Կառավարությունը մերժեց ՕԵԿ-ին

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը կիսում է նախագծի հեղինակների` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների ապահովման սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության մշակմանն և իրականացմանն ուղղված նպատակադրումները: «Ավելին, այս և Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի օրենսդրական դաշտը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2006 թվականի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը մշակել և օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացրել նոր` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ»:

Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծի հիմնական դրույթներն արտացոլված են կառավարության օրենսդրական նախաձեռնությունում. «Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»:

Ըստ Ա. Ասատարյանի՝ նպատակահարմար չէ ընդունել նաև ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ ներկայացված եզրակացությունում նշված է, որ Հայաստանում հաշվառված ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների մեծ մասը համարվում է զինվորական ծառայության պարտականություն կատարելիս հաշմանդամ դարձած անձ, որոնց սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. «Այն անձանց սոցիալական խնդիրները, որոնց հաշմանդամությունը կապված է ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Եզրակացության նախագծի համաձայն՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների բոլոր մասնակիցներն, անկախ զինծառայության կամ հաշմանդամության հանգամանքից, ընդգրկված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում.

Ըստ նախագծի՝ անկախ հաշմանդամության պատճառից, «ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակից հաշմանդամները «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օգտվում են բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունքից (հոդված 31): Հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին և 2-րդ խումբ) օգտվում են նաև քաղաքային ուղևորատար էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու արտոնությունից»:

Տեսանյութեր

Լրահոս