«Այս եղանակով հարց լուծելը մենք պիտի որ թողած լինեինք Սովետական Միությունում». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը:
Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը դատարանում ասաց, որ արդարացում է պահանջում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի ապօրինի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանն ասաց, որ ներկայացված ապացույցները, որոնցով փորձել են հիմնավորել իր մեղավորությունը, հիմնավորել են իր տեսակետը, որ սա քաղաքական հետապնդում է: «Ես պահանջում եմ արդարացնել, ազատ արձակել ու քաղաքական այս հետապնդումը դադարեցնել, որովհետև այս եղանակով հարց լուծելը մենք պիտի որ թողած լինեինք Սովետական Միությունում»,- ասաց նա: Նա ևս մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ ու դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն ասաց, որ մեծ ակնկալիքներ չունի, որ վերաքննիչ դատարանը կբավարարի արդարացման իր պահանջը. «Այնպես չէ, որ կապված է ձեր անձի հետ (նկատի ունի գործով դատավորներին.- Օ. Հ.): Քաղաքական գործ է, վերևից ինչպես կասեն՝ այնպես էլ կլինի: Վստահ եմ սրանում: Ուղղակի պրոցեդուրա է, պետք է անցնենք»: Ամբաստանյալն ասաց, որ թե՛ նախաքննության, թե՛ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել: Ավետիս Ավետիսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման:
Նրանց փաստաբանն էլ ասաց, որ դատավճռից երևում է, որ դատարանը դեռևս փաստական հանգամանքների հաստատման փուլում որոշ հանգամանքներ որակել է՝ որպես խուլիգանության կատարման նախապատրաստում, փայտյա մահակների օգտագործում՝ որպես զենք, հավաքի մասնակիցների գործողությունները որակել է՝ որպես հասարակական կարգի խախտում, խուլիգանություն, իսկ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները՝ որպես խուլիգանության խափանում. «Այնինչ նման որակումները կարող էին և պետք է տեղ գտնեին միայն դատավճռի՝ դատարանի իրավական վերլուծությունները հատվածում: Մասնավորապես, դատարանը դատավճռի տվյալ հատվածում հստակ պետք է նշեր այն փաստը կամ փաստերը, որոնց վերլուծության հիման վրա հանգել է եզրակացության՝ խուլիգանության առկայության մասին: Դատավճռում նման վերլուծության բացակայությունն անհիմն է դարձնում Ավետիսյանի, Հարությունյանի և Մնացականյանի գործողություններում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության մասին դատարանի եզրակացությունը: Դատավճռում արտացոլված չէ նաև դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը: Ավելին, դատավճռում հաստատված փաստական հանգամանքների քրեաիրավական վերլուծությունը հանգեցնում է ճիշտ հակառակ՝ Ավետիսյանի, Հարությունյանի և Մնացականյանի գործողություններում խուլիգանության հանցակազմի բացակայության մասին եզրակացության»:
Փաստաբանն ասաց, որ իր երեք պաշտպանյալների գործողությունները խուլիգանության հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում. «Այդ կապակցությամբ հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խուլիգանության հանցակազմը չի ներառում ձերբակալման ընթացքում ձերբակալումից խուսափելուն ուղղված ձերբակալվողի գործողությունները և դրանց արդյունքում՝ ձերբակալումն իրականացնող իշխանության ներկայացուցիչներին վնաս պատճառելը: 05.11.2013թ. միջադեպի տեսագրության ուսումնասիրությունից երևում է, որ Ավետիսյանին, Հարությունյանին և Մնացականյանին մեղսագրվող գործողությունների կատարումը սկսվել է երթը սկսելուց հետո՝ այն պահին, երբ Ոստիկանության աշխատակիցները փորձել են խափանել երթը՝ երթի մասնակիցների կողմից թույլ տրված երրորդ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի խախտման բացակայության պայմաններում: Նման պայմաններում Ոստիկանության աշխատակիցների, այդ թվում՝ սույն քրեական գործով տուժողներ Վարդան Գևորգյանի, Գեղամ Խաչատրյանի, Էդգար Ալեքսանյանի և Արթուր Վարդգեսյանի կողմից երթի խափանումը ոչ իրավաչափ էր, այդ իրավիճակն Ավետիսյանի, Հարությունյանի և Մնացականյանի կողմից դիտվել է՝ որպես ոտնձգություն երթի մասնակիցների, հավաքի կամ երթի ազատության իրավունքի դեմ, և գնահատվել է՝ որպես հավաքի ազատության իրավունքի խախտում, որն առաջ է բերել այդ իրավունքի պաշտպանության անհրաժեշտություն: Այսինքն՝ Ավետիսյանը, Հարությունյանը և Մնացականյանը գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»: Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանյալներին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում