Հովիկ Աբրահամյան. Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, հոգևոր հայրեր,
տիկնա՛յք և պարոնա՛յք
Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին:
Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և արժևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:
Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները:
Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:
Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:
Կարևորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, և այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակիցների թվի շարունակական ավելացումը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:
Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորու-թյուն¬ները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքա¬կանության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը:
Հարգելի ներկաներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:
Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը:
Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին և հայտնի գործարարներին, ովքեր իրենց ջանասիրությամբ և Հայրենիքի նկատմամբ մեծ նվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և, հատկապես, երիտասարդների համար:
Սիրելի հայրենակիցներ
Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:
Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ և աշխարհասփյուռ հայերին կապում իրար: Անշուշտ, մեզ կապում են միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայց ամենից շատ մեզ կապում է ազատ և անկախ Հայաստանը, ազատ և անկախ Արցախը:
Այսօր Սփյուռքը անկախությունը վերահաստատած Հայաստանի համար դարձել է նյութական ու հոգևոր նեցուկ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդումը և կայուն ու անշեղ զարգացումը։
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները:
Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի և ի շահ համայն հայության:
Շնորհակալություն ուշադրության համար»: