Հարցեր ու պատասխաններ, որոնք չհնչեցին Հ1-ի եթերում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Հ1-ին շատ ուշագրավ ստացվեց: Անսպասելի: Իսկ սկիզբը հուսադրող էր:
Օրինակ` ֆուտբոլին վերաբերող պարզ ու անշառ հարցին Սերժ Սարգսյանն այնպիսի լուրջ ու մանրամասն պատասխան տվեց, որ հույս ծագեց` նման խորությամբ կստանանք նաև հանրությանը հուզող մյուս հարցերի պատասխանները:
Մանավանդ` Նվեր Մնացականյանը մի քանի անգամ շեշտեց, որ նախապատրաստել է մի շարք լուրջ հարցեր: Սակայն 40 րոպե տևած հաղորդման ժամանակ Ն. Մնացականյանը տվեց ընդամենը 4 հարց (ֆուտբոլը չհաշված) և ընթացքում արեց մեկ կարճ ռեպլիկ:
Նախագահի պատասխաններից այնքա՜ն հարցեր էին ծագում, որ ցանկացած լրագրողի համար դժվար կլիներ չընդհատել ու հընթացս հարցեր չտալ: Ցանկացածի համար, բայց ոչ «Հարցազրույցի» հեղինակի:
Քաղաքական հարցերի մասին մեր գործընկերներն արդեն հասցրել են գրել և դեռ կգրեն: Խոսենք միայն տնտեսականի մասին: Եվ այսպես, իր տնտեսական հարցերը Նվեր Մնացականյանը սկսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված մտահոգություններից: Մասնավորապես` խնդրեց մեկնաբանել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մաքսային դրույքաչափերի տարբերության պատճառով սպասվող թանկացումները:
Ս. Սարգսյանն ի պատասխան` նշեց, որ` այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: «Նախ այդ տարբերությունները հսկայական չեն, և երկրորդ` զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք, այսպես ասած, մուտքի շղթաներ, հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին»,- ասաց երկրի նախագահը` ավելացնելով, որ, օրինակ, մեքենաների ներմուծման մասով այդ դրույքների կիրառումը ՀՀ-ի համար անպայման հետաձգվելու է 5-10 տարով, մինչև «կադապտացվենք»: Ս. Սարգսյանը նաև խոստովանեց, որ ինքն էլ որոշակի անհանգստություններ ունի, քանի որ մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ, և կան մարտահրավերներ:
«Բայց դրանք լուծելի են, և մեր անդամակցությունը բերելու է ՀՀ տնտեսական զարգացմանը»,- ասաց նա:
Հարցը, թե` ինչո՞վ եք վստահ, որ դա կբերի մեր տնտեսական զարգացմանը, չհնչեց: Միգուցե այն պատճառով, որ նախագահն ամենասկզբից հայտարարեց` «ՄՄ-ին մենք ցանկություն ենք հայտնել անդամակցել` ունենալով ոչ միայն այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, այլ նաև խորը տնտեսական վերլուծություններ»:
Ս. Սարգսյանը նաև կոնկրետ օրինակ բերեց` նշելով, որ որոշ արդյունքներից մենք օգտվում ենք: «Եթե այսօր մենք մեր սահմանին բնական գազ ստանում ենք 1խմ-ն 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստների ներմուծման պարագայում ունենք 7%-անոց զեղչ, դա, այսպես ասած, ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,- ասաց նա:
Այս ամենն իր մեջ մի հետաքրքիր նրբերանգ էր պարունակում: Նախագահը խոսում էր ԵՏՄ-ի մասին (թեպետ իներցիայով օգտագործում էր «մաքսային միություն» բառակապակցությունը), ակնկալվող օգուտների մասին, սակայն իրական` առարկայական խոսակցությունը վերաբերում էր միայն վնասներին, այդ վնասների մինիմալացմանը: Նույն գազի գինը ոչ թե օգուտ է, այլ վնասի մինիմալացում:
Ուրի՞շ ինչ օգուտ կարող է տալ մեզ ԵՏՄ-ին անդամակցությունը: Շուկա՞ն է բացվելու մեր առջև. սակայն այն հիմա էլ փակ չէ: Իսկ միգուցե ներդրումնե՞ր են հոսելու այդ երեք երկրներից Հայաստան: Դա էլ իրատեսական չէ, քանի որ այդ երկրներն իրենք ունենք խնդիրներ և ներդրումների կարիք: Բոլոր երկրներում վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են: Իսկ միգուցե մենք երկարաժամկետ հեռանկարո՞ւմ ենք շահելու` յուրացնելով այդ տնտեսական տարածքի բիզնես մշակույթը, ստանդարտները, գործարար մթնոլորտը, ինստիտուտների կայացվածությունը: Սակայն, արի ու տես, դա էլ իրատեսական չէ: Հայաստանն ինստիտուտների զարգացման առումով այդ երեք երկրներից առաջ է: Տարբեր զեկույցների համաձայն` մեզ մոտ գործարար մթնոլորտը փայլուն չէ, սակայն շատ ավելի լավն է, քան ԵՏՄ անդամ երկրներինը: Օրենսդրության առումով անգամ եվրոպական երկրներին չենք զիջում: Անգամ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն էր անկեղծացել, թե մենք օրինակ կդառնանք մյուս երեք երկրների համար: Կարճ ասած` այդպես էլ չիմացանք, թե որն է լավատեսության հիմքը: Ավելի ճիշտ` նման հարց չհնչեց:
Նաև չհնչեց հարց, թե ինչու այդ խորը վերլուծությունների արդյունքները չեն հրապարակվում: Չէ՞ որ, երբ պատրաստվում էին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, նույնպես վերլուծություններ էին արվում և հրապարակվում:
Օրինակ` հրապարակվել էր մի քանի հարյուր էջանոց վերլուծություն, որտեղ մանրամասն հաշվարկված էր, թե ՀՀ տնտեսությունը որքան է շահելու ասոցիացումից:
Սերժ Սարգսյանը մի այսպիսի արտահայտություն էլ արեց. «Հսկայական թիմ է աշխատել, և ես վստահ եմ, որ մենք առաջին արդյունքները ունենալու ենք հենց հաջորդ տարի: Եվ այն ժամանակ մենք ի ցույց ենք դնելու բոլոր այդ առավելությունները: Նորից եմ կրկնում` մենք բանակցային փուլում էինք, և բանակցային փուլում գովերգել, ի ցույց դնել առավելությունները, նշանակում է` ունենալ ոչ ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ: Վստահ եմ, կտեսնեք. ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո ՀՀ հաջողությունները պայմանավորելու են այս քայլի արդյունքում»:
Չհասկացվեց` ի՞նչ առավելությունների մասին է խոսքը: Եվրասիական տնտեսական միությա՞ն առավելությունների` Եվրամիության համեմատ: Առավելություն` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանների՞ հարցում: Թե՞ խոսքը մրցակցային առավելությունների մասին է, որը մենք կունենանք ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ` արդեն անդամակցությունից հետո, և այդ մասին դեռ չենք հայտարարում, որ չվախենան:
Դատելով Նվեր Մնացականյանի դեմքի արտահայտությունից և լռությունից` իր համար այդ հարցերը պարզ էին: Սակայն վատ չէր լինի, եթե հեռուստադիտողների համար դրանք նույնպես պարզվեին:
Հարց չհնչեց նաև այն մասին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու տնտեսական օգուտներն ու վնասները հաշվարկելիս հաշվի առնվե՞լ են օգուտները, որոնք կունենայինք ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում: Ասենք` առևտրի պայմանների ազատականացումը, դրույքաչափերի նվազեցումը, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի դյուրացումը և այլն: Չէ՞ որ տնտեսագիտության մեջ ծախս համարվում է նաև բաց թողնված օգուտը:
Ինչևէ, Նվեր Մնացականյանը համարեց, որ ԵՏՄ անդամակցության տնտեսական մասը «փակված է», և անցավ ներքին հարցերին` Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
Սերժ Սարգսյանն ուրախությամբ նշեց, որ «ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը: Ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել, և այդ ակնկալիքները պետք է արդարացվեն»: «Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք` լինի դա կառավարության լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի և չափելի: Եվ որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը»,- ասաց երկրի նախագահը:
Իհարկե, նոր կառավարության գործունեությանը գնահատական տալու համար դեռ շուտ է: Սակայն հնի համար` արդեն ինչ-որ տեղ` նաև ուշացած: Տիգրան Սարգսյանի 6-ամյա գործունեության տնտեսական գնահատական այդպես էլ չհնչեց: Ավելին` ջենթլմենական համաձայնություն եղավ, որ նախկինի ետևից չեն խոսելու:
Ինչևէ, Սերժ Սարգսյանը շեշտեց, որ իր համար` որպես ոչ տնտեսագետի, գոյություն ունեն մի քանի չափանիշներ.
«Առաջինը կայուն տնտեսական աճն է, որ կառավարությունը պետք է ապահովի: Երկրորդ չափանիշն աշխատավարձ-գնաճ հարաբերակցությունն է: Այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճից, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Երրորդ հանգամանքը` հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն է. թե մեր ՀՆԱ-ի որ մասն ենք մենք կարողանում բերել բյուջե, որովհետև սա է հիմքն աշխատավարձերի բարձրացման և սոցիալական խնդիրների լուծման»:
Նշենք, որ այս 3 հիմնական չափանիշներով` Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է քիչ թե շատ նորմալ արդյունքներ ցույց տալ: Տնտեսական աճի մասով, բացառությամբ 2009թ. ճգնաժամային անկման, հաջորդ տարիներին արձանագրվել է կայուն տնտեսական աճ: 2012-ին անգամ նախատեսվածից բարձր աճ գրանցվեց` 7.2%: Աշխատավարձը վերջին տարիներին միշտ ավելի բարձր աճի տեմպեր է ապահովել, քան սպառողական գները (համենայնդեպս, վիճակագրությունն այդ է փաստում):
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը Համաշխարհային բանկի տվյալներով` 2009 թվականին 16.5% էր, 2010-ին` 17.1%, 2012-ին` 18.7% (համեմատության համար նշենք, որ Բելառուսում և Ռուսաստանում այդ ցուցանիշը 15% է, իսկ Ղազախստանի տվյալները բացակայում են):
Կարճ ասած, Տիգրան Սարգսյանը գոնե այս չափանիշներով չի ձախողվել: Թեպետ վերջին շրջանում խոսվում էր, որ այսուհետ ուշադրության կենտրոնում լինելու է ոչ թե տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշը, այլ տնտեսական զարգացումը: Այդ մոտեցումը սահուն մոռացվեց դեռ Տիգրան Սարգսյանի օրոք:
Ինքը` Սերժ Սարգսյանը, խոստովանեց, որ «եթե այս տեսանկյունից ենք նայում, մենք վերջին 3-4 տարիներին ունեցել ենք իրոք ձեռքբերումներ»: Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը:
Երկրի նախագահն առանց այդ հարցին սպասելու (թեպետ դժվար էլ այդ հարցը հնչեր)` փորձեց տալ նաև այդ հարցի պատասխանը. «Այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ ավելի բարեկեցիկ ապրել…»:
Մի խոսքով, հասարակությունն ավելի լավ ապրելու հավակնություններ ունի, և այդ հարցի լուծման բանալին Հովիկ Աբրահամյանի կիսանոր կառավարությունն է: «Նոր կառավարության առումով ես արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություն է ունենալու: Կանցնի որոշակի ժամանակ, մենք շատ ավելի հստակ կխոսենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Եվ կրկին, ինչպես ԵՏՄ-ի դեպքում, անհասկանալի մնաց` ինչով է պայմանավորված այդ լավատեսությունը: Չէ՞ որ վարչապետն իշխանության մեջ նոր մարդ չէ, իսկ կառավարության ուղիղ կեսը նախկին պաշտոնյաներ են, ովքեր արդեն հասցրել են կորցնել հասարակության մի ստվար մասի հարգանքը և վստահությունը: Իհարկե, նախագահը խոսում էր առանց շտապելու, իսկ «Հարցազրույց» հաղորդաշարի եթերային ժամանակը սահմանափակ էր, սակայն կարելի էր մի քանի հարցեր ուղղել, այդ թվում` պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ:
Ինչևէ` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը արդեն գրեթե փաստ է, Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը` փաստ, իսկ հարցազրույցը` արդեն կատարված փաստ, որոշ պատասխաններ ստանալու բաց թողնված հնարավորություն: Ինչպես ասաց երկրի նախագահը` ամեն ինչ վերջացած է և շատ պարզ: