Կարմիր Խաչն օգնում է նաեւ միայնակ ծերերին. ԿԽՄԿ ծրագրի հետքերով
Սուրեն եւ Մարուսյա Սաֆարյաններն այն միայնակ ծերերից են, ովքեր ավելի քան 10 տարի է օգնություն են ստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ղարաբաղյան գրասենյակից:
Ստեփանակերտի Վարդան Այգեկցի փողոցում բնակվող ամուսինները փաստում են, որ օգնությունը ստանում են 2003 թվականից. նախկինում այն ծանրոցների տեսքով էր՝ տարեկան երեք անգամ, իսկ հիմա՝ այս տարվա փետրվարից նրանք գումարը ստանում են ամեն ամիս՝ թոշակների հետ:
«Մեզ համար այդ օգնությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե նախկինում մթերք էինք ստանում ու դրա համար գումար չէինք ծախսում, ապա այսօր այդ գումարով մթերք ենք գնում՝ ինչ ուզում ենք. բրինձ, թեյ, շաքարավազ, գովյադինա, վերմիշել եւ այլն,- թվարկում է 78-ամյա Սուրեն պապիկն ու շարունակում: – Ուրիշներից բան չենք խնդրում, մեզանով յոլա ենք գնում: Մեր եկամուտն, այո, հերիքում է: Որ չհերիքի՝ խանութում պարտքացուցակի մեջ կհայտնվեինք: Մենք այնպես ենք անում, որ պարտք չլինի: Կամաչեմ պարտքով գնել»:
Ամուսինները ԿԽՄԿ-ից ամսական ստանում են շուրջ 20 հազար դրամ, որն իրենց համար մեծ օգնություն է: «Կարմիր խաչից շատ գոհ ենք: Օգնությունը լավ բան է, դու քեզ միայնակ չես զգում»,-ասում է նախկինում ղարմետաքսկոմբինատում աշխատած Սուրեն պապիկը, ով հիմա կնոջն է խնամում, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի ու հիմնականում անկողնային վիճակում է լինում:
Նրանց եկամուտն այսօր շուրջ 110 հազար դրամ է կազմում, ինչն, ըստ նրանց, բավարար է գոյատեւելու համար, միայն թե պատերազմ չլինի:
Ի տարբերություն այս ընտանիքի, 75-ամյա Էլմիրա Ջահանգիրյանի եկամուտը կազմում է այդ գումարի կեսը՝ ի շնորհիվ ԿԽՄԿ ղարաբաղյան գրասենյակի կողմից տրամադրվող օգնության:
Էլմիրա տատիկն ասում է, որ այդ գումարով հազիվ ծերը-ծերին հասցնում է, քանի որ եւ կոմունալ վճարներն են բարձր, եւ դեղերի սակագները, իսկ նա, իր հավաստմամբ, «դեղերով է ապրում»:
Միայնակ կինը ԿԽՄԿ-ից ամսական ստանում է շուրջ 11 հազար դրամ. «Շատ եմ շնորհակալ: 10 դրամը մեկ լուցկի է, մի օր ինձ համար տնտեսում է: Եթե 10 դրամի տեղը իմանաս՝ ամեն ինչի գինն էլ կիմանաս: Կարմիր Խաչի տրամադրածն ինձ համար մեծ օգնություն է. եթե նախկինում մթերք էին բերում, որոնցից որոշները չէի ուտում, հիմա ինչ ուտում՝ նա եմ գնում այդ գումարով: Կարմիր Խաչին պետք է պատվոգիր տալ դրա համար, ես անձամբ շատ գոհ եմ, որովհետեւ իրենք միայնակ ծերերին օգնում ու գնահատում են: Աշխատակիցներն էլ են զգում, որ մեծ կին եմ՝ օգնել է պետք»,-բացատրում է տիկին Էլմիրան ու հավելում, որ իր համար մեծ նշանակություն ունի նաեւ այն, որ օգնություն բերողները սիրալիր են, նստում եւ զրուցում են իր հետ, լսում իր խնդիրների մասին:
80-ամյա Էմմա Պողոսյանն էլ այն միայնակ ծերերից է, ում թոշակը շատ ցածր է, իսկ օգնության չափը՝ բարձր: «Ողջ կյանքում չեմ աշխատել, աղջիկս էր ինձ պահում, բայց ամիսներ առաջ ինձ լքել է»,-լացակումած աչքերով փաստում է Էմմա տատիկն ու ցույց տալիս 45 տարեկանում կյանքից անժամանակ հեռացած աղջկա նկարը:
«Ամսական եկամուտս հերիքում է, սոված չեմ մնում, բայց շոր չեմ առնում, աղջիկս էր ամեն ինչ անում,-լացելով պատմում է միայնակ մնացած մայրը ու շարունակում,- ոչ մեկը չունեմ, ոչ եղբայր, ոչ տղա, ոչ ուրիշ երեխա… »:
Էմմա տատիկն ուրիշ տեղից օգնություն չունի, միայն ԿԽՄԿ-ի ծրագրից է օգտվում, որը, ըստ նրա, ծախսում է միայն սննդի վրա, իսկ «ձմեռն էլ փայտ պետք է գնի, քանի որ առանց դրա իր բնակարանում հնարավոր չէ, շատ ցուրտ է»:
Էմմա Պողոսյանի թոշակը 23 400 դրամ է, որին գումարվում է նաեւ ԿԽՄԿ օգնությունը՝ շուրջ 31 հազար դրամ:
Միայնակ ծերերին տրամադրվող օգնության չափի տարբերությունները, ըստ ԿԽՄԿ ղարաբաղյան գրասենյակի տնտեսական անվտանգության բաժնի աշխատակից Մհեր Թովմասյանի, պայմանավորված են ծերերի ամսական եկամուտներով. որքան եկամուտը ցածր է /այսինքն նրանց թոշակը/ այնքան ԿԽՄԿ օգնության չափը բարձր է:
Ավելի քան 10 տարի կազմակերպությունն իրականացնում էր միայնակ ծերերի աջակցության ծրագիրը, որի շրջանակներում կարիքավոր միայնակ ծերերին տարեկան երեք անգամ մթերքներով եւ հիգիենայի պարագաններով ծանրոցներ էր բաժանվում՝ իսկ ահա անցյալ տարի որոշեցին օգնության ձեւը փոխել եւ աշխարհագրությունն ավելի ընդլայնել: Հունվար ամսում այցելեցին Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունում, եւ այլ շրջկենտրոններում բնակվող միայնակ ծերերի տները`վերջիններիս սոցիալ-տնտեսական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հարյուրից ավելի ծերերի եկամուտը բավականին հեռու է նվազագույն սպառողական զամբյուղի չափից կամ դրան չի հասնում: Արդյունքում որոշվեց միայնակ ծերերին տրամադրել կանխիկ գումար՝ իրենց եկամուտի եւ նվազագույն սպառողական զամբյուղի միջեւ տարբերության չափով:
Ծրագրից մինչեւ հուլիսի 1-ը օգտվում էին 142 անձինք: Սակայն հուլիսի 1-ից արդեն օգնություն է տրամադրվում նաեւ գյուղաբնակ միայնակ ծերերին /153 հոգի/, որոնց շրջանում սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններն ավարտվել են վերջերս։
Ընդհանուր առմամբ՝ ԿԽՄԿ ղարաբաղյան առաքելության նշված ծրագրից օգտվում է 295 միայնակ ծերեր, ում տրամադրվող գումարի ընդհանուր չափը կազմում է շուրջ 3.6 մլն դրամ։
«Մեր տեղեկությունների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղի գումարային չափը կազմում է 54 523 դրամ: Եթե հետագայում նշված գումարը աճի՝ մեր կազմակերպությունը կշարունակի օգնություն տրամադրել նույն սկզբունքով»,-հավաստիացնում է Մհեր Թովմասյանը եւ տեղեկացնում, որ ծրագիրը կիրականացվի մինչեւ տարեվերջ եւ հույս հայտնում, որ այն կշարունակվի նաեւ գալիք տարիներին:
1863 թվականին հիմնադրված ԿԽՄԿ-ն Ղարաբաղում գործունեություն է ծավալում 1992 թվականից: Կոմիտեն հումանիտար ծրագրերի շրջանակներում մինչ օրս էլ շարունակում է աշխատանքներ տանել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ազատազրկված անձանց շրջանում՝ այցելելով եւ ծանոթանալով նրանց ազատազրկման պայմաններին, հակամարտության հետեւանքով տարանջատված ընտանիքների անդամների միջեւ կապերի վերականգնման, անհայտ կորած անձանց մասին մանրամասն տվյալների հավաքագրման ուղղությամբ: Կոմիտեն նաեւ սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական օգնություն է ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքներին, ականներից տուժածներին, իրականացնում այլ ծրագրեր:
karabakh-open.info