Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետին. «Ո՞ւմ է պետք այդ կեղծավորությունը. ավելի լավ չէ՞՝ կանգնի ու նախարարի նման քննադատի ինքն իրեն»

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով դպրոցների ջեռուցման խնդրին՝ ասաց, որ երեկվանից տարբեր մարզեր ուսուցիչների է զանգել և հարցրել՝ ջեռուցում ունե՞ն, թե՞ ոչ և հատուկ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համար պատրաստել է այն դպրոցների ցուցակը, որտեղ չկա ջեռուցում, կոմունալ հարմարություններ.

«Տիկին Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ Հանրապետության դպրոցներում արդեն լուծվել է ջեռուցման հարցը, շատ հեռու է իրականությունից: Օրինակ՝ Արծվաբերդի դպրոցը, Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան, Բալվորիկ, Արևադարձ գյուղերի դպրոցները, Երասխավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նաիրի, Արգինա, Գրիբայեդով, Ջրարբի, Հայկաշեն, Լուսնագյուղ, Փերիկ գյուղերի դպրոցները, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի դպրոցը, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ և նրան հարակից դպրոցները, Մարտունու թիվ 2 դպրոցը և Հանրապետության տարբեր այլ մարզերի ու գյուղերի դպրոցներ չունեն ջեռուցում: Դա նրան պատիվ չի բերում, ո՞ւմ է պետք այդ կեղծավորությունը, ավելի լավ չէ՞՝ կանգնի ու նախարարի նման քննադատի ինքն իրեն ինչ-որ հարցերում»:

Տիկին Բախշյանն իր դժգոհությունը հայտնեց նաև ավագ դպրոցների ու քննական շտեմարանների հետ կապված՝ ասելով, որ ավագ դպրոցը՝ որպես նախամասնագիտական կողմնորոշման օջախ, բոլորովին չի կատարում իր միսիան. «Ավագ դպրոցում չի տրվում այն նախամասնագիտական կրթությունը, որ պետք է տրվեր՝ ըստ Կառավարության որոշման ու ռազմավարության:

Նախամասնագիտական կրթություն նշանակում է, որ երեխան ավագ դպրոցում ճանաչի ինքն իրեն և իմանա իր ուժեղ ու թույլ կողմերը, իր ընդունակությունները: Ավագ դպրոցների ստեղծման նպատակներից մեկն էլ այն էր, որ երեխաներն այլևս չդիմեն կրկնուսույցներին, բայց, ինչպես տեսնում եք, այսօր բոլոր դիմորդներն էլ պարապում են կրկնուսույցների մոտ: Իսկ դիմորդների համար նախատեսված շտեմարաններն ուղղակի անօրինական երևույթներ են, որոնք չպիտի լինեին»:

Մեկ այլ խնդիր է դասարաններում աշակերտների քանակի ծանրաբեռնվածությունը՝ ըստ Անահիտ Բախշյանի. «Կանոնադրությամբ սահմանված է, որ տարրական և հիմնական դասարաններում աշակերտների քանակը կարող է լինել մինչև 35, իսկ ավագ դպրոցում՝ 25-30: Սակայն այսօր մի շարք դպրոցներում կան դասարաններ, որտեղ աշակերտների քանակը հասնում է 40-ի և ավելիի, էլ չեմ ասում, որ կան դպրոցներ, որտեղ սկսել է գործել երրորդ հերթը: Սա նաև ծնողների խնդիրն էլ է: Չեն տանում ուրիշ դպրոց, ասում են՝ չէ, իմ երեխան պետք է այս դպրոցում սովորի, դե տնօրենն էլ ասում է՝ թող սովորի, ուրեմն կգա երկրորդ, երրորդ հերթով: Խնդիրը երկկողմանի է՝ կարծում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս