Հայաստանի ավտոապահովագրողների թիվը մեկով պակասել է
Հայաստանի ավտոապահովագրողների թիվը պակասել է մեկով: «Գարանտ-Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, դադարել է նաև նրա անդամությունը Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյին։ Այժմ շուկայում մնացել են 6 ապահովագրողներ՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ընկերությունները:
Ըստ Բյուրոյի տվյալների՝ 2014թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450,479, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 1615-ով:
Նոյեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 732 մլն դրամ, ինչը հոկտեմբեր ամսվա համեմատ նվազել է մոտ 282 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է` կազմելով 3,989 դիմում, նախորդ ամսվա 4,859-ի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 45,683, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 3,900-ով (2013 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ցուցանիշը եղել է 49,565)։ Հատուցման միջին չափը 2014թ. նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195,093 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 59%, նախորդ ամսվա 60%-ի փոխարեն։