Ատոմակայանի տնօրենը աշխատանքից ազատվել է, փոխտնօրեններից մեկը կալանավորված է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:
Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա»։
ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Դատարանը հաստատել է նրա կալանքի որոշումը: Ընթանում է նախաքննություն»,- հայտնեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, սակայն չհայտնեց, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀԱԷԿ նախկին փոխտնօրենին:
Վարկածներից մեկը, որը շրջանառվում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երևում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։