Բաժիններ՝

«Ադրբեջանական անհեթեթ պնդումներին, թե հայերը եկվոր են Արցախում, Տիգրանակերտից ավելի զորեղ փաստարկ չկա»

Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախումբն ավարտեց այս տարվա իր աշխատանքը. արդեն 9-րդ տարին է՝ Հայաստանի Գիտությունների «Ազգային ակադեմիայի Արցախի արշավախումբը Խաչենագետի հովտում պեղում է մ.թ.ա. 1-ին դարում ճերմակ կրաքարից կառուցված Տիգրանակերտ հելլենիստական ժայռափոր քաղաքը: Այս տարվա պեղումների ամենամեծ արդյունքը վաղ քրիստոնեական շրջանի՝ իր տեսակով եզակի դամբարանի հայտնաբերումն էր, որը գտնվել է Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցյալ տարի հայտնաբերված եկեղեցու հետքերով: Իր եզակիությամբ դամբարանը դասվում է Աղցքի արքայական դամբարանի ու Ամարասի Գրիգորիսի մատուռ-դամբարանի շարքում, որոշ մասնագիտական տվյալներով՝ Տիգրանակերտինը նույնիսկ կարող է ավելի նախնական լինել, քան մյուս երկուսն են: «168 Ժամի» հարցազրույցը Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմագիտության դոկտոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ ոչ միայն վերջին պեղման, այլև առհասարակ` ազգային ինքնագիտակցության մեջ վերջին տասնամյակում հայտնված Տիգրանակերտ երևույթի մասին է:

– Պարոն Պետրոսյան, ի՞նչ է զգում հնագետը, երբ պատմական աղբյուրներում հիշատակված և վաղուց կործանված քաղաքի անմիջական հետքն է հայտնաբերում. արդյո՞ք դա աստեղային ժամ է հնագետի համար:

– Գուցե կարելի է աստեղային ժամ համարել, կամ ոմանք ասում են՝ աստվածային նախախնամություն է, բայց, կարծում եմ՝ հնագետի համար առաջնայինը գոյություն ունեցող փաստերը հստակ վավերացնելը, այդ փաստերի շղթան ինչ-որ տրամաբանության բերելն ու դրանց հիման վրա ինչ-որ նախաձեռնություն սկսելն է: Ես, որպես հնագետ, միշտ ասել եմ՝ իմ պրոֆեսիոնալիզմը հերիքում է գտնել այն, ինչ կա, սիրում եմ պահպանել ակադեմիզմը, ավելորդ աղմուկ չեմ սիրում, մանավանդ, սա այնպիսի հարց է, որի մեջ կարելի է քաղաքական շեշտադրումներ փնտրել, և ավելորդ աղմուկը միայն կարող է վնասել: Ես չեմ կարող ակնկալիքներ արդարացնել, այսինքն՝ մի բան գտնել և ներկայացնել` որպես այլ բան. չես կարող մի փոս փորել և հետո խոսել, թե նրա մեջ ինչքան կարևոր բաներ կային, որոնք այժմ չկան:

Փաստագրումն ու վավերացումն այս հարցում ամենաէականն են: Իսկ այն, որ գտնվել է Տիգրանակերտը՝ հայտնի էր հենց սկզբից, երբ մենք առաջին անգամ տարածքում աշխատանքներ սկսեցինք՝ հիմնվելով պատմական աղբյուրների, ճանապարհորդների նկարագրությունների և, ի վերջո, այն փաստի վրա, որ ժողովուրդն այդ տարածքը Տկռակերտ է անվանել: Կարող եմ ասել, որ Տիգրանակերտի տեղը փնտրելն ինչ-որ առումով պատասխան էր 2004թ. Ադրբեջանի Ակադեմիայում Ալիևի արած այն հայտարարությանը, թե հայերն Արցախում եկվոր են, և իրենք բոլոր միջոցները ներդնելու են՝ դա ապացուցելու համար:

Կարդացեք նաև

Եվ այսօր Տիգրանակերտը, անկախ իր պատմական նշանակությունից, անկախ նրանից, թե ինչ եզակի ու մեծ կառույց է, եզակի է նաև այն առումով, որ այդ տարածքները, գոնե Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր, հայկական են կամ եղել են հայկական քաղաքակրթության ուղեծրի մեջ, գուցե մի ժամանակ ետ է եկել, առաջ է գնացել, էթնոմշակութային ալիքներ են եղել, բայց ադրբեջանական անհեթեթ պնդումներին, թե հայերը եկվոր են Արցախում, Տիգրանակերտից ավելի զորեղ փաստարկ չկա:

– Պեղումների սկզբից ոգևորությունը մեծ էր, իսկ այսօր կարո՞ղ ենք ասել, որ Տիգրանակերտը համահայկական նշանակություն է ստացել: Դուք գո՞հ եք հուշարձանի հանրահռչակման աշխատանքներից:

– Երբ պեղումները սկսեցինք, շատերն էին թերահավատորեն մոտենում մեր աշխատանքներին, իսկ մեր որոշ հայ մտավորականների արձագանքներն էլ շատ չէին տարբերվում ադրբեջանական կողմի արձագանքներից: Այսօր հուշարձանը հայտնի է, և աշխարհի մակարդակով համապատասխան մասնագետներ ընդունում և հետաքրքրվում են, բայց այդ ամեն ինչը մեր՝ արշավախմբի ջանքերով է արվել, մենք ենք ներկայացրել Տիգրանակերտը միջազգային գիտաժողովներում, ցուցահանդեսների ենք մասնակցել, հարթակ ենք ստեղծել: Հնագետը չի կարող անվերջ խոսել իր հայտնաբերածի նշանակության մասին, ինքն իր արածի գնահատականը տալ:

Tigranakert (6)

Մինչև հիմա էլ չեմ կարողանում մոռանալ այն, որ մեր պեղումներից հետո Ադրբեջանի Ազգային ակադեմիան Տիգրանակերտին նվիրված հատուկ նիստ գումարեց՝ մեզ անվանելով սուտասաններ, իսկ մեր Ակադեմիան մինչև հիմա մեզ ոչ մի անգամ չի կանչել և չի հարցրել՝ դուք այնտեղ ինչո՞վ եք զբաղված: Պեղումների սկզբում ինքս աջակցություն ստանալու նպատակով նամակներով դիմել եմ ՀՀ Գիտությունների ակադեմիային, կառավարությանը, Գործարարների միությանը, «Վիվա Սելին», հատուկ նամակ եմ ուղարկել վարչապետին, բոլոր պատասխանները մերժողական էին, «Վիվա Սելից» նույնիսկ չեն էլ պատասխանել, և բազմաթիվ տեղեր մի քանի տարվա դիմումներից հետո արդեն հոգնել եմ: Սկզբնական շրջանում աշխատանքները հովանավորում էր «Երկիր» միությունը, իսկ այսօր մեր միակ հովանավորն ու աջակիցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, որը բոլոր հնարավորություններով կանգնած է Տիգրանակերտի արշավախմբի կողքին, բայց միշտ չէ, որ այդ միջոցները բավարար են լինում: Տիգրանակերտն ավելի մեծ հնարավորությունների, ավելի մեծ բացահայտումների հուշարձան է, մենք հսկայական տարածքի 2-ն % ենք մինչև հիմա պեղել: Ես պատրաստ եմ հնարավորությունների դեպքում տարվա մեջ ոչ միայն 40-60 օր, այլև ամբողջ 12 ամիսը նվիրել Տիգրանակերտին:

Այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ միայն մերժեց, այլ նաև չընդունեց մեր թղթերը, գուցե ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ վստահ եմ՝ նման կառույցները, որոնք, թվում է, թե մարդու մշակութային իրավունքի պահպանումն են ապահովում, իրականում ավելի քաղաքականացված են, քան որևէ այլ քաղաքական կառույց (մյուս կողմից էլ` կա Ադրբեջանի տևական հակաքարոզչությունը): Ինձ համար հանելուկ է մնում այն, թե մե՛ր երկրում ի՞նչն է մարդկանց ետ պահում Տիգրանակերտի մասին ավելի բարձրաձայն ու ավելի հպարտորեն խոսելու:

Tigranakert (5)

Գուցե մենք դադարե՞լ ենք գնահատել մեծ արժեքները, դադարե՞լ ենք մեր մեջ իմաստուններ, հերոսներ փնտրել, թե՞ կա մեկ այլ պատճառ: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ մեր աշխատանքի գնահատականը պայմանավորված չէ նրանով, թե իշխանությունները կամ մյուս կառույցները որքանո՞վ են արժևորում: Կարծում եմ, որ մարդը հասարակության մեջ իրեն լավ կզգա այն դեպքում, երբ ինքը արարելու իր սեփական հնարավորություններն ունի: Ես` իբրև գիտնական, ոչ թե պետք է դժգոհեմ իշխանություններից և ոչինչ չանեմ, այլ ես շատ հաճախ ամեն ինչ արել եմ ի հեճուկս:

Ինքն ինձ երկրի քաղաքացի եմ զգում, ունեմ մասնագիտություն և ցանկանում եմ ինքնուրույն որևէ բան անել: Ու այդ տեսակետից կարող եմ ասել, որ Տիգրանակերտը որևէ պետական քաղաքականության արդյունք չէ, Տիգրանակերտը մեր երկրի առանձին քաղաքացիների արարչագործական սկզբունքների իրագործման արդյունքն է: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ մի բան անել, պետության փողերը չեմ մսխել, որևէ մեկի ծանոթը չեմ, որևէ մեկի թևի տակ չեմ եղել, և ժողովուրդն էլ` թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, գնահատում է մեր գործը: Կարծում եմ, որ ինչքան մեր երկրում լինեն մարդիկ, որոնք կարող են մի բան ստեղծել` առանց դժգոհելու, երբեք չպատճառաբանելով հանգամանքները, այլ դրանք հաղթահարելով, այնքան մեր հասարակությունն ավելի զորեղ կլինի և ընդունակ կլինի այնպիսի իշխանություն ստեղծելու, որը նույնպես կմտածի նախևառաջ հասարակության մեջ մարդու արարման հավասար հնարավորությունների մասին: Այսօր Տիգրանակերտը կա, ապրում է` իբրև առանձին կառույց, և ես կգնա՞մ այնտեղ, չե՞մ գնա՝ այն ապրում է, շնչում է, զարգանում է:

Tigranakert (1)

– Իսկ հնագիտական առումով ի՞նչ նշանակություն ունի քաղաքը:

– Այսպես ասեմ՝ այսօր ամբողջ Կովկասում չկա այդ ժամանակներին վերագրվող ավելի մեծ ու ավելի լավ պահպանված ու նաև՝ ավելի դիտարժան հուշարձան, քան Տիգրանակերտն է: Արտաշատը շատ ավելի շքեղ մայրաքաղաք է եղել, բայց նրա պատկերը, նրա պարիսպներն ուղղակի չեն պահպանվել: Մեր ամրոցի պարիսպների բարձրությունը հինգ մետրից ավելի է, նույնիսկ ադրբեջանական դիրքերից է երևում: Տիգրանակերտը կառուցված է եղել սպիտակ քարից, որ հունահռոմեական քաղաքների իդեալն էր, մինչդեռ մեր քաղաքների մեծամասնությունը հիմնականում մոխրագույն բազալտից է: Մենք հիմա այնտեղ մի հրապարակ ենք բացում, որտեղ ամբողջ Կովկասի ամենամեծ միանավ բազիլիկան է գտնվում, կողքը` մի ուրիշ եկեղեցի, եկեղեցու տակ՝ դամբարան:

Այս տարի մի վաղ քրիստոնեական սարկոֆագ ենք բացել (դեռ չենք պեղել), որ իր մեծությամբ նմանը չունի Կովկասում: Շատ առանձնահատկություններ ունի մեր քաղաքը, մեծ աշխատանք է կենտրոնացված Տիգրանակերտում, այնտեղ անցյալը կարող ենք ըմբոշխնել ոչ թե բեկորներով կամ նրա մասին պատմելով, այլ՝ ամբողջական պատկերով: Չեմ ուզում թերագնահատել իմ գործընկերների աշխատանքը, բայց այսօր Հայաստանում չկա ընթացիկ պեղումների մեջ գտնվող և ավելի շատ այցելու ունեցող հնագիտական մեկ ուրիշ վայր, ինչպիսին Տիգրանակերտի հնագիտական թանգարանն է (տարեկան՝ 30-35 հազար այցելու):

Միայն մի փաստ նշեմ. իմ ուսանողուհիներից մեկը գիտական աշխատանք է գրել միայն հնագիտական թանգարանի այցելուների տպավորությունների հիման վրա: Տիգրանակերտը մեծ նշանակություն է ունենում նաև շրջակա բնակեցված գյուղերի բնակչության համար. նրանց համար քաղաքը սրբազան կենտրոն է դարձել և այնտեղ մնալու գրավականներից մեկն է: Շուտով մեր արշավախումբը գիրք կհրատարակի «Հուշարձանը և հասարակությունը» խորագրով, որում փորձել ենք հասկանալ, թե ընդհանրապես հնագիտական հուշարձանի պեղումները հասարակության վրա ինչպիսի՞ անդրադարձներ են ունենում՝ սկսած ադրբեջանական անդրադարձներից, վերջացրած սովորական մարդկանց, ժողովրդի վերաբերմունքով:

– Պարոն Պետրոսյան, ի վերջո, ովքե՞ր էին Արցախի տիգրանակերտցիները, և ինչպիսի՞ քաղաք է եղել այն:

– Տիգրան Մեծի քաղաքաշինության սկզբունքով (որ զուտ միայն Տիգրանին չէր բնորոշ, այլև՝ ժամանակի հելլենիստական տարածվածությունն էր) քաղաքներն այն ժամանակ հասարակության, տնտեսության, մշակույթի առաջ տանող ուժերն էին, իսկ արքան համարվում էր երկրի առաջշարժիչ ուժը, աշխարհն արքայի արարումն էր, ուստի քաղաքները կոչվում էին արքաների անուններով: Տիգրանն ինչ սարքել է, անպայման կոչել է իր անունով: Այսօր խոսում են չորս կամ վեց Տիգրանակերտի մասին, բայց իրականում տասնյակ բնակավայրեր են եղել, որոնք Տիգրանի անունն են կրել, ինչպես այսօր աշխարհում կան տասնյակ Ալեքսանդրիաներ, Սելևկիյաներ, Անտիոքներ: Տիգրանը կայսր էր, և մտածել, թե նրա նպատակը զուտ հայկական քաղաք հիմնելն էր, սխալ է, նա կայսերական մտածողություն ուներ և Կապադովկիան նվաճելուց հետո (ի դեպ, Կապադովկիայում էլ բազմաթիվ ժայռափոր կառույցներ կան, Տիգրանի կառույցների հիմքերն էլ հիմնականում ժայռերի վրա են դրված) Փոքր Ասիայից, գուցե Հայաստանի տարբեր տեղերից վարպետներ, ճարտարապետներ է բերել, որոնք նրա հրամանով կառուցել են Տիգրանակերտը: Սա ակնհայտորեն փոքրասիական քաղաքակրթական նորաբերությունն ու միջամտություն-նպաստն է այդ տարածքում, և, բնականաբար, այդ քաղաքը պիտի ունենար ոչ միայն հայկական բնակչություն: Տիգրանակերտի մերձակայքում կան վաղ քրիստոնեական կառույցներ, որտեղ հայերեն արձանագրությունների կողքին նաև հունական արձանագրություններ են պահպանվել. ըստ երևույթին, Տիգրանակերտի հունական համայնքը Տիգրանից դարեր հետո որոշակի դերակատարում է ունեցել նաև քրիստոնեության տարածման գործում:

Tigranakert (3)

– Պեղումների ընթացքում զգո՞ւմ եք Տիգրան Մեծի քաղաքաշինական հզոր ուժի ազդեցությունը:

– Գիտեք՝ ապրել 21-րդ դարում և միամտորեն տուրք տալ զանազան կայսերական մեծությունների՝ գոնե հետազոտողի համար լուրջ չեմ համարում: Այդ առումով ավելի շատ հակված եմ հասկանալ կամ փորձում եմ հասկանալ Տիգրանին, թե ինչո՞ւ է նա այդտեղ քաղաք կառուցել, ի՞նչ ստրատեգիական նպատակներ ուներ: Տիգրանակերտը գտնվում է այն հատվածում, ուր Արցախի լեռնաշղթան արդեն ձուլվում է տափաստանի հետ:

Այսինքն՝ եթե մի գիծ քաշեք, այդ գծից աջ կլինի ողջ տափաստանը, իսկ ձախ՝ հայկական լեռնաշխարհը: Կարելի է մոտավորապես ասել, որ Տիգրանը հեռանկար ուներ՝ ինչպե՞ս վերահսկել տափաստանը մինչև հյուսիսային Կովկասի լեռները և ինչպե՞ս պաշտպանել իր երկիրը՝ ներխուժումներից: Ստրատեգիական այդ մտածողությունը նրան ստիպել էր ամրություններ կառուցել նախալեռներում և հսկողության տակ ունենալ ամբողջ տափաստանը: Նա այդ գծի վրա մի շարք ուրիշ ամրություններ էլ է կառուցել, որոնք, հետագայում հնարավոր է, նույնպես հայտնաբերենք: Իհարկե, տեղանքի ընտրության հարցում նշանակություն է ունեցել նաև քաղցրահամ ջրի հսկայական պաշարների առկայությունն այդ տարածքում. այսօր ամբողջ Արցախում ամենաշատ ու հարուստ խմելու ջրի պաշարներն այնտեղ են:

– Արշավախմբի այս տարվա պեղումները համընկան սահմանային լարվածությանը: Դուք այնտեղ շատ մոտ եք գտնվում սահմանին, ի՞նչ էիք զգում այդ օրերին` լարված վիճակում աշխատելով:

– Տիգրանակերտում գտնվելու բոլոր տարիներին ամենալարվածն այս տարի էր՝ մենք ընդամենը 20 կմ ենք հեռու սահմանից: Իհարկե, մտածում էինք, մտահոգվում էինք, մեր խմբում իտալացի մասնագետ էր աշխատում, նրան նույնիսկ չասացինք այդ մասին: Ես զանգահարեցի համապատասխան մարմիններին, ասացին՝ խնդիր չկա, կարող եք հանգիստ աշխատել, և մենք շարունակեցինք մեր աշխատանքը: Անշուշտ, շատ սխալ կլիներ այդ պատճառով թողնել աշխատանքները և հեռանալ, այն դեպքում, երբ Տիգրանակերտն ինքը հաղթանակի ամրության գրավականներից մեկն է, և երբ նժարի վրա ես դնում լարվածությունը, անձնական կամ այլ հարցերը և Տիգրանակերտը` միանշանակ, նժարի ծանրությունը դեպի Տիգրանակերտի կողմն է թեքվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս