Երկնիշ աճերի հմայքն ու թշվառությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ինչպես միշտ, թեժ քննարկման առարկա դարձավ։ Ինչպես և իր նախորդ հարցազրույցներում, Ռ.Քոչարյանը կրկին խոսել էր տնտեսության մասին։ Ավելի կոնկրետ` իր հաջողությունների և մյուսների անհաջողությունների։
Ընդ որում, այս անգամ նախկին նախագահը չէր փայլել առանձնահատուկ համեստությամբ և խոսելով իր նախագահության օրոք գրանցված տնտեսական աճի ցուցանիշների մասին` հայտարարել էր, որ ցանկացած երկրի ցանկացած կառավարություն կերազեր զարգացման այդպիսի տեմպերի մասին։
Իհարկե, շատերն ամենևին հարկ չէին համարում համեմատել տնտեսական ցուցանիշները` համոզված լինելով, որ Ռ.Քոչարյանն իր քաղաքական և իրավական «ձեռքբերումներով» ամեն ինչ արել է` իր վերադարձի ճանապարհները փակելու համար։ Ու չնայած սրան` սոցիալական ցանցերում ծավալվեցին բուռն քննարկումներ ու բանավեճեր` Քոչարյանի տարիների տնտեսական ցուցանիշների իրական արժեքի մասին։
Ընդհանրապես, ճիշտ չէ տնտեսական արդյունքները բաժանել ժամանակահատվածների` ըստ նախագահների պաշտոնավարման տարիների, և ըստ դրա գնահատականներ տալ։ Սակայն, քանի որ մարդիկ ենթագիտակցաբար հենց այդպես էլ անում են (Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, և այլն), որոշեցինք մի այսպիսի ամփոփ պատկեր ստեղծել։
Այն արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի (ՀՆԱ-ի) ցուցանիշները` 1991 թվականից մինչև 2013 թվականը։ Այս գծապատկերից հստակ երևում է, թե տարբեր նախագահների պաշտոնավարման տարիներին ինչ ցուցանիշներ են արձանագրվել։
Մենք չենք վերլուծի այդ աճի որակը, չենք խոսի շինարարական փուչիկի, տրանսֆերտների, դոլարի արժեզրկման ու արտահանման նվազման մասին։ Պարզապես նշենք, որ տնտեսական աճը և տնտեսական զարգացումը տարբեր կատեգորիաներ են։ Այսինքն` Ռ. Քոչարյանը կարող է հպարտանալ աճի ցուցանիշներով, սակայն արդյո՞ք այդ աճը զարգացման բերել է, շատ մեծ հարց է։
«Նախագահական» ցուցանիշներ
Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին տարիներին ՀՆԱ-ն անկում էր ապրում։ 1991-ին գրանցվեց 11.7%, 1992-ին` 41.8%, իսկ 1993-ին` 8.8% անկում։ Կարծում ենք` ավելորդ է նշել, որ անկումը բնական էր` պատերազմ, շրջափակում, ԽՍՀՄ փլուզում և այլն։ 1994 թվականից տնտեսությունը դանդաղ, սակայն կայուն կերպով սկսեց աճել։ 1997թ., երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, տարին փակվեց 7.3% տնտեսական աճով։
Հետո նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ 1999 և 2000 թվականները համեստ էին, համապատասխանաբար, 3.3% և 5.9% տնտեսական աճ։ Հաջորդ տարվանից սկսվեց տպավորիչ ցուցանիշների ժամանակահատվածը։ 2001 թվականին` 9.6% տնտեսական աճ։ 2002-ից մինչև 2007 թվականը ներառյալ` երկնիշ տնտեսական աճ (մինչև 14%)։
2008-ից նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ Նախաճգնաժամային տարում աճի տեմպը թուլացավ մինչև 6.9%։ 2009-ին համաշխարհային ճգնաժամն ուժգին հարվածեց տնտեսությանը, անկումը 14.1% էր։ 2010-ից տնտեսությունը սկսեց աստիճանաբար վերականգնվել և ներկայումս թիրախավորվում է տարեկան միջինը 4.5-5% աճ։
Սակայն պատկերն առավել հետաքրքիր է դառնում, երբ տնտեսական աճի տարիները համեմատում ենք հարևան երկրների` Ադրբեջանի և Վրաստանի հետ (գծապատկերում փոքր շրջանով Ադրբեջանի ցուցանիշն է, խաչով` Վրաստանի)։
1993 թվականից սկսած` Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով գերազանցել է Ադրբեջանին մինչև 1996 թվականը։ Վրաստանի նկատմամբ առավելություն (ավելի թույլ անկում և ավելի բարձր աճ) ունեցել ենք անկախության առաջին տարվանից սկսած։ Այդ օրինաչափությունը խախտվել է 1996 և 1997 թվականներին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը միշտ գերազանցել է Վրաստանին իր տնտեսական աճով։ Իսկ հիմա մի շատ զարմանալի ցուցանիշ. Այդ նույն «ոսկյա» 10 տարիներին Հայաստանի տնտեսական աճն ընդամենը 2 անգամ է գերազանցել Ադրբեջանին` 2002 և 2003 թվականներին։ Իսկ 2005-2007 թվականներին ընդհանրապես տհաճ պատկեր է համեմատության մեջ։
Այո, այդ տարիներին մենք ունեինք տարեկան ավելի քան 13% տնտեսական աճ, սակայն Ադրբեջանի ցուցանիշը 2005-ին կազմեց 26.4%, 2006-ին` 34.5%, 2007-ին` 25%։
Ադրբեջանի հետ համեմատության առումով` Ռոբերտ Քոչարյանի տնտեսական աճը զիջում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին։ Իսկ Սերժ Սարգսյանի օրոք Ադրբեջանի տնտեսական աճի առավելությունը երբեք այդքան ակնհայտ չի եղել։ Ավելին, 2011 և 2012 թվականներին մեր ՀՆԱ աճը գերազանցել է Ադրբեջանի ցուցանիշը։
Ամենահաջող վարչապետները
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր հարցազրույցների մեջ նկատվում է նույն գիծը։ Քննադատելով իրենից հետո վարվող տնտեսական քաղաքականությունը` նա սլաքներն ուղղում էր (և այսօր էլ ուղղում է) վարչապետի դեմ։ Իսկ իր տարիների հաջողությունների մասին խոսելիս` չի հիշատակում վարչապետի գործոնը։ Ստացվում է` ձախողման համար պատասխանատու են վարչապետները, հաջողությունների համար պարտական ենք նախագահներին։
Անկախության տարիների ընթացքում ունեցել ենք 12 վարչապետ (Հովիկ Աբրահամյանը 13-րդն է)։ Ու եթե որպես հիմք վերցնում ենք ՀՆԱ-ի ցուցանիշները, ապա ստացվում է, որ ամենահաջող վարչապետները եղել են Հրանտ Բագրատյանն ու Անդրանիկ Մարգարյանը։
Հրանտ Բագրատյանի օրոք Հայաստանը հաղթահարեց անկման փուլը և երկու հարևաններից 3 տարի շուտ սկսեց տնտեսական աճ ապահովել։ Իսկ Անդրանիկ Մարգարյանի օրոք գրանցվում էր այն երկնիշ աճը, որով այսօր հպարտանում է Ռոբերտ Քոչարյանը։
Վերջաբանի փոխարեն
Թեպետ բավական չարչարվելով` պատրաստեցինք այս գծապատկերն ու համեմատականներ անցկացրինք, սակայն մի մոռացեք, որ սրանք ընդամենը պաշտոնական վիճակագրության տվյալներ են։ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ում մի հետաքրքիր դրվագ կա. հենց կենդանիները սկսում էին բողոքել, որ լավ չեն ապրում, կերը քչացել է, պայմանները` վատացել, հայտնվում էր գլխավոր խոզի` Նապոլեոնի մանկլավիկ Վիզգունն ու սկսում թղթի վրայից վիճակագրական տվյալներ կարդալ` ցորենի բերքը աճել է 200%-ով, խնձորինը` 100%-ով ու այդպես շարունակ… Այնպես որ, մակրոտնտեսական ցուցանիշների նշանակությունը երբեք չի կարելի գերագնահատել։