Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու համար «Ռոսնեֆտի» հետ կապված հույսեր այլևս չունի (տեսանյութ)
«Խաբեբա», «էներգետիկայի խուժան», «ո՞վ ա էդ մարդուն ասել՝ գա, վարչապետը թող գա» արտահայտություններով այսօր Կառավարության շենքի մոտ հերթական անգամ բողոքի դուրս ելած նաիրիտցիները դիմավորեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Գործարանի աշխատակիցներին 45 րոպե սպասեցնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չիջավ բողոքավոր մարդկանց հետ խոսելու: Վարչապետի փոխարեն նաիրիտցիներին այսօր «տուն ուղարկեց» Երվանդ Զախարյանը: Ակնհայտ էր, որ նախարարը հուզված էր և պարտադրված էր իջել ցած: Ակցիայի մասնակիցների դժգոհ վանկարկումներին ի պատասխան՝ նա հորդորում էր՝ «Լռե´ք, բոլոր հարցերին կանդրադառնամ»:
Եվ այսպես, ի՞նչ խոստացավ նախարարն այս անգամ. մինչև սեպտեմբերի 15-ը վճարել 1 ամսվա աշխատավարձի պարտքը և ներկայացնել առաջարկների փաթեթ «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ:
«Անցած հանդիպման ժամանակ վարչապետի և իմ կողմից եղավ առաջարկ, որ մինչև սեպտեմբերի 15-ը ներկայացնենք «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշակի առաջարկներ: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրման աշխատանքներն ամփոփվում են, և, ինչպես խոստացել էինք, որոշակի առաջարկությունների փաթեթ արդեն ձևավորվում է: Ամսի 15-ի շրջանում՝ 14-ին, 15-ին, 16-ին, այդ փաթեթը կներկայացնենք ձեզ»,- ասաց Զախարյանը:
Ե. Զախարյանը խոստովանեց, որ ՀՀ կառավարությունն այլևս «Ռոսնեֆտի» հետ կապված հույսեր անգամ չունի, և պետք է այլ ճանապարհ գտնել «Նաիրիտը» վերագործարկելու համար: «Մենք խոստացել էինք, որ մինչև օգոստոսի վերջ «Ռոսնեֆտից» մոնիտորինգի արդյունքներ և որոշակի առաջարկություններ պետք է լիներ: Ես ափսոսում եմ, որ «Ռոսնեֆտի» կողմից նման առաջարկություններ այսօրվա դրությամբ չկան, և ինձ թվում է, որ «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը չպետք է կապենք միայն «Ռոսնեֆտի» հետ: Մենք պետք է ինքներս լուծում ունենանք»,- ասաց Զախարյանը:
Նախարարի հեռանալուց հետո նրա «սուտն արձանագրեց» նաև «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ փաստելով, որ ոչ թե մինչև սեպտեմբերի 15-ն էին խոստացել պատասխանել, այլ մինչև օգոստոսի վերջ: Հետո փորձեց արդարացնել Զախարյանին. «Մամուլով ներկայացրել էր, որ մինչև սեպտեմբերի 15-ը կներկայացնեն վերջնական որոշումը»:
«15-ը սարերի ետևում չի, կսպասենք: Աշխատանքի հետ կապված՝ 4 տարի եթե դիմացել եք, 10 օր էլ կդիմանաք: Ո´չ վարչապետը, ո´չ էլ նախարարը ո´չ ցեխի բանվոր չեն, ո´չ էլ պրոֆմիության նախագահ չեն, որ ինչ-որ բան ասեն, հետո չստացվի ասածները»,- իր գործընկերներին հուսադրեց Թադևոսյանն ու կոչ արեց որևէ կուսակցությունից առաջարկ ստացած մարդկանց չենթարկվել, անօրինական ոչ մի քայլի չգնալ:
Սակայն գործարանի աշխատակիցները դեռ տևական ժամանակ չէին հեռանում Կառավարության շենքի մոտից ու քննարկում էին կատարվածն ու անելիքները: Բոլորի կարծիքը նույնն էր՝ «ոչ մի փոփոխություն չկա, նույն պատմությունն է կրկնվում արդեն 4 տարի»:
«Էս տիպի բաներով մեր պահանջները, բնականաբար, չեն գոհացվի: Առաջնայինը հավաքվածների համար «Նաիրիտի» աշխատելն է: Հիմնական հուզող հարցը գործարանի ճակատագիրն է, բնական է՝ նաև աշխատավարձը. ժողովուրդն ապրել է ուզում, հո օդով չե՞ն սնվում: Ես Երվանդ Զախարյանի ասածների ոչ մի բանին էլ չեմ հավատում: «Ռոսնեֆտը», 4 տարի է, գալիս-գնում է, հերթական հեքիաթներն են, Գյուլնազ տատի հեքիաթներն են: Բայց մինչև Զախարյանի պատմելը՝ էդ հեքիաթները մեզ 20 հոգի պատմել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարանի կաուչուկի արտադրամասի աշխատակից Երեմը:
Նա վստահություն հայտնեց, որ «Նաիրիտը» վերագործարկելը միայն կամքի խնդիր է. «Էս գործարանն էն գործարանն է, որ միշտ հեռանկարային է: Ովքեր ասում են՝ վնասով է աշխատել, չարաչար սխալվում են, որովհետև գումարներն իրանց գրպաններն են գնացել: Պարզապես ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ աշխատի: Իսկ էս մարդիկ էսօր էլ կյանքի գնով աշխատանքի կկոչեն գործարանը»:
Թե ո՞րն է իրական պատճառը, որ նախկին ու ներկա կառավարությունն ամեն կերպ փորձում է հետաձգել գործարանը կրկին աշխատացնելու ժամկետները, ինչն արդեն տարիներ շարունակ հաջողվում է նրանց, թերևս գիտեն շատ նեղ շրջանակի անձինք:
168.am-ը բազմիցս գրել էր, որ «Ռոսնեֆտը» հրաժարվել է «Նաիրիտից»՝ արդարացիորեն չստանձնելով անցած տարիների ընթացքում մութ գործարքների արդյունքում կուտակված միլիոնավոր դոլարների պարտքի բեռը: Փաստորեն, Էներգետիկայի նախարարն այժմ ակամա հաստատեց մեր հրապարակումները:
Ուշագրավ ու տարօրինակ է, որ կառավարությունը ջանում է անտեսել սլովակ ներդրողներին, որոնք, ինչպես գրել էինք նախկինում, պատրաստ են ներդրումներ անել «Նաիրիտում», այցելել են գործարան, մշակել են վերագործարկման ծրագիր, պարտավորվում են մի քանի ամսում արտադրանք տալ ու ոտքի կանգնեցնել գործարանը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ կառավարության ղեկավարը չի ցանկանում հրավիրել և լսել սլովակներին, այն դեպքում, երբ նոր ներդրողներ են փնտրում: Չէ՞ որ ամեն օր չեն ռեալ ներդրողները թակում կառավարության դուռը: