Ո՞ւմ են ձեռնտու ազատամարտիկների և այլ գործիչների վրա կատարվող հարձակումները՝ ըստ Խոսրով Հարությունյանի

Բռնության ճանապարհով քաղաքական խնդիր լուծելն ու քաղաքական նպատակներին հասնելը դատապարտելի է: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով վերջերս տարբեր հասարակական, քաղաքական գործիչների և որոշ ազատամարտիկների վրա կատարված հարձակումների մասին:

Ըստ նրա՝ այս ամենում ամենաքիչը շահագրգռված են իշխանությունները, որովհետև այդ գործողություններով ներքաղաքական կյանքը փորձում են բորբոքել. «Հարկավոր է հարց տալ՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Ես ասում եմ՝ իշխանություններին ձեռնտու չէ որևէ պարագայում: Նման պարագաներում ներքաղաքական վիճակը լարել, որևէ կերպ չի տեղավորվում Հանրապետական կուսակցության հետաքրքրությունների մեջ: Հավանաբար, սրանք այն ուժերն են, որոնք շատ կցանկանային, որ ներքաղաքական կյանքը թևակոխեր անկառավարելի մի պրոցես: Դա հեռանկար չունի»:

Այս բոլոր դեպքերի մեջ Խ. Հարությունյանը կապ տեսնում է: Ըստ նրա՝ դա նույն ուժի, նույն դերակատարի ձեռագիրն է. «Նրան պետք է, որ ներքաղաքական կյանքը խառնվի, իսկ հիմա շատ հեշտ է ցեխը շպրտել իշխանությունների վրա և դրանով ապահովել հավելյալ աուդիտորիա»:

Դիտարկմանը՝ մամուլում շատ հրապարակումների համաձայն՝ այս ամենի հետևում կանգնած է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, որին, ի դեպ, ազատամարտիկները պահանջում են պաշտոնանկ անել, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես ոչ մի ձև չեմ ուզում մեկնաբանել, մանրամասներին տեղյակ չեմ: Ես փորձում եմ կոնկրետ քաղաքական գնահատականներ տալ կոնկրետ փաստերով՝ չանձնավորելով այս պրոցեսը որևէ կերպ: Հիմա քրեական գործ է հարուցված, ես համոզված եմ՝ իշխանությունները հետամուտ կլինեն քրեական գործի բացահայտմանը: Սա ուղղակի բխում է իշխանությունների շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս