտանալ այն հանգամանքով, որ իրենց աշխատանքի վայրն ընտանեկան ջերմություն է հաղորդում, և, որ նա գալիս է աշխատանքի, ինչպես կգար տուն: Անգամ սկզբնական շրջանում, երբ դեռ խոսակցություն չկար այն մասին, որ կարող է մի օր դառնայինք գործընկերներ, մշտապես Անչոկին ու Նարիին հարցնում էի՝ արդյոք ինձ հարմար մի աշխատանք չի՞ գտնվի իրենց ակումբում՝ միայն թե լինեի աղջիկների կողքին: Որոշ ժամանակ անց, ի ուրախություն ինձ, իրականացավ երազանքս:
– Եթե չեմ սխալվում՝ Դուք նաև մտադիր եք ապագայում «Շանսոն» ակումբի ճաշացանկում ներառել վրացական ուտեստներ՝ Մակա Պավլիաշվիլիի կողմից:
– Շատ եմ սիրում պատրաստել: Այո, կա նման մտադրություն: Սակայն դա լինելու է ոչ թե՝ իբրև մենյուի մեջ ներառված հերթական ուտեստ, այլ՝ այն, ինչ ես ի սրտե եմ պատրաստելու: Դա լինելու է ոչ միայն վրացական, այլև հոգո՛վ վրացական ուտեստ՝ իմ կողմից:
– Պատմեք, թե ինչպիսի եղբայր է եղել և կա Սոսոն: Պարզ է, որ չեք հայտնի նրա քիչ թե շատ բացասական կողմերի մասին, բայց խնդրում եմ՝ լինեք հնարավորինս անկեղծ:
– Գիտեք, վերջերս, երբ մենք հյուրընկալել էինք Անդրեյ Մալախովի հաղորդմանը, նա ևս այդ հարցն ուղղեց: Եվ ես նստած տաղավարում՝ բավականին երկար փորձում էի հիշել, թե ի՞նչ չարություններ է արել նա իմ հանդեպ: Պարզվեց՝ ոչ մի: Ես ոչ մի թեթև քերծվածք անգամ չունեմ նրա կողմից ստացած: Ավելին, Սոսոն սիրում էր երկար, տանջելու աստիճան երկար համբուրել ինձ:
– Սոսոն չորս տարի մեծ է Ձեզանից: Սովորաբար մեծերը տուժում են, քանի որ մինչև որոշակի տարիք՝ ծնողները շարունակ կրկնում են. «Դու մեծ ես՝ զիջի՛ր, հասկացի՛ր, ների՛ր, բացատրի՛ր…»: Այլ կերպ ասած, մեծ երեխայի «քթերից» են բերում նրա առաջնեկ լինելու հանգամանքը:
– Մեր պարագայում այլ է եղել իրավիճակը: Նա շատ զգայուն և էմոցիոնալ էր դեռ մանկուց: Սիրել է կարդալ, երգեր հորինել: Ես եմ միշտ նրան պաշտպանել: Մենք այն քույր և եղբայրներից ենք եղել, ովքեր առանց իրար ապրել չեն կարող: Իսկ հիմա, երբ ժամանակի ու տարածության պատճառով այդքան հաճախ չենք տեսնում իրար, որքան կցանկանայինք, է՛լ ավելի ենք սիրում իրար, զգում մեկս մյուսի կարիքը: Եթե Սոսոն օրվա ընթացքում 4-5 անգամ ինձ հետ հեռախոսով չխոսի, չի հանգստանա: Նա իրո՛ք հանգստանում է, երբ ինձ հետ խոսում է: Դա կարող է լինել անգամ գիշերը ժամը 3-ին:
– Կարո՞ղ եք մի քանի դրվագ հիշել Ձեր մանկությունից:
– Երաժշտական դպրոցից տունդարձի ճանապարհին, նա, տեսնելով բակում ֆուտբոլ խաղացող տղաներին, իմ գիրկն էր տալիս իր ծանր ջութակն ու տուն ուղարկում: Եվ ես ամեն անգամ կես ճանապարհից, քարշ էի տալիս մեր երկուսի ջութակները: Մի ջութակով գնում էի, երկուսով ետ գալիս տուն:
– Եթե նա չդառնար երգիչ, ապա ինչո՞վ կզբաղվեր:
– Նա միանշանակ կդառնար ֆուտբոլիստ: Նա պաշտում էր ֆուտբոլը դեռ մանկուց: Ես դա ասում եմ ամենայն լրջությամբ:
– Շատ են տղամարդիկ, ովքեր պաշտում են ֆուտբոլը հեռուստացույցի առջև՝ բազմոցի մեջ խորտակված: Սոսոն և՞ս այդ դասի «պրոֆեսիոնալներին» է պատկանում:
– Ոչ, նա սիրում է ֆուտբոլ խաղալ և հետո միայն՝ դիտել: Ընդհանրապես նա այն տղամարդկանց դասին չի պատկանում, ովքեր սիրում են կյանքի մասին մեծ-մեծ խոսել՝ առանց ճանաչելու կյանքը: Նա այն մարդն է, ով համարում է, որ կյանքն անչափ հետաքրքիր է և թանկ, որ ուղղակի չի կարելի այն վատնել հեռուստացույցի առջև գամված:
– Հայերիս մոտ տարածված մի հիվանդություն կա. մեղմ ասած՝ չենք սիրում, անտեսում, փնովում ենք նրանց, ովքեր ապրում և ստեղծագործում են մեր կողքին: Սակայն բավական է, որ ինչ-որ անհայտ մեկը «յան»-ով վերջացող ազգանունն ունենա և չնչին հաջողության հասնի արտերկրում, նա միանգամից դառնում է մեր սիրելին: Ձեզ մոտ՝ Վրաստանում, ինչպիսի՞ն է իրավիճակն այդ հարցում:
– Եթե խոսենք Սոսոյի մասին, ապա կարող եմ ասել, որ նրա կարիերան հենց սկզբից կայացավ Ռուսաստանում: Այդ իսկ պատճառով, ես չեմ կարող համեմատականներ տանել, թե ինչպիսի՞ն է եղել վերաբերմունքը նրա երգարվեստի նկատմամբ՝ մինչ Վրաստանից մեկնելը: Կասեմ միայն, որ նրան Վրաստանում շատ են կարոտում և սիրում:
– Ռուսական էստրադայում բազում վրաց երգիչներ կան, ովքեր վաստակել են հանրության սերն ու մեծ հեղինակություն ունեն ռուսական շոու–բիզնեսում՝ Մելաձե եղբայրները, Գրիգորի Լեպսը, Ձեր եղբայրը… Ինչպիսի՞ն է վրացիների վերաբերմունքն այդ արտիստների հանդեպ:
– Նրանք, ովքեր ամեն ինչի մեջ քաղաքական նոտա են փնտրում, գտնում են: Սակայն ժողովուրդը՝ հատկապես երաժշտություն սիրող և գնահատող հատվածը, միանշանակ տարբերություն չի դնում, թե տվյալ արտիստը որ երկրում է երգում: Նա գնահատում է երգն ու կատարողին՝ առանց քաղաքականության: Սխալ է արվեստի մեջ քաղաքականություն մտցնելը: Այդպես վարվում են մարդիկ, ում դա ձեռնտու է: Շահարկում են անուններ, փնովում՝ հեղինակություն ձեռք բերելու նպատակով:
– Որքանո՞վ է Սոսոն ներգրավված քաղաքական իրադարձություններում:
– Նա միշտ ասում է. «Ֆուտբոլիստը պետք է ֆուտբոլ խաղա, երգիչը՝ երգի»: Այսինքն՝ ամեն ոք իր գործով պետք է զբաղվի և չհայտնի կարծիքներ և մեկնաբանություններ մի ոլորտից, որից գլուխ չի հանում: Նա երբեք չի միջամտել քաղաքականությանը: Միակ բանը, որ նրան հետաքրքրում է քաղաքականության մեջ, այն է, որ երբեք պատերազմ չլինի: Ուրիշ ոչինչ:
– Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Սոսոյի առաջին ընտանիքի հետ:
– Հրաշալի: Սոսոյի առաջին կինը՝ Նինոն, իմ ընկերուհին է եղել և կա: Մենք նույն երաժշտական դպրոցում էինք սովորում: Երբ Սոսոն վերադարձավ բանակից, նրանք անմիջապես ամուսնացան, և ծնվեց հրաշք Լևանը, ում պաշտում ենք բոլորս: Ինքս երբեք թույլ չեմ տա, որ Լևանի մայրն ինչ-որ բանի կարիք զգա:
– Արդեն մեկ տարի է՝ ապրում եք Հայաստանում: Ինչպե՞ս եք Ձեզ զգում մեզ մոտ:
– Արտակարգ, ինչպես իմ տանը: Եվ եթե Վրաստանը չի նեղանա, ասեմ, որ Երևանն իմ քաղաքն է, իսկ Վրաստան ես կգնամ՝ արդեն որպես հյուր: Հայաստանում ես գտել եմ այն, ինչ փնտրում էի իմ ողջ կյանքում՝ սեր, հավատարմություն:
– Սերն ու հավատարմությունը պակասո՞ւմ էին Վրաստանում:
– Վրաստանում կար և՛ սեր, և՛ հավատարմություն, սակայն չկար ժամանակ այդ ամենը վայելելու համար. Ես իմ զույգ բալիկներին մեծացնելով էի զբաղված:
– Ինչո՞ւ Վրաստանում չեն սիրում հայերին:
– Իսկ ո՞վ է ասել, որ չեն սիրում: Ես անկեղծորեն զարմացած եմ, քանի որ ինձ էլի են ուղղել այդ հարցը: Չեմ կարողանում հասկանալ, թե որտեղի՞ց է նման կարծիք ձևավորվել: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են հենց ինձ ուղղում այդ հարցը:
– Միայն նրա համար, որ Դուք վրացուհի եք:
– Հասկանում եմ, սակայն ես ինձ անչափ վատ և, ինչ-որ առումով, վիրավորված եմ զգում այդ հարցից: Դուք ինչպե՞ս Ձեզ կզգաք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ հայերը չեն սիրում վրացիներին:
– Կարծում եմ՝ բոլոր ազգերն էլ կարող են բարեկամներ լինել, եթե քաղաքականությունն իր քիթն ամենուր չմտցնի:
– Լիովին համամիտ եմ: Ասեմ ավելին, նույն վրացիների մեջ ևս կան մարդիկ, ավելի շուտ՝ մարդկային տեսակ, որոնց ես ատելով ատում եմ: Եթե մարդը ոչնչություն է, դա ազգության հետ ոչ մի կապ չունի:
– Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ երգչուհի Անչոկն ասաց, որ Դուք ևս ակումբի շրջանակներում երգելու փորձեր եք անում:
– Ես երգում եմ մանկուց: Պարզապես փորձում եմ վերհիշել անցյալս: Իմ հաճույքի համար, այլ ոչ՝ հանրության: