«Տարրական խանդի պատճառով՝ եռյակը չմիացավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն երեկ ԱԺ-ում հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությամբ, որը շատ քաղաքագետների կարծիքով՝ ոչ իշխանական եռյակի դեմ ուղղված քայլ էր: Շատերը գտնում են, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցույց տալ, որ եռյակն իսկական ընդդիմություն չէ: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի նախաձեռնությունն արտահերթ կարգով ԱԺ օրակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն, սակայն այդ փաստաթղթի տակ ստորագրել են ընդամենը 3 պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ինչո՞ւ եռյակը չմիացավ այս նախաձեռնությանը, և ինչպե՞ս այն կանդրադառնա եռյակի հետագա գործունեության և վարկանիշի վրա: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նման նախագիծ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանը:

– Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանն ուզում էր բոլորին ցույց տալ, որ եռյակն ընդդիմություն չէ: Իմ կարծիքով՝ հենց սա էր խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց մի գործընթաց, որում, ինքը շատ լավ գիտեր, որ իրեն ոչ ոք չէր պաշտպանելու: Կարելի է ասել՝ ինքն իր կարծիքով՝ բացահայտեց ժողովրդի աչքերում, որ իրականում ընդիմություն չկա, և այդ մասին խոսեց նաև Արտաշես Գեղամյանը:

Իհարկե, ես այդպես չեմ համարում, կարող է մարդ լինել ընդդիմադիր, բայց չուզենա այդ իմպիչմենտի հայտարարության տակ ստորագրել: Դրանով չի որոշվում մարդու ընդդիմադիր լինելը և չլինելը:

Կարդացեք նաև

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ եռյակը չմիացավ այդ նախաձեռնությանը: Արդյոք արդարացի՞ է եռյակը՝ ասելով, թե իրենք գործընթաց են սկսել, ու ճիշտ չի լինի փոխել իրենց պլանները:

– Ամենաառաջինը, որ ՀՀ-ի պարագայում հայերիս մեջ կա, դա տարրական խանդն է: Ո՞նց կարելի է՝ եռյակը նախաձեռնի, և ընդդիմության առաջնորդ, կարևորագույն դիրք զբաղեցնի Նիկոլ Փաշինյանը:

Երկրորդն այն է, որ մեր ընդդիմություն կոչվածը, այսինքն՝ եռյակը, ցանկություն չունի ֆորսմաժորային, շատ բարդ իրավիճակներ ստեղծել երկրի ներսում: Եթե իրենք կողմ էլ են իշխանափոխության, ապա՝ ոչ երկրի ներքին կյանքը խաթարելով: Իսկ իմպիչմենտի գաղափարն ավելի շատ կարելի է օգտագործել այն երկրներում, որոնք չունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին ունի ՀՀ-ն՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում: Դրանից ամենաառաջինը կօգտվեն մեր թշնամիները և բոլոր մեր այն գործընկերները, որոնք դրա մեջ կտեսնեն Սերժ Սարգսյանի սարսափելի թուլությունը:

– Այսինքն՝ այդ իշխանափոխության կոչերը, որ անում է եռյակը, Սերժ Սարգսյանին չի՞ վերաբերում:

– Իհա՛րկե չի վերաբերում: Իրենք երբևիցե չեն ասել՝ նախագահը թող հրաժարական տա:

– Նախագահի անունը չեն տվել, բայց ասում են՝ ամբողջական իշխանափոխություն, դա ի՞նչ է ենթադրում:

– Իրենք ասում են՝ արտահերթ Ազգային ժողովի ընտրություններ: Կարող է՝ ԱԺ-ի ընտրությունների արդյունքը լինի բարվոք իրենց համար, և նրանք շարունակեն համագործակցել նախագահի հետ, ինչպես ժամանակին դա անում էր Ռոբերտ Քոչարյանը 4՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, կոալիցիոն ուժերի հետ միասին:

– Ձեր ասելով՝ ստացվում է՝ Ն.Փաշինյանի նպատակն էր՝ բացահայտել, որ եռյակն իրական ընդդիմություն չէ: Հիմա, երբ եռյակը չմիացավ այդ նախաձեռնությանը,  Ն. Փաշինյանը հասա՞վ իր նպատակին, ու արդյոք հասարակության մոտ հիասթափություն կառաջանա՞ եռյակի նկատմամբ:

– Հասարակության մոտ ընդհանրապես շատ մեծ հիասթափություն կա ընդդիմության նկատմամբ:  Խնդիրն այն է, թե հաջորդ գործընթացն ինչպիսին կլինի: Իշխանությունն էլ միամիտ չէ, և նրանք միշտ էլ շատ հեշտ են հաղթանակ տարել ընդդիմության նկատմամբ շատ դեպքերում, և դա միշտ պայմանավորված է եղել մեր ընդդիմության պառակտված լինելու հանգամանքով: Եթե Նիկոլ Փաշինյանն ունեցել է այդ ցանկությունը, որ բացահայտի, իհարկե, սա ևս մեկ հարված կլինի ընդդիմությանն ընդհանրապես:

– Իսկ ընդհանրապես, ինչքանո՞վ եք իրատեսական համարում նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը, ու արդյոք կա՞ն բավարար հիմքեր:

– Ես ՀՀ-ի պարագայում շատ քիչ եմ հավանական համարում, որ հաջողություն կունենան այն գործընթացները, որ իշխանություններին զրկեն իշխանությունից: Մեզ մոտ այդ պրակտիկան բացարձակ չկա: Իսկ պատճառներ, եթե ման գան, շատ լավ կգտնեն: Շատ կարևոր է, որ ընդդիմությունը մի քիչ խելացի գործի և ինքը իրեն վատ վիճակում չդնի, չհայտարարի տաք և բուռն աշուն: Որտե՞ղ է այդ տաք և բուռն աշունը:

– Եթե անգամ չիրականանա այդ գործընթացը, ինչպե՞ս կարող է ազդել նախագահի վարկանիշի վրա:

– Նախագահը շատ լավ գիտի, որ իր վարկանիշը շատ բարձր չէ, ինքը շատ լավ գիտի՝ իր վարկանիշն ինչքան է, թեկուզ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ինքը պարտվեց գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: 2013 թվականից հետո իշխանությունները ոչինչ չեն արել, որպեսզի նախագահի վարկանիշը բարձրանա: Եթե որևէ երկրում բնակչության 40%-ից ոչ պակասն ապրում է աղքատության շեմին կամ ավելի ներքև, այդ երկրում իշխանությունը չի կարող բարձր վարկանիշ ունենալ:

Այնպես որ, քիչ թե շատ, վարկանիշին կխփի, բայց որ ասեմ՝ այդպես գլոբալ փոփոխություններ կլինեն այդ իմպիչմենտի հայտարարելուց հետո նախագահի վարկանիշի պահով, ոչ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս