Վարկ վերցնենք, քանի տալիս են

Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լրջորեն քննարկվում էր այն հարցը, թե արդյոք արժե՞ վավերացնել միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված 7 վարկային պայմանագրեր, որոնց արդյունքում Հայաստանը ստանալու է 283,5 միլիոն դոլարի վարկ:

Պատկերացնո՞ւմ եք` այդքան գումար ստանալու ենք ընդամենը յոթ քվեարկության արդյունքում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեժ քննարկումներ էին ծավալվել. որոշ ընդդիմադիր պատգամավորներ ասում էին, որ չի կարելի այդ գումարը վերցնել, որովհետև դրա արդյունքում ավելանում է մեր արտաքին պարտքը, մյուսները դեմ էին, քանի որ նրանք կարծում են, որ վարկային գումարները չեն ծառայելու իրենց նպատակին, կամ հարց էին տալիս, թե ինչո՞ւ ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանը վարկ չի վերցնում Ռուսաստանից:

Ի վերջո, հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորների կողմ քվեարկությունների շնորհիվ` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն տալ բոլոր յոթ պայմանագրերին էլ և դրանք դրական եզրակացությամբ ուղարկել խորհրդարան: Այս պայմանագրերը կքննարկվեն դեկտեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում, և այնտեղ հավանության արժանանալուց հետո Հայաստանը կստանա այդ 283,5 միլիոն դոլարի վարկային միջոցները: Իսկ ի՞նչ վարկերի մասին է խոսքը:

Առաջին վարկային պայմանագիրը` «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքային վարկը», ստորագրվել է ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014թ. հունիսի 24-ին` Երևանում, և հունիսի 27-ին` Լյուքսեմբուրգում: Այս պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանը կստանա 25,5 միլիոն դոլարի վարկ, որն ուղղված կլինի փոքր քաղաքներում և համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը:

Կարդացեք նաև

Մյուս պայմանագիրը կոչվում է «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ», կամ, ինչպես ասում է պայմանագիրը ներկայացնող Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը` բյուջեի համալրման վարկ: Այս պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. նոյեմբերի 14-ին, որի արդյունքում Հայաստանը կստանա 75 միլիոն դոլարի վարկ: Ըստ փոխնախարար Սաֆարյանի` այդ միջոցները կուղղվեն 2014թ. բյուջեով նախատեսված ծախսերի իրականացմանը:

Մյուս վարկերը նախատեսված են էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերանորոգման, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ավելացման, արտահանման խթանման, Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակների համար: Մի խոսքով, եթե դատելու լինենք դրանց անվանումներից, դրանք բոլորն էլ չափազանց անհրաժեշտ ու կարևոր վարկեր են, որոնք ուղղված են ՀՀ զարգացմանը, ՀՀ քաղաքացիներին ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը:

Բայց, ինչպես նշեցինք, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում միայն ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորներն էին կողմ քվեարկում այս համաձայնագրերի վավերացմանը: ՕԵԿ խմբակցությունից` Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից` Նիկոլ Փաշինյանը, և «Ժառանգությունից»` Ալեքսանդր Արզումանյանը կամ դեմ էին այս պայմանագրերի վավերացմանը, կամ չէին մասնակցում քվեարկություններին:

Ինչու են հայ պատգամավորները դեմ, որ Հայաստանը միանգամից 283,5 միլիոն դոլարի վարկ ստանա: Ամենաընդհանուր հիմնավորումն այն է, որ վարկերը չեն օգտագործվում ըստ նպատակի: Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, իսկ քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ:

Արզումանյանն ասում է, որ եթե ԵՏՄ-ն այդքան լավ միջազգային կազմակերպություն է, ինչո՞ւ Հայաստանը վարկեր չի ստանում Ռուսաստանից, այլ դա անում է Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցներից: Ա. Արզումանյանը հիշեցրեց, որ նույն Ռուսաստանը Ղրղըզստանին գրեթե 1,2 միլիարդ դոլարի վարկեր ու դրամաշնորհներ տվեց` հանուն նրա, որ այդ երկիրը մտնի ԵՏՄ, իսկ Ուզբեկստանին 900 միլիոնի պարտք զիջեց:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մտահոգված էր Հայաստանի արտաքին պարտքի ավելացմամբ, նա համարում է, որ հավելյալ 300 միլիոն դոլարի ավելացումն արդեն առկա պարտքին ստեղծում է վտանգներ Հայաստանի ֆինանսական համակարգի համար, վատացնում է ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը: Գուրգեն Արսենյանն ասում է, որ ՀՀ պատմության մեջ միայն մեկ-երկու վարկային պայմանագրեր են եղել, որոնցով ստացված ֆինանսական միջոցները տեսանելի արդյունք են տվել:

Դրանցից մեկը, ըստ Արսենյանի, ճապոնական վարկն է, որով կառուցվել է Երևանի ՋԷԿ-ը, որը գործում է, և հնարավոր է, որ այդպիսին լինի Ասիական Զարգացման բանկի հետ կնքած պայմանագիրը, որից ստացված միջոցներով կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը: Մնացած վարկային միջոցները, ըստ Արսենյանի, տեսանելի արդյունք չեն տվել և մեծացրել են Հայաստանի արտաքին պարտքը:

Նիկոլ Փաշինյանն էլ դեմ է այս վարկային ծրագրերին, քանի որ ՀՀ իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ. ոչ լեգիտիմ իշխանությունները, ըստ նրա, չեն կարող վարկերն օգտագործել Հայաստանի զարգացման և շենացման նպատակով, այլ կօգտագործեն իրենց առանձնատների և դղյակների շենացման համար:

Ի վերջո, վերցնե՞լ այս վարկերը, թե՞ ոչ, արդյո՞ք դրանք իսկապես վտանգավոր են Հայաստանի համար և վտանգում են Հայաստանի ապագան, քանի որ հետագայում դրանք պետք է վերադարձնել, իսկ դրա հնարավորությունը կարող է և չլինել:

Նախ` քանի դեռ Հայաստանին վարկ են տալիս, դա պետք է վերցնել, քանի որ վաղը, երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, հնարավոր է` ընդհանրապես զրկվի միջազգային ֆինանսական կառույցներից երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորությունից, ինչը տեսնում ենք Ռուսաստանի դեպքում: Ինչ վերաբերում է վարկերի օգտագործման արդյունավետությանը, ապա պարզ է, որ դրանց մի մասը յուրացվում է, բայց մի մասը ծառայում է իր նպատակին:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մոտավորապես այդպիսի մի օրինակ բերեց. նա ասում է, որ եթե այդպես մտածելու լինենք, ուրեմն պետք է ընդհանրապես հարկեր չհավաքվեն, և բյուջե չլինի, քանի որ ինչ-որ մարդիկ կարծում են, որ բյուջեի գումարները ևս արդյունավետ չեն ծախսվում:

Տեսանյութեր

Լրահոս