Բաժիններ՝

Պարենային պատերազմի մեր բաժինը

Ամառային շոգերը տարօրինակ դրսևորվեցին: Մեր տնտեսական կյանքի ամենամոդայիկ թեման Ռուսաստանի հետ կատարվածն էր: Նախ Արևմուտքը կայուն՝ համարյա շաբաթական գրաֆիկով տնտեսական պատժամիջոցների հերթական քայլն էր հրապարակում: Հետո Ռուսաստանը բռնեց ու օգոստոսի 4-ից արգելեց սննդամթերքի ներկրումն իր հանդեպ պատժամիջոցներ կիրառող երկրներից: Այս ողջ ընթացքում մեր քաղաքականամերձ տնտեսական փորձագետներն ու այլք քննարկում էին:

Քննարկում էին նախ` ինչ ազդեցություն կունենան ՌԴ-ի հանդեպ տնտեսական սահմանափակումները: Ապա սկսեցին քննարկել հակառակ թեման: Վարչապետ ու գյուղնախարար, ինչպես նաև պաշտոնական աստիճանակարգի ավելի ցածր կանգնած չինովնիկներ` թևերը քշտած, գյուղմթերքների արտահանման հրաշալի հեռանկարներից են խոսում: Խոսք-խոստում տալը մեզանում ընդունված երևույթ է: Եվ ոչ միայն ընտրություններին նախորդող շրջանում: Փոխարենը` երբեք, ոչ ոք, առավել ևս` որևէ բարձրաստիճան չինովնիկ պատասխան չի տվել իր պայծառ ապագայի սին խոստումների համար:

Այս պարագային էլ դժվար չէ հասկանալը, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող օգտվել ստեղծված իրավիճակից: Թեկուզ միայն մասշտաբների պատճառով: ՌԴ շուկա Հայաստանը չի կարող արտահանել ոչ Լեհաստանի չափ խնձոր, ոչ էլ ԱՄՆ-ի չափ խոզի միս: ՌԴ շուկայի «ազատված» հատվածում հաստատվելու համար երկարաժամկետ ջանքեր են պետք: Այս շուկայում մենք մեկ անգամ ձախողվել ենք և չենք էլ փորձել վերլուծել կատարվածը: Ավելին՝ փորձում ենք մոռանալ: Հիմա ոչ ոք չի հիշում, որ 2006թ. ապրիլին Ռուսաստանն արգելեց վրացական գինիների վաճառքն իր շուկայում: Կրկին քաղաքական պատճառներով արգելեց:

Մերոնք ոգևորվել էին: Մեր գինիների համար շուկա էր բացվել: Այն էլ` Ռուսաստանի նման շուկա: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2005-ին ՌԴ-ում 90 մլն դոլարի վրացական գինի էր վաճառվել: Բոլորն էլ հասկանում էին, որ պաշտոնական թվերը խիստ նվազեցված են: Մեր իշխանությունները ոգևորվել էին: Խաղող մշակող գյուղացուն ոսկե սարեր էին խոստանում: Ութ տարի ժամանակ ունեինք, որովհետև ՌԴ-ն վրացական գինիների վաճառքի արգելքը հանեց ուղիղ ութ տարի անց՝ 2013թ. գարնանը:

Այդ ընթացքում մենք կարողացանք «նվաճել» վրացական մասնաբաժնի մեկ քսաներորդը: Հայաստանը ՌԴ գինի արտահանել կարողացավ ընդամենը հինգ-վեց մլն դոլարի չափով:

Մինչդեռ վրացիները 2013-ի երկրորդ կիսամյակին արդեն 28 մլն շիշ գինի «հաջողեցին» վաճառել ՌԴ-ում: Ահա մեր բացասական փորձի թվաբանական արժեքը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՌԴ-ն մեր ամենամեծ գործընկեր երկիրն է:

Բայց այս երկրի հետ ունեցած մեր ապրանքափոխանակության տվյալները բավական համեստ են: 2012թ. ՌԴ արտահանվել է 280 մլն դոլարի չափով ապրանք, ներմուծվել՝ 1 մլրդ 72 մլն-ի չափով: 2013-ի պատկերն այս է. արտահանումը կազմել է 335 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 118 մլն: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը` 2013-ին Ռուսաստան արտահանվել է 22,5 մլն դոլարի միրգ: Եթե ընդունենք ոչ իշխանամետ փորձագետների պնդումը, որ մեր տնտեսության մոտ 40 տոկոսը ստվերային է, ապա կարելի է ասել, որ մրգի արտահանման մեր առավելագույն հնարավորությունը մոտ 30 մլն դոլար է:

Պարզ ասած, այդքան ենք կարողանում արտադրել և որքան արտադրում` այնքան էլ արտահանում ենք: Հայկական մրգի բերքահավաքի ամիսներին ՌԴ հայաշատ քաղաքներում եղած ցանկացած մարդ կփաստի, որ մեր բերքի լավագույն բաժինը հենց այնտեղ էլ իրացվում է: Արտահանման ծավալներն ավելացնելու համար գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրեր են պետք: Մեկ-երկու տարում արտահանման ծավալները կտրուկ մեծացնել հնարավոր չէ: Խնձորի կամ խաղողի բերքատու այգին մեկ-երկու տարվա գործ չէ:

Արևելյան իմաստությունն ասում է` «Երեխա ունենալու համար, նույնիսկ ինը կին ունենալու պարագային` միևնույն է, ինն ամիս սպասել է պետք»: Իսկ ՌԴ շուկան, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակներից, մեր տնտեսության համար միշտ էլ հրապուրիչ ու մատչելի է: 2013թ. Հայաստանը 18 մլն դոլարից ավելի ծավալով ձուկ ու խեցգետին է վաճառել: Նույնիսկ Վանա տառեխը չմոռանալով, ինչ-որ չեմ հիշում, որ մենք` հայերս, երբևէ հպարտանայինք մեր խեցգետնաբուծության ու ձկնաբուծության տաղանդով:

Ի տարբերություն, ասենք, գինեգործության ու խաղողագործության: Բայց պարզվեց, որ ՌԴ 18 մլն դոլարի ձուկ ենք արտահանում` 22,5 մլն դոլար մրգի ու 5 մլն դոլար գինու դիմաց: Կամ` համեմատությամբ, եթե կուզեք: Այսինքն, ակնհայտ է, որ անկախ աշխարհաքաղաքական լարված իրավիճակներից, եթե կարողանում ենք որևէ որակյալ ապրանք արտադրել, ապա հաջողում ենք այդ ապրանքի արտահանումը ևս: Պարզապես այդ ամենն արվում է առանց պետական աջակցության: Նույն ձկնարդյունաբերությունը Հայաստանում զարգացավ, քանի դեռ մեր կառավարությունն այդ ոլորտից տեղյակ չէր: Երբ կառավարությունը մի քանի տարի առաջ տեղեկացավ ու սկսեց ոլորտի մասին հայրական հոգածություն հիշեցնող ճառեր արտասանել, պատկերը փոխվեց:

Անցած տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող ընկերություն է հայտնվել: Այնպես որ, ՌԴ անակնկալ բացված շուկայից ոգևորվել պետք չէ: Գյուղացին ու գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող գործարարը մյուսներից ավելի զգուշավոր են: Նրանք մեկ-երկու տարի հետո նոր կարձագանքեն ստեղծված իրավիճակին: Որովհետև մեր պետությունը «խոհեմաբար» չի փորձի աջակցել կամ ուղղորդել նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս