Բաժիններ՝

«Ուրախ և տխուր» ՍՊԸ-ն՝ Հակոբ Հակոբյանի ձերբակալման պատճա՞ռ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցագործությունների կատարման մեջ:

168.am-ի տեղեկություններով՝ նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Այս կազմակերպությունը զբաղվում է նաև տոների, ինչպես նաև սգո արարողությունների կազմակերպությամբ: ՀՀ Էլեկտրոնային ռեսգիստրում՝ e-register.am կայքում որպես ընկերության հիմնադիր նշված է հենց Հակոբ Հակոբյանի անունը: «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի մասին այլ տեղեկություններ կայքում չկան:

Այս ընկերությունն իր գործունեության ընթացքում մի քանի անգամ տարբեր կառույցների կողմից ենթարկվել է  վարչական տույժերի: Այսպես, azdarar.am կայքում հրապարակվել է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ին վարչական տույժ ենթարկելու մասին որոշումը: Ըստ կայքում տեղադրված որոշման՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետը նշել է. «Պարզեցի, որ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի կողմից Երևան-Արմավիր-Թուրքայի Հանրապետության սահման Մ-5 միջպետական  նշանակության ավտոմոբլիային ճանապարհի 14-700 կմ նշանակետում տեղադրվել է գովազդային վահանակ առանց համապատասխան թույլտվության»: Արդյունքում որոշվել է ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տույժ 100.000 դրամ:

2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ Աշոտ Զաքարյանը ներկայացրել է, որ 2014թ. 9 ամիսների ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի ակտի գումարը կազմել է 428.5 մլն դրամ:

Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարություն Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումներից մեկի համաձայն՝ ընկերության ներկայացրած բողոքի քննարկման ընթացքում բողոքաբերը, այսինքն՝ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ն, ընդունել է, որ ՍՊԸ-ն փաստացի իրականացրել է նաև  ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն:

Նշվում է նաև, որ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ն իրականացրել է նաև բետոնի արտադրություն, հանրային սննդի և ավտոգազալիցքավորման գործունեություն։ Ընկերությունն իր մատուցած ծառայությունների ընթացքում իրականացրել է նաև ավտոմեքենաների գազալիցքավորում, տնօրինել և օգտագործել է ստացված բնական գազը։ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում որպես գազի բաժանորդ հանդես է գալիս «ԿԱՐ-ԲԵԳ» ՍՊԸ-ն, հարկային հաշիվները դուրս են գրվել «ԿԱՐ-ԲԵԳ» ՍՊԸ-ի անունով, սակայն գազը տնօրինում և վաճառում է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ն, բանկային փոխանցումներով վճարում ստացված գազի արժեքը, միաժամանակ հաշվանցելով «ԿԱՐԲԵԳ» ՍՊԸ-ի անունով դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱՄՀ-ն, իսկ ստացված    գազի արժեքը շահութահարկով հարկման իմաստով համարում է ծախս։ Նույնատիպ գործողություններ են կատարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի-ից ստացված էլեկտրոէներգիայի մասով։

Ի դեպ, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և վերոնշյալ ակտը կարող էին նաև բողոքարկվել դատարան: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք դրանք բողոքարկվե՞լ են, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս