Բաժիններ՝

Ավելի լավ է կանայք սերիալ նայեն, քան ամբողջ օրը հարևանից ու բարեկամից բամբասեն. Գայանե Մկրտչյան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Մկրտչյանն, անկախ տարիքից ու ստեղծագործական փորձից, մինչ այսօր շարունակում է սովորել: Ինքնաքննադատությամբ է մոտենում իր յուրաքանչյուր դերին, շարժին ու խոսքին: Դերասանուհուն պարբերաբար հանդիպում ենք նաև սերիալներում: Նա այսօր էլ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Ամնեզիա» սերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին անդրադարձավ ժամանակակից թատրոնի խնդիրներին:

-Ժամանակակից բեմարվեստը, թատերարվեստն ի՞նչ խնդիրներ ունի: Հանդիսատեսի բացակայություն նկատվո՞ւմ է թատրոններում:

-Այսօր թատրոնը հանդիսատեսի առումով ճգնաժամ է ապրում: Թատրոնի մեծագույն խնդիրը դահլիճներ լցնելն ու թատրոնի կարիքը զգացնել տալն է: Սունդուկյան թատրոնը մեծ թատրոն է, դերասանական հսկա խումբ ունի, լավ ներկայացումներ, բայց պետք է կարողանալ հանդիսատեսի մեջ թատրոնի նկատմամբ սեր մտցնել, դեպի թատրոն բերել: Նախկինում այդ խնդիրը չկար, կազմակերպություններն իրենք էին գալիս, խնդրում, տոմսեր վերցնում: Ժամանակները փոխվել են, թատերասեր հանդիսատեսը նվազել է: Նաև մեծ գործարաններ, արհմիություններ չունենք: Այդ միություններն այն ժամանակ տոմսեր էին գնում ու նվիրում աշխատակիցներին՝ մասնակից լինելով իրենց աշխատակցի հանգստին ու արվեստի հետ շփմանը: Թատրոնի մեջ կա երգ,երաժշտություն, խոսք, պար: Սա սինթեզված արվեստ է: Մարդը գալուց հետո է հասկանում, թե ինչ հրաշալի բանի ականատես է եղել: Օրինակ, երբ պրեմիերաների դեպքում որոշակի քանակով հրավիրատոմս ենք ունենում ու հրավիրում մեր մտերիմներին, նրանք հիացած և տպավորված են գնում: Ափսոսում են, որ մինչ այդ բեմարվեստով չեն հետաքրքրվել:

-Միգուցե ֆինանսական խնդիրնե՞րն են պատճառը, որ մարդիկ չեն կարողանում նույնիսկ մեկ կամ երկու տոմս ձեռք բերել:

-Այդ պատճառն առաջնային չէ: Մարդիկ շատ և շատ այլ ծախսեր են անում դրսերում: Իհարկե, ֆինանսը առաջին անհրաժեշտ պայմանն է: Համաձայն եմ, որ շատերն ունեն այդ ֆինանսի խնդիրը, չեն կարող իրենց չնչին աշխատավարձից հատկացնել նաև հոգևոր սնունդ ապահովող ժամանցին, բայց շատերն էլ այդ գումարի քառակին ծախսում են ոչինչ չտվող բաների վրա:

-Տիկին Գայանե, անտրեպրիզային ներկայացումներ Երևանում հաճախ են լինում, և բոլորն էլ՝ լեփ-լեցուն դահլիճներով: Եվ դա այն նույն ընթացքում, երբ խաղացանկային ներկայացումներին քիչ թվով աթոռներ են զբաղված լինում: Բայց չէ՞ որ մասնավոր ներկայացումները կրկնակի, եռակի թանկ են: Ճաշակի, արժեքների փոփոխությո՞ւն է տեղի ունեցել:

-Անկասկած, այսօր ճաշակային դաշտի փոփոխություն է տեղի ունենում: Դա ամենուր է, բոլոր բնագավառներում: Եվ հետո, ցուցամոլությունը մեր մեջ շատ է մեծացել: Անգամ թատրոն գնալուց մարդիկ ուղղորդվում են հետևյալ սկզբունքով. մասնավոր ներկայացում է, այնտեղ հրավիրված են այս կամ այն հայտնի մարդիկ, գնամ, որ ինքս էլ լինեմ նրանց կողքին: Մարդկանց շոյում ու գայթակղում է սեփական անձը կարևորելու երևույթը: Ամուսինս «Երկրաշարժ» օպերան վերաբեմադրում է տարին մեկ անգամ՝ երկրաշարժի օրը: Տարին մեկ անգամ են խաղում, պատկերացնո՞ւմ եք: Բայց չէ՞ որ դա օպերա է, Ա. Տերտերյանի օպերան: Բայց, արի ու տես, որ դահլիճը դժվարությամբ է լցվում:

-Ինչը չեք ասի ռաբիս համերգների կազմակերպման ժամանակ:Միգուցե գովազդի՞ խնդիր է:

-Դե, այդ համերգների մասին չխոսենք, «պայթում» է դահլիճը: Գովազդն, իհարկե, շատ գործող է, ենթագիտակցությանդ վրա մեծ ազդեցություն է ունենում: Երբ գնում ես խանութ, ձեռքդ ինքնաբերաբար տանում ես այն բանին, ինչն էկրաններից ուղեղիդ մեջ ավելի խորն է «մտել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս