Աշխարհիկ Ադրբեջանը՝ «իսլամական պետություն»…
«1991 թվականից իսլամն Ադրբեջանի համար սկսեց դիտարկվել` որպես մշակութային և հոգևոր արժեքների բաղկացուցիչ: Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում Ադրբեջանի ազգային տեսլականում և հասարակական ընկալումներում իսլամը դեռևս լուսանցքային էր: Մինչդեռ այսօր իսլամն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի լուրջ գործոն է»,- ասում է արաբագետ Արաքս Փաշայանը: Վերջերս լույս է տեսել նրա «Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան» մենագրությունը, որում հանգամանորեն ներկայացված է իսլամի դերակատարությունն Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ:
– Ժամանակի ընթացքում, սակայն, իսլամի դերն այդ երկրում աճեց, ինչպես աճում է, թերևս, ողջ աշխարհում: Որո՞նք են կրոնական ակտիվության մոտիվները:
– Իսլամական վերածննդի համար նպաստավոր եղան Ադրբեջանում շատուշատ գործոններ` սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները, մասնավորապես` ավտորիտար վարչակարգի առկայությունը, խոսքի և դավանանքի ազատության հարցում առկա խստագույն սահմանափակումները, կրոնական և աշխարհիկ վերնախավերի` միմյանց հետ սերտաճած լինելու հանգամանքը, ինչպես նաև` հետանկախության շրջանին բնորոշ վայրիվերումները, բարոյական, հոգևոր և գեղագիտական արժեքների ձևափոխումները, նոր արժեքների փնտրտուքը:
Բացի այդ, անկախության ձեռքբերումից հետո ավանդական և հնացած մեթոդներով առաջնորդվող «պաշտոնական իսլամի» ներկայացուցիչները չկարողացան համարժեքորեն արձագանքել ժամանակի պահանջներին, որին հակակշիռ սկսեցին մեծ ժողովրդականություն վայելել իսլամը նոր լույսի ներքո լուսաբանող թե՛ օտար, թե՛ ադրբեջանցի կրոնական քարոզիչները: Արդյունքում` աստիճանաբար սկսեց ընդլայնվել կրոնական և կրոնաքաղաքական ակտիվությունը: Սոցիալական և քաղաքական սուր խնդիրներին անմիջականորեն սկսեցին արձագանքել իսլամական ակտիվիստները:
– Հատուկ գլխով անդրադարձել եք Հեյդար Ալիևի կառավարման ընթացքում իսլամին տրված դերին՝ որպես ազգային նախագիծ: Սա նշանակո՞ւմ է, որ կրոնը ծառայում է իբրև գործիք, ընդ որում, աշխարհիկ գործիք:
– 1993թ. գալով իշխանության՝ Հ.Ալիևը մշակեց Ադրբեջանի ազգային նոր տեսլականը, այդ թվում` ադրբեջանական ինքնության հայեցակարգը: Ալիևը փորձեց ստեղծել «ադրբեջանական իսլամի» բրենդը և ձերբազատել այն օտար ազդեցություններից (մասնավորապես` թուրքական, պարսկական և արաբական)` դարձնելով ինքնուրույն և ազգային: Ալիևը գիտակցում էր, որ թյուրքականությունը կարող է նեղացնել Ադրբեջանի նշանակությունը: Դա էր պատճառը, որ Ադրբեջանը, որպես արդիականացվող պետություն, սկսեց ներկայացվել նոր իմիջով:
Ալիևի շրջանում իսլամին նոր նշանակություն տրվեց. զարկ տրվեց մզկիթաշինությանը, իսլամական ծիսական-պաշտամունքային կյանքը սկսեց աշխուժանալ: Պետությունն աջակցեց պաշտոնական իսլամական ինստիտուտներին` ոչ պաշտոնական իսլամի և արտաքին կրոնական ներթափանցումների դեմ պայքարելու հարցում: Կանոնակարգվեցին պետություն-կրոն հարաբերությունները:
– Իսլամադավան երկրները, թվում է՝ միմյանց հետ կրոնական ամուր կապերով են կապված: Սակայն հենց մուսուլմանների ներսում կան դավանաբանական տարաձայնություններ, որոնք հանգեցնում են ընդհուպ արյունալի բախումների: Կան աշխարհաքաղաքական, երբեմն՝ միմյանց հակոտնյա բախումներ: Այդ դեպքում, ստացվում է, որ իսլամի դերն իսլամադավան պետությունների համար շաղկապող և դոմինանտ համարելը չափազանցություն է:
– Կան հարթակներ, ինչպես, օրինակ՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, որտեղ իսլամական համերաշխության գաղափարն աշխատում է: Այստեղ մուսուլմանական երկրները փորձում են միասնական դիրքորոշում որդեգրել իրենց հուզող խնդիրների շուրջ: Բոլորին միավորում է կրոնը, իսկ իսլամն ազգություն չի ճանաչում: Սակայն իրականում իսլամական աշխարհը մասնատված է: Այսօր լուրջ հակասություններ կան սուննիական և շիայական աշխարհաքաղաքական ուժերի ու դաշինքների միջև: Արևմուտքը և այլ ուժային կենտրոններ լավագույնս օգտագործում են այդ երկփեղկվածությունը:
– Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության մեջ որքանո՞վ է մեծ իսլամի գործոնը:
– Նույն Իսլամական համագործակցություն կազմակերպությունը 1990-ականներից ի վեր անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` որդեգրելով ընդգծված հակահայկական կեցվածք: Իսլամական բոլոր պետություններն այս ակումբում սատարում են Ադրբեջանին: Ադրբեջանը լայնորեն համագործակցում է միջազգային իսլամական ամենատարբեր կառույցների հետ` ցանկանալով ամեն կերպ ստանալ իսլամական աշխարհի աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում:
– Դեռևս 2006 թ. Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ պատրաստ է սրբազան պատերազմ հայտարարել՝ վերադարձնելու հայերի կողմից «գրավյալ տարածքները»: Եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի աշխարհիկ ղեկավարության ռազմական հռետորաբանությունը, որքանո՞վ եք հավանական համարում, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի կարող ներկայացվել՝ որպես միջկրոնական խնդիր՝ ներգրավելով իսլամադավան այլ երկրներ:
– Փաշազադեն այդպես հայտարարեց` իր հեղինակությունն ամրապնդելու համար: Մինչ օրս այս հարցն Ադրբեջանում առավելապես դիտարկվել է` որպես էթնոքաղաքական հակամարտություն, սակայն ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել: Այսօր Ադրբեջանում կան իսլամական կրոնաքաղաքական պահպանողական և ծայրահեղական ուժեր, ովքեր կողմ են խնդրի ռազմական լուծմանը, ինչպես նաև` հարցն այլ հարթություններ տեղափոխելուն: Սիրիական ճգնաժամը և ադրբեջանցի մոջահիդների մասնակցությունը զինված հակամարտություններին նպաստեց, որպեսզի Ղարաբաղյան հարցը նորանոր քննարկումների առարկա դառնա: Ադրբեջանական հասարակությունը ցանկանում է, որ մոջահիդները կռվեն Ղարաբաղի համար: Ընդհանրապես «մարտնչող իսլամն» Ադրբեջանում որոշակի հիմքեր ունի:
– Մենագրության մեջ նկատել եք, որ անկախացումից հետո Ադրբեջանը դարձավ թիրախ՝ արտաքին իսլամական ներթափանցումների համար: Եվ, որ Իրանի, Թուրքիայի, արաբական առանձին պետությունների համար Ադրբեջանը դարձավ շիա և սուննի իսլամի քարոզչության պարարտ հող: Միջկրոնական տարաձայնությունների, բախումների հավանականությունն Ադրբեջանին սպառնո՞ւմ է:
– Արտաքին կրոնական ազդեցությունները լուրջ մարտահրավեր էին Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Չնայած պետության հակազդեցությանը, դրանք էականորեն նպաստեցին այդ երկրում իսլամական վերածննդին և իսլամական գործոնի ակտիվացմանը: Ներկայումս որքան էլ Բաքուն կարողանա հակազդել, արտաքին կրոնական ազդեցությունները զգալի են: Կարծում եմ` Ադրբեջանում աստիճանաբար հասունանում է ոչ միայն որոշակի լարվածություն միջկրոնական դաշտում, այլև հնարավոր է` իսլամական գործոնի ակտիվացում: Աշխարհիկ համարում ունեցող Ադրբեջանը գնալով վերաճում է «իսլամական պետության»: Այստեղ վաղուց արդեն ստեղծվել են իսլամական ինքնություններ ունեցող սոցիալական տարբեր շերտեր, որի ապացույցն օրինապահ հավատացյալների, այդ թվում` կրոնական գլխաշոր` հիջաբ կրող աղջիկների և կանանց թվի հարաճուն ավելացումն է, հետաքրքրության աճն իսլամի, իսլամական կենսակերպի նկատմամբ, «հալալ սննդի» խանութների հիմնումը և այլն:
– Արձանագրել եք, որ Ադրբեջանի դերն իսլամական աշխարհում զգալիորեն աճել է: Ինչո՞վ է դա պայմանավորված և, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իսլամական երկրների աջակցությունը կարո՞ղ է գործուն նշանակություն ունենալ:
– Ադրբեջանն ամեն ինչ արեց` հասնելու արաբական իսլամական աշխարհի հետ լայն համագործակցությանը: Սկզբում Ադրբեջանը բողոքում էր Հայաստանի և արաբական իսլամական աշխարհի համագործակցության ծավալներից, որոնք գնալով քչացան, իսկ Ադրբեջանինը` ավելացավ: Այս հարցում Ադրբեջանին ոչ պակաս աջակցում է նաև Թուրքիան: Այնուամենայնիվ, Ադրբեջանը որոշ դեպքերում ոչ համարժեք է ընկալվում իսլամական աշխարհի կողմից` հաշվի առնելով իր աշխարհիկ կեցվածքը, Իսրայելի հետ համագործակցությունը և այլն:
– Ձեր ուսումնասիրության նյութն իսլամն է՝ Ադրբեջանում: Իսկ կարո՞ղ եք նկատել, թե Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ինչ դեր է վերապահված կրոնին, մեր դեպքում՝ քրիստոնեությանը, Հայաստանի և քրիստոնյա մյուս պետությունների միջև փոխհարաբերություններում որքանո՞վ է աշխատում քրիստոնեության գործոնը:
– Կարծում եմ` անհամեմատելի վիճակ է: Նույն Արևմուտքն այլևս հետքրիստոնեական է համարվում, փոխարենը` ամբողջ աշխարհում նկատվում է իսլամական գործոնի հարաճուն ակտիվացում: Պատճառներից մեկը կապված է Մերձավոր և Միջին Արևելքում ամերիկյան քաղաքականության, մուսուլմանների շրջանում Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ հարաճուն դժգոհության հետ: Մեծանում է իսլամի դերը ոչ միայն Հին Մայրցամաքում, այլև տարածաշրջաններում ևս: