Բաժիններ՝

«Աղետալի վիճակ է վճարումների առումով». Էմիլ Հարությունյան

Մեր զրուցակիցն է «Արկոլադ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Էմիլ Հարությունյանը:

 – Պարոն Հարությունյան, որպես արտահանող ընկերություն այսօր ի՞նչ խնդիրներ ունեք, արտադրության առոմով ի՞նչն է մտահոգիչ:

– Մեր արտադրած շոկոլադի 90%-ն արտահանվում է: Բայց «արտահանել» ասվածը հարաբերական է, օրինակ՝ օդանավակայանի դյութի ֆրին էլ է համարվում արտահանում: Մենք հիմնականում արտահանում ենք Ռուսաստան, Բելառուս: Այսօր բիզնես միջավայրը հավասարակշռությունից դուրս է եկել, կարծես, աշխարհի վերջը լինի: Աղետալի վիճակ է վճարումների առումով: Այսինքն՝ ապրանքը վերցնում են ու չեն վճարում: Պարկեշտ գործընկերները քիչ են: Հասկանում ենք՝ գնողունակության անկում կա, իրենք էլ ծախսեր ունեն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ մատակարարի գլխին պետք է կոտրել: Նաև տեղական մատակարարների հետ լուրջ խնդիր կա: Երբ իրենց մոտ արտադրությունը պակասում է, առանց մտահոգվելու պայմանավորվածությունները խախտում են: Օրինակ՝ մենք հիմա չրով ապրանք գրեթե չենք արտադրում, որովհետև մատակարարը պայմանավորվածությունը չի կատարել: Մինչդեռ գյուղացիները մեզ հետ աճել են, 9 տարի աշխատել ենք միասին, և այժմ վատ դրության մեջ ենք հայտնվել: Դա գալիս է նրանից, որ իրենց թվում է, թե այս տարի ծիրան չկա, կարող են ամենավատ ձևով վարվել: Բայց այս տարի ծիրան չկա, հաջորդ տարի կլինի: Չի կարելի ծայրահեղ վարքագիծ դրսևորել: Այդ առումով շուկան թերզարգացած է, առաջարկը կապ չունի պահանջարկի հետ: Պահանջարկը շատ է, բայց կայուն առաջարկ պետք է լինի, որ կարողանան պահանջարկն էլ մեծացնել, ոչ թե 100 կգ առաջարկեն ու ասեն պահանջարկ չկա: Բնական է, որ 100 կգ-ին պահանջարկ չի լինի: Դա շուկայի մակարդակ է, իսկ զարգանալու համար պետք է կայուն առաջարկ լինի: Իսկ իրենք չեն աշխատում այդ ուղղությամբ:

Խնդիրները շատ-շատ են, սկսած աշխատուժից, որ մարդիկ չեն ուզում աշխատել, կամ միանգամից բարձր աշխատավարձ են ուզում: Բայց մինչև ես չտեսնեմ, թե ինչի է նա ունակ, ինչպես կարող եմ բարձր աշխատավարձ տալ:

Կարդացեք նաև

– Նոր կառավարությունը խստացրել է փաստաթղթաշրջանառության հարցերը: Դուք որևէ խնդիր ունե՞ք փաստաթղթերի հետ կապված:

– Մենք օրինական դաշտում ենք աշխատում, ինքներս ներմուծում ենք, տեղական մատակարարներին ստիպում ենք, որ տան փաստաթուղթ: Չեն կարող չտալ, եթե չտան, չենք վերցնի ապրանքը: Իսկ վաճառքի դեպքում էլ վերջին 2 տարում փաստաթղթով աշխատելն առավելություն է: Այնպես չէ, որ փաստաթղթով աշխատելն անհնար է:

– Բայց փոքր տնտեսվարողները բողոքում են, որ խոշորները չեն տալիս փաստաթուղթ:

– Շատ փոքրերի հետ մենք չենք առնչվում, այն գործընկերների հետ, որ աշխատում ենք, իրենք համեմատաբար մեծ են, և փաստաթղթի խնդիր չունենք:

– Ներկայումս շատ փոքրեր փակվում են, չեն դիմանում մրցակցությանը:

– Ես նկատել եմ, որ շատ փոքրեր մեծանում ու «ագրեսիվ» են դառնում: Այսօր մեզ մոտ աշխատելու խնդիր կա: Պետք է աշխատես, որ զարգանաս: Եթե մարդը չի աշխատում, գնում է, արտագաղթում է: Ավելի շատ բարոյահոգեբանական խնդիր կա, աշխատողը միշտ ստանում է ու լավ էլ վաստակում է: Մենք ասում ենք՝ վատ է, վատ է, վատ է… Բայց ես ոչ իշխանություն եմ, ոչ ընդդիմություն, ես արտադրող եմ ու այդ կարծիքին չեմ: Երեկ, օրինակ, օրս անցկացրել եմ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում: Նոր մատակարարներ եմ ուզում ներգրավել: Այսօր մեր խնդիրը կարողություններն են: Մենք լավ աճելու տեղ ունենք, բայց կարողությունների խնդիր կա, որը միայն մեզնից չի կախված: Մեր գործընկերները նույնպես պետք է իրենց կարողությունները ավելացնեն: Այդ հարաբերությունները պարալաիզացված են: Ինչ-որ ապրանք ես պատվիրում, անորակն են բերում, որով ես արտադրում եմ որևէ ապրանք և այդպես շարունակ: Կամ էլ մարդիկ գտնում են, թե պետք է վատ անեն իրենց գործը, որովհետև վատ է վիճակը: Բայց էդպես չի: Շատ խնդիրներ կան Հայաստանում, որ եթե ամեն մեկն իր ուժերի ներածին չափով չաշխատի, չեն հաղթահարվի:

– Եթե վարչապետին կամ նախագահին դիմելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ հարց կբարձրացնեիք:

– Շատ հարցեր վարչապետից կամ նախագահից կախված չեն, այլ ավելի շատ հասարակությունից են կախված: Նախագահից ես պահանջ չունեմ: Նա որոշակի պարտավորություններ է ստանձնել, պետք է դրանք կատարի: Նախագահից ի՞նչ պահանջ ունենամ: Ես ուզում եմ աշխատել և ուզում եմ, որ մեր աշխատակիցներն արժանապատիվ լինեն: Ես շատ կուզեմ, որ մենք նպատակահարմարությունով չառաջնորդվենք: Օրինակ՝ հուլիսի 1-ից հարկային դաշտ գալու վերաբերյալ հայտնի հայտարարության հետ կապված ես հիշում եմ, որ 1998 թ. ապրիլին նման հայտարարություն արեց նաև այն ժամանակ վարչապետ Արմեն Դարբինյանը: Բայց նման քայլերը նպատակահարմարությունից ելնելով չպետք է արվեն: Դրանից մի քանի օր հետո իմ ծանոթներից մեկը, որ այդ բնագավառի հետ է կապված, ասաց, որ եթե մինագամից դուրս գան ստվերից, ապա գնաճ կլինի ու կարող է ավելի վատ լինել: Ես համաձայն չեմ իր հետ, այդպես չէ: Եթե որոշում են մի բան, պետք է անել և չպետք է թույլ տրվի, որ դա միայն քաղաքական հայտարարություն լինի ու օդում մնա: Պետք է հետևողական լինել: Օրինական դաշտում աշխատելն օգուտ է բոլորին՝ և´ փոքրերին, և´ մեծերին: Միաժամանակ, իմ կարծիքով, չպետք է տրվել նրան, որ որոշ խավերին հարկերից ազատեն: Բոլորը պետք է մասնակցեն բյուջեի ձևավորմանը, որովհետև բյուջեն դա բանակն է, կրթությոնն է, որ այսօր շատ ծանր վիճակում է… Շատ փոքր կրպակներ կան, որ լավ էլ աշխատում են, բայց ընտանեկան բիզնեսի անվան տակ հարկեր չեն վճարում: Բոլոր տնտեսվարողներն էլ պետք է իրենց չափով հարկեր վճարեն, թեկուզ 0.5%, թեկուզ 1%: Ինչո՞ւ պետք է փոքրին ազատեն հարկերից: Այդ դեպքում փոքրը երբեք չի մեծանա: Այդ նույն տրամաբանությամբ տաքսիստները բողոքում են կարմիր գծերից, տեսասարքերից, բայց օրական քանի՞ տաքսի է վթարի պատճառ դառնում, ինչպե՞ս պետք է կարգի բերեն նրանց: Այսինքն՝ նպատակահարմարությունով առաջնորդվելը տվյալ դեպքում ճիշտ չէ: Պետք է հստակ, հասկանալի ու արդար կանոններ լինեն ու մարդիկ աշխատեն: Հակառակ դեպքում ամեն ինչ խառնվում է ու բիզնեսով զբաղվելը վնասարար է դառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս