Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը թաքցնում իր «նախիջևանյան ֆիասկոն». Ֆահրադդին Աբոսզոդա

Հունիսի 19-ին REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի «Իլհամ Ալիևի նախիջևանյան ֆիասկոն» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«Սույն թվականի հունիսի 11-ին ադրբեջանական մի շարք լրատվական ռեսուրսներ հայտնեցին, որ ողջ օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը զանգվածային գնդակոծության են ենթարկել Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի ու Ջուլֆայի (Ջուղա) շրջանները»: Տեղի լրագրող Հաքիմելդոսթ Մհեդիևի խոսքերով, որին մեջբերել է Haqqin.az-ը, հայերը գրավել են Ջուլֆայում գտնվող Լեքեդաղ բարձունքը.

«Նախկինում այդ բարձունքը գտնվում էր չեզոք գոտում և այնտեղ իրենց ոչխարներն էին արածեցնում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ՝ հայ հովիվները: Սակայն այժմ հայերն անցել են հարձակման ու իրենց պահակակետերն են հիմնել այդ բարձունքում»: Ապա Haqqin.az-ը մեջբերել է տեղաբնակներին, որոնց խոսքերով՝ տեղի իշխանությունները տարհանել են սահմանային բոլոր գյուղերի բնակիչներին, որոնց տները գտնվում էին հայկական զինված ուժերի գնդակոծության գոտում:

Ընդգծենք, որ թեև Ղարաբաղի հետ սահմանին փոխհրաձգության դեպքերը սովորական երևույթ են, և ադրբեջանական ԶԼՄ-ները սովորաբար լայնորեն և ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փաստը, սակայն հրադադարի ռեժիմի խախտումները բնութագրական չեն «նախիջևանյան ճակատի համար»:

Այդ ֆոնին խորհրդավոր է թվում ադրբեջանական ԶԼՄ-ների պահվածքը, որոնք չեն ցանկացել վեր հանել տվյալ «միջադեպի» մանրամասները: Իսկ իշխանություններն ու ՊՆ-ն ընդհանրապես հերքեցին միջադեպի մասին տեղեկատվությունը: Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարեց. «Նախիջևանում ամեն ինչ հանգիստ է, և բանակն ամբողջովին վերահսկում է իրավիճակը»:

Սա վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր ուժերով ձգտել է, որ թե՛ հանրապետության բնակչությունը, թե՛ միջազգային հանրությունը չիրազեկվեն այդ դեպքերի մասին: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Yeni Musavat թերթը, թեև մի շարք նյութեր նվիրեց այդ թեմային, սակայն, այնուամենայնիվ չբացատրեց, թե ինչ է տեղի ունեցել Նախիջևանում, և ում է ձեռնտու բնակչությունից տեղի ունեցածի մասին ճշմարտությունը թաքցնելը:

Ընդհակառակը, տվյալ թերթի հրապարակումների ուշադիր զննումը հնարավորություն է  տալիս եզրակացնել, որ ոչ միայն երկրի պաշտոնական իշխանությունները, այլև՝ ընդդիմությունը շահագրգռված են եղել սեփական բնակչության և ընդհանրապես միջազգային հանրության ուշադրությունն այլ կողմ «թեքելում»:

Օրինակ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն այդ թերթին հայտարարել է, որ նման հրապարակումների ի հայտ գալը վկայում է «ադրբեջանական բանակի աճող ռազմական հզորությունից Հայաստանի մտահոգության, տագնապի մասին»:

Իսկ ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տվյալ տեղեկատվության հայտնվելը նա պայմանավորել է «Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությունն ուժեղացնելու ձգտմամբ» և որակել է որպես Ռուսաստանի կողմից հերթական «տեղեկատվական սադրանք»:

«Մուսավաթ» կուսակցության գլխավոր գաղափարախոս, քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն Yeni Musavat-ին տված հարցազրույցում ընդհանրապես հերքեց նախիջևանյան ուղղությամբ հայերի հարձակման հնարավորությունը. «Ես չեմ հավատում, թե հայերը մտել են Նախիջևան, այնտեղից վտարել են ադրբեջանցիներին և իրենց են միացրել Նախիջևանը: Դա կլիներ շատ մեծ ճգնաժամ համայն աշխարհի համար»:

Իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այդ թերթին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ ներկայումս Նախիջևանում են գտնվում T-90 սուպերտանկեր, МИ-35 մարտական ուղղաթիռներ, Смерч հրթիռային համակարգեր, որոնց օգնությամբ կարելի է Հայաստանի համար առաջացնել մեծ խնդիրներ:

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ավելի հեռու գնաց և Hafta.az-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Նախիջևանում հայերի ակտիվանալը հանդիսանում է Սերգեյ Լավրովի ադրբեջանական այցի շեմին պաշտոնական Բաքվի վրա Ռուսաստանի գործադրած ճնշում», քանի որ «այդ բոլոր իրադարձությունները ծավալվում են Մաքսային միության նախագծի շուրջ»:

Մի կողմ դնելով ադրբեջանցի քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքները՝ ուշադրություն դարձնենք հայկական կողմի պահվածքի վրա: Ի պատասխան պաշտոնական Բաքվի հայտարարության՝ Հայաստանի ՊՆ-ը նույնպես հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ Լեքեդաղ գյուղի մոտ մարտեր են ընթանում:

Հայաստանի ՊՆ-ի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է: Սա վկայում է, որ հայկական կողմին լիովին ձեռնտու է եղել Ադրբեջանի կողմից Նախիջևանի սահմանին  տարածքներ կորցնելու փաստի հերքումը: Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցելՆախիջևանում:

Տվյալ գործողությունների անմիջական մասնակիցներից մեկը՝ քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանն այդ իրադարձությունները որակել է որպես «ռազմական հաղթանակ՝ առանց գեթ մեկ կրակոցի»:

Իր հոդվածում նա ամենայն մանրամասնորեն շարադրել է «հայկական տարածքների վերադարձման» գործողության ողջ ընթացքը, որ «հայկական բանակը, առանց մեկ կրակոցի, ազատագրել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք և նրա թիրախում (տեսադաշտում) են հայտնվել Նախիջևանի ավելի ընդարձակ տարածքներ»:

Եթե այս ամենը ճշմարտություն է, ինչում ես անձամբ չեմ կասկածում, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևը որոշել դա թաքցնել իր երկրի բնակչությունից ու միջազգային հանրությունից:

Ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Իլհամ Ալիևի իշխանությունը ներկայիս պայմաններում գտնվում է կոշտ ճնշման տակ, ընդ որում` թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս: Իսկ համաշխարհային առաջատար խաղացողները կտրուկ բարձրացրել են Բաքվի աշխարհաքաղաքական ընտրության հարցը:

Այդպիսի պայմաններում «Նախիջևանյան ֆիասկոյի» լայն լուսաբանումը զգալիորեն կթուլացներ նրա դիրքերը Ռուսաստանի ու Արևմտյան բլոկի երկրների  հետ բանակցություններում, այդ թվում նաև Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում:

Բանն այն է, որ այդ բանակցություններում Ալիևի հիմնական փաստարկը հետևյալ միֆերն են. «Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ընդհանուր բյուջեն», «ադրբեջանական ուժեղ բանակի առկայություն», որն «ունակ է ռազմական ճանապարհով լուծել օկուպացված տարածքների ճակատագիրը և ապահովել պետության տարածքային ամբողջականությունը»:

Այդ իմաստով Ադրբեջանի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է հատկացրել Նախիջևանում ծավալված զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Հայտնի է, որ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևի հրամանի հիման վրա Նախիջևանում ստեղծվեց Առանձին համազորային բանակ:

Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության պետ, փոխգնդապետ Վագիֆ Դարգյահլիի խոսքերով՝ դա ապացուցում է, թե «մեր երկիրը ռազմավարական տեսանկյունից որքան մեծ ուշադրություն է հատկացնում այդ շրջանին (Նախիջևանին)»:

Դարգյահլին ընդգծել էր, որ «այդ միջոցները հիմք են տալիս` վստահորեն պնդելու համար, որ Նախիջևանում տեղակայված զինվորական անձնակազմի մարտական ոգին ու կամքը, նրանց նյութա-տեխնիկական ապահովումն ու մարտունակությունը հնարավորություն են տալիս կանխելու թշնամու գործողություններն ու համարժեք պատասխան տալ դրանց»:

Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ մայոր Դադաշ Ռզաևը Yeni Musavat թերթին վստահեցրել է, որ Նախիջևանի Առանձին համազորային բանակ կուղարկվեն Ադրբեջանի լավագույն մասնագետներն ու նորագույն տեխնիկա: Բացի այդ, Նախիջևանում գտնվող զինվորական կոնտինգենտին արդեն վաղուց, ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին համապատասխան, մարզում են թուրք ռազմական փորձագետները:

Այն ժամանակ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը կասկածի տակ դրեց, որ Նախիջևանում առանձին բանակը ստեղծվում է այդ շրջանի պաշտպանունակության ամրապնդման համար. «Դա չի դիմանում քննադատությանը:

Փաստացի 100.000 բնակչություն ունեցող շրջանի բանակային ստորաբաժանման անվանման փոփոխումը չի կարող խոչընդոտ ստեղծել հայկական բանակի դեմ: Նախիջևանը ողջ ադրբեջանական ու նախիջևանյան բանակից ավելի շատ պաշտպանում է Կարսի պայմանագիրը (1921թ.)» (Haqqin.az):

«Նախիջևանյան շփոթմունքը» դժբախտաբար ցույց տվեց, որ ո՛չ Առանձին բանակը, ո՛չ էլ փառաբանված Կարսի պայմանագիրը և վերջապես անգամ Թուրքիան՝ որպես «երաշխավոր», չկարողացան պաշտպանել այդ «ամրացված շրջանը» անգամ հայկական բանակի «առանց մեկ կրակոցի» ոչ մեծ գործողությունից:

Ավելին, այդ միջադեպը լիովին ապացուցեց, որ «ուժեղ բանակի» մասին, որն «ունակ է հասնել հենց մինչև Երևան», բազմաթիվ հայտարարությունները միայն հանդիսանում են  ալիևյան քարոզչության առասպելներից մեկը և նախատեսված են ներքին սպառման համար:

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Նախիջևանը բառի բուն իմաստով հանդիսանում է «փակ» շրջան, ուր, ձգտելով թաքցնել տեղի ունեցող ամեն ինչ, թույլ չեն տալիս մայրաքաղաքային պարբերականների լրագրողների մուտքը: Անկասկած է, որ տվյալ հանգամանքն Ալիևին հնարավորություն է տվել ժամանակին մոռացության մատնել այդ հարցը:

Կարծում եմ, որ միամիտ կլինի տվյալ միջադեպը վերագրել որպես հայերի հերթական «կատակ», որոնք որոշել են թեթևակիորեն ստուգել ադրբեջանական ղեկավարության նյարդերը նրանց գլխավոր բաստիոնում` Ալիևյան դինաստիայի բնօրրանում:

Տվյալ հարցի ուշադիր ուսումնասիրումն իր հայտ է բերում Իլհամ Ալիևի «նախիջևանյան ֆիակսոն», ինչն ապացուցեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն արդեն իսկ գտնվում է պայթունավտանգ իրավիճակում»:

Տեսանյութեր

Լրահոս