Բաժիններ՝

Ի՞նչ կա գրքում՝ փոշուց բացի

Վերջին շրջանում լույս տեսնող նոր մատենաշարերը, արժեքավոր գրքերը, թարգմանություններն ու դրանց լրացված, մշակված տարբերակներն առիթ դարձան ևս մեկ անգամ անդրադառնալ մտավախություններին ու չարագուշակ կանխատեսումներին, թե «դասական» գիրքը` ստվարաթղթե շապիկով, այլևս ռետրո է, պատմություն: Որ գրքերն այլևս անմրցունակ են դրանց էլեկտրոնային տարբերակների կամ սեղմագրերի հետ:

Մի բան ակնհայտ է՝ գիրքն այսօր էլ չի դադարել նվեր լինել՝ ծննդյան կամ որևէ այլ առիթով: Պարզապես այն հիմա ամենալավ կամ ամենաանհրաժեշտ նվերը չէ՝ համակարգչի, հեռախոսի, կենցաղային պարագայի կամ հագուստի համեմատ: Թեև լույս տեսնող արժեքավոր (հատկապես՝ բովանդակության առումով) գրքերը հույս են թողնում, որ մի օր գիրքը կվերականգնի՝ որպես նվեր` առաջատարի իր դիրքերը:
Այսօր երեխաներն արդեն հարցնում են, թե ինչի՞ համար ենք գրքեր գնում, երբ համացանցում կան աշխարհի երեսին գրեթե բոլոր գրքերի էլեկտրոնային տարբերակները:

Ի՞նչ կարելի է գտնել իրական գրքի մեջ ավելին, ինչ չկա դրա էլեկտրոնային տարբերակում: Հասկանալի է՝ փոշուց բացի: Եվ ինչո՞ւ է կարևոր ընթերցել, օրինակ, Եվգենի Զամյատինի ստեղծագործությունները՝ ոչ թե գիրքը ձեռքիդ, հատ-հատ թերթելով էջերը, այլ մոնիտորին մատով տառատեսակը կարգավորելով: Այս խիստ տրամաբանական հարցերին ռացիոնալ պատասխաններ գտնելը, թերևս, բարդ է: Եթե ոչ՝ անհնար:
Իսկ իռացիոնալ՝ որքան ուզեք:

Ձեռքիս է Շեքսպիրի հատորյակը, որը գնել է հայրս՝ երիտասարդ տարիքում, և այնքան է ընթերցել, որ գրքի էջերը մաշվել են: Առաջին էջին գրիչով գրված է՝«Վիգեն Ավագյանի անձնական գրքերից»: Տարիներ հետո ծիծաղում էր երիտասարդական այս նաիվ քայլի վրա՝ գրքի վրա նշել, որ այն պատկանում է քեզ և ոչ մեկին՝ քեզնից բացի: Ի դեպ, 60-70-ականներին գրքի վրա «սեփականատիրոջ» անուն-ազգանունը հանդիպելը չափազանց ընդունված պրակտիկա էր:

Մարդիկ ենթագիտակցորեն (կամ, թերևս, գիտակցված) ընդգծում էին, որ գիրքն այնքան արժեքավոր է, որ որևէ մեկը՝ տիրոջից բացի, չպետք է հավակնի այն իր սեփականությունը կարծելգԳիրքն էլ ամեն մեկին չէ, որ տալիս էին՝ ընթերցելու: Քանի որ, համաձայն գործող ավանդույթի, գրքերը վերցնում են ընթերցելու և չեն վերադարձնում: Հովհաննես Թումանյանն իր հարուստ գրադարանում առանձնացնում էր մի գիրք: Երբ հետաքրքրվում էին՝ ինչո՞վ է այն առանձնանում, ասում էր. «Այս գիրքը վերցրել են՝ ընթերցելու, և վերադարձրել են»:

Այդուհանդերձ, ինչո՞վ են գրքի էլեկտրոնային տարբերակները զիջում բուն գրքին:
Գիրքն առնում ես ձեռքիդ մեջ, կարող ես շոշափել, զգալ: Այդ գիրքը դնում ես կոնկրետ տեղ՝ քեզ տեսանելի: Իսկ համակարգչի պարագայում ընթերցում ես այդ՝ չգիտես որտեղից մոնիտորին հայտնված տեքստը: Փակում ես համակարգիչը, ու տեքստն անհետանում է այնտեղ, որտեղից հայտնվել էր՝ վիրտուալ անհայտություն:
Կան օրինաչափություններ, որոնք թելադրում է զարգացող քաղաքակրթությունը:

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում հեռուստատեսության օպերատորը կանխատեսում է, որ ևս 20 տարի, ու չի լինի ո՛չ կինո, ո՛չ թատրոն, համատարած հեռուստատեսություն: Այդպես ժամանակին թվում էր, թե լուսանկարչությունը կփոխարինի գեղանկարչությանը: Բայց արվեստի բոլոր ճյուղերը, փառք Աստծո, կան և զարգանում են:

Մինչև այսօր էլ գիրքը, չնայած հոռետեսական կանխատեսումներին, ունի անվիճելի առավելություն՝ այն շարունակում է մնալ գիտելիքի միակ և անփոխարինելի աղբյուրը: Ինչ խոսք, կան գիտելիք ստանալու ավելի մատչելի, առօրյա տարբերակներ ևս, օրինակ՝ Google-ը: Կարող ես գրել մեկ բառ, ու էկրանիդ կհայտնվեն Սոկրատեսի մտքերը՝ Պլատոնի շարադրմամբ:

Ամեն նոր կոմունիկացիայի, տեխնիկայի զարգացման հետ մտավախություն է առաջանում, որ կկորցնենք այն, ինչ եղել է դրանից առաջ: Սակայն ոչ ոք իր գրադարանը դեն չի նետում՝ փոքրիկ սենյակում լրացուցիչ ազատ տարածություն ստանալու համար՝ մխիթարվելով, թե այդ բոլոր գրքերը կարող է գտնել էլեկտրոնային տարբերակով: Առավել ևս, որ համակարգիչը տեղ չի զբաղեցնում: Մինչ օրս լույս են տեսնում նոր ու հետաքրքիր գրքեր: Եվ դրանք գնորդներ ու ընթերցողներ ունեն:
Երբեք չեմ մոռանա հեղինակի ընծայագրով ինձ նվիրած առաջին գիրքը: Այն ստացա, երբ դեռ տառաճանաչ չէի. ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գրած գիրքն էր` «Իմ մորուքի պատմությունը»:

Մեր շենքում՝ Դավիթ Մալյան 4 (ԵՊՀ դասախոսների շենքն էր), կար գրքի տարօրինակ պաշտամունք: Բառացիորեն բոլոր հարևանների տների կահույքի հիմնական ատրիբուտը գրադարակներն էին՝ անթիվ-անհամար գրքերով: Սակայն բոլորը գիտեին՝ գրքերի թվով առաջատարը ԵՊՀ հրատարակչության տնօրեն Վահան Մաղալյանն էր: Գրքերի հսկայական խմբերը սկիզբ էին առնում նրա բնակարանի անմիջապես դռնից: Թե ինչպես էր նա իր մեկսենյականոց տանը տեղավորում այդքան գիրք, ու դեռ տեղ էր մնում նրա երեք հրաշալի զավակների համար, հանելուկ է մինչ օրս:

Այնպես որ, գրքի ապագայի համար անձամբ ես հանգիստ եմ:
Մեկ կյանքը բավական չէ՝ ընթերցելու աշխարհի բոլոր լավ գրքերը: Մասնավորապես, այս պահին ընթերցողն ունի Սամվել Մկրտչյանի, Արամ Թոփչյանի, Զավեն Բոյաջյանի ու հրաշալի այլ թարգմանիչների աշխատանքներին ծանոթանալու լավ առիթ: Ի դեպ, ճիշտ գիրք ընտրելը լուրջ «գիտություն» է: Այդ առումով շատ ուսանելի է մեր մեկ այլ հարևանի՝ հայագետ Ասատուր Փաշայանի պատմությունը: Երրորդ դասարանում նա մտնում է Նալբանդ գյուղի դպրոցի գրադարան՝ գիրք վերցնելու: Գրադարանավարը տեսնում է վտիտ, փոքրամարմին երեխային ու նրա համար համապատասխանաբար ընտրում ամենաբարակ բրոշյուրը` Արիստոտելի «Պոետիկան»…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս