
ԵՄ-ը մինչև 2017 թվականը Հայաստանին կհատկացնի ավելի քան 140 միլիոն եվրո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պլանավորում է մինչև 2017 թվականը Հայաստանին հատկացնել ավելի քան 140 միլիոն եվրո: Դա իրականացվելու է «Արևելյան գործընկերության» շրջանակներում և նախատեսված է լինելու տարբեր ծրագրերի համար, որոնք առնչվում են նաև պետական ոլորտին, փոքր բիզնեսին ու գյուղատնտեսությանը:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում: Եվրահանձնաժողովն ու Հայաստանը երեկ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել՝ ստեղծելու համար Միասնական աջակցության մեխանիզմ (Single Support Framework), որը նախատեսում է 2014-2017 թվականներին երկրին հատկացնել 140-170 միլիոն եվրո:
Այդ միջոցները հիմնականում կուղղվեն բարեփոխումներին աջակցելուն, ներառյալ նաև պետական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև մասնավոր սեկտորն ու արդարադատությունը:
Այս տարվա մնացյալ ժամանակահատվածում Եվրահանձնաժողովը պլանավորում է աջակցման այդ մեխանիզմից հատկացնել 19 միլիոն եվրո: Միջոցները նախատեսված են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ու փոքր բիզնեսի զարգացման համար:
Օգնության այդ ծրագրից բացի, Եվրահանձնաժողովը մտադիր է 25 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ գյուղատնտեսական շրջաններն ու գյուղատնտեսությունը զարգացնելու համար: