Ավտորիտար պարոն Ալիևն իրական պարոն Ալիևն է. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթում այսօր հրապարակվել է խմբագրակազմի հեղինակած «Ադրբեջանի պարոն Ալիևի երկու երեսը» խորագրով հոդված, որում նշված է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարպետորեն խաղում է քաղաքական Ջեքիլին ու Հայդին:
Բաքվում ամերիկյան դեսպանն իր հաղորդագրությունում, որը հրապարակվել է WikiLeaks կայքում, նրան ներկայացնում է որպես Մայքլ Կոռլեոնե-Սոնի Կոռլեոնե՝ այդպիսով նրան համեմատելով «Կնքահայր» մաֆիայի ընտանիքի անդամներ, սառնասիրտ ու բավական դաժան եղբայրների հետ:
Պարոն Ալիևը շատ հարցերում իր «արևմտամետությամբ» հիացմունք է առաջացնում Արևմուտքում. նա բարեկիրթ է, լավ հագնված է և լավ է խոսում անգլերեն, նա պատրաստ է նավթի ու գազի բավականաչափ մատակարարումներ իրականացնել դեպի Եվրոպա ու Իսրայել, իսլամի հարցում նա չափավոր է ու ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային շքեղ միջոցառումներ, ինչպիսիք են 2012 թվականի Եվրատեսիլը և առաջիկա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը:
Դրա հետ մեկտեղ նա չափազանց կոռումպացված է, և նրա ավտորիտար ռեժիմը մարդու իրավունքների ոլորտում ունի աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկը: Նախորդ ամիս ոստիկանության աշխատակիցները, շարունակելով անկախ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների վրա իրենց հարձակումը, խուզարկություն իրականացրեցին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակում, որը հայտնի է նաև որպես Radio Azadliq:
Նրանք առգրավեցին գրասենյակի համակարգիչներն ու փաստաթղթերը և փակեցին գրասենյակը: Գրասենյակի տասնյակ աշխատակիցներ ձերբակալվեցին ու հարցաքննվեցին: Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ կառավարությունը բանտարկել էր հանրահայտ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովային, ով հաղորդումներ էր պատրաստում պարոն Ալիևի ընտանիքի շահավետ բիզնես գործարքների մասին:
Կառավարությունը սկզբնական շրջանում փորձեց ահաբեկել ու շանտաժի ենթարկել նրան, սակայն հետագայում հարվածեց նրան Օրուելյան լիցքով՝ նրան մեղադրելով սիրեցյալին ինքնասպանության դրդելու մեջ: Ռեժիմի մեկ այլ քննադատ, հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսը կալանքի տակ է պահվում ապրիլից՝ իր ամուսին Արիֆ Յունուսի հետ միասին:
Բնականաբար, պարոն Ալիևը միայն բռնապետ չէ, որի խելամիտ քաղաքականությունն ու բնական պաշարների վրա վերահսկելը բախվել են ամերիկացի ու եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, ինչը WikiLeaks-ում տեղ գտած հաղորդագրությունում ներկայացվում է որպես «ԱՄՆ-ի ու շահերի ու ամերիկյան արժեքների միջև ընտրություն»:
Նրա հայր Հեյդար Ալիևն «երկաթե ձեռքով» Ադրբեջանը ղեկավարել է 1969 թվականից մինչև 2003 թվականին իր մահը՝ հանդիսանալով սկզբնական շրջանում որպես խորհրդային առաջնորդ, ապա և՝ Ադրբեջանի նախագահ: Որդին երեք կասկաածելի ընտրությունների միջոցով նպաստել է Ադրբեջանի նավթային հարստության զարգացմանը, ինչն անշեղորեն կառուցված է հոր անհատական պաշտամունքի վրա:
Արևմուտքը պետք է հասկանա, որ ավտորիտար պարոն Ալիևն իրական պարոն Ալիևն է: Այն ժամանակ, երբ նա շարունակում է իր հակառակորդներին ու ազատության յուրաքանչյուր դրսևորում կործանելու կամպանիան, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար պետք է ավելի հստակեցվի, թե ինչի հետ գործ ունեն, և չնայած նրան, որ նրանք հարկադրված են գործ ունենալ նրա (Ալիևի) հետ, նրանք որևէ պատրանք չեն տածում, թե ով է նա, և որ նա մեծապես վնասում է իր երկրին»: