Որոշվեց Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն սահմանել
Այսօր կառավարության նիստում որոշվեց Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն սահմանել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարումը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զեկուցեց, որ նշված տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվություններում կկատարվի ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ: Գյուղնախարարին հանձնարարվեց Արարատյան դաշտի ջրօգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն:
Ըստ Ա.Գրիգորյանի՝ գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սևջուր, Քասախ գետերում այս տարի եղել են 40-50% սահմաններում, ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազաններում: Հիմնականում այն իր բացասական ազդեցությունն է թողնում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես ոռոգման ջրապահանջի բավարարման ժամանակ:
Նրա խոսքով՝ այս որոշումը հնարավորություն կտա վերականգնելու ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնը և մեղմելու ջրօգտագործողների շահերի բախումը, ինչպես նաև օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսն առավել արդյունավետ` ի նպաստ հասարակական շահի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ջրի խնդրի կարգավորման հարցը Արարատյան դաշտում և հայտարարեց, որ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրվի իր մոտ: