Ավտոմայրուղու շինարարների ավելի քան 5 ամիսների աշխատավարձերը չեն տրվել
Արդեն քանի օր է՝ գործում է Լենինգրադյան-Իսակով նոր մայրուղին: Տրանսպորտային երթևեկության հոսքերը բեռնաթափելու նպատակով, Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայն նախատեսված, կենտրոնը շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա անընդհատ երթևեկության քաղաքային օղակաձև ավտոմայրուղի կառուցելու ծրագրով, իրականացվել է անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը:
Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին: Այդ օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ ծանոթացել էր քաղաքային նոր ավտոմայրուղուն: Ըստ պաշտոնական տվյալների՝ ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեցանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։
Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ, ընդամենը՝ 87000 քմ: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։ Ըստ Տարոն Մարգարյանի՝ ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում:
Ս. Սարգսյանի այցի օրը Տ. Մարգարյանը նաև զեկուցել էր, որ նաև կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ և թուփ։ Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն, շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0 մլն դրամ է:
Ճանապարհը շատ լավ է և արդեն իսկ լիարժեք գործարկվում է, սակայն խնդիրը նրանում է, որ շինարարական կազմակերպությունը շինարարներին դեռևս չի վճարել ավելի քան 5 ամիսների աշխատավարձը: Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ կառուցապատման ողջ ընթացքում շինարարները աշխատավարձերը ստանում էին ամիսներով ուշացումներով: