Եվրասիական «դավադրությունը» բացահայտվեց
Մայիսի 29-ից հետո հայ հասարակության ստվար հատվածը և իշխանությունն ամբողջությամբ՝ առանձնակի դաժանությամբ քննադատում, անարգանքի սյունին էր գամում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հեյդար Ալիևի նամակն ընթերցելու համար: Այդ նամակը, որի ընթերցման ժամանակ լուռ էին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Ալեքսանդր Լուկաշենկոն ու անգամ Վլադիմիր Պուտինը, արտահայտում էր Ադրբեջանի պահանջն առ այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
Հայաստանի իշխանությունների ու իշխանական քարոզչության կողմից տեղի ունեցածը ներկայացվում էր մոտավորապես այնպես, որ Նազարբաևը, ով ոչ միայն գործող Ալիևի, այլ նաև հայր Ալիևի ընկերն էր, դավադրաբար առաջ է տարել իր ընկերոջ երկրի շահը՝ ի հաշիվ Հայաստանի շահի: Այնքան դավադրաբար, որ բոլորը վերլուծում, հաշվարկում, աբստրահում են՝ արդյոք Պուտինը տեղյա՞կ է եղել այդ նամակի մասին, ինչո՞ւ նա ձեռքը չխփեց եվրասիական սեղանին ու չհայտարարեց, որ անթույլատրելի է մեր ռազմավարական գործընկերոջ առաջ նման պայման դնել նրա ռազմավարական թշնամու պահանջով: Այսինքն՝ կատարվածը փորձ էր արվում մատուցել այնպես, կարծես Նազարբաևն անգամ Պուտինին է շրջանցել Ադրբեջանի շահը պաշտպանելու համար: Կորչի Նազարբաևը, կեցցե Պուտինը:
Բայց այդ դավադրության փուչիկը պայթեց: Նախ, հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն ինքը, այլև Աստանայում գտնվող ՀՀ պատվիրակության տասից ավելի անդամներ այդ նիստի նախօրեին տեղյակ են եղել Ալիևի գրած նամակի մասին: Հայտարարեց այդ մասին ու չհայտարարեց այն մասին, թե տեղյակ, այսինքն՝ նաև պատրաստ լինելով` ինչո՞ւ չի պատասխանել ընկեր Նուրսուլթանին:
Բայց դավադրությունն ավելի հիմնավորապես ի չիք դարձավ երեկ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ուշադրություն դարձրեք, Բաքվում, հայտարարեց՝ Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, այսինքն` առանց Ղարաբաղի: Այսինքն՝ իրականում Նազարբաևն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիևի պահանջը, այլև Պուտինի պահանջը: Կամ` Ալիևի պահանջից հետո նաև Պուտինինը դարձած պահանջը, որն արդեն իսկ բավարարվել է: Հայաստանի իշխանության կողմից: «Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով»,- նախօրեին հայտարարեց Սերժ Սարգսյանը: «Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցել է այն սահմանների շրջանակներում, որոնք ընդունվել են միջազգային մակարդակում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»,- երեկ Բաքվում հայտարարեց Սերգեյ Լավրովը:
Հանգամանքը, որ Հայաստանի մասին հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարարի կողմից հնչում է երրորդ երկրում, որն առաջինն է Հայաստանի ռազմական հակառակորդների շարքում, իհարկե, տհաճ է, բայց ոչ ավելին: Հաճելի չէ նաև այն, որ ոչ եղբայրական Ադրբեջանում Հայաստանի մասին հայտարարությունը հնչում է Սերգեյ Լավրովի շուրթերից, ում հայկական արմատներով հպարտանում ենք ազգովի: Բայց չէ՞ որ քաղաքականությունն էմոցիաներ չի հանդուրժում:
Սերգեյ Լավրովը ծառայում է Ռուսաստանի շահին, որը պատմական որոշակի պարբերականությամբ համընկնում է` Թուրքիայի, ժամանակ առ ժամանակ՝ Ադրբեջանի շահի հետ: Նրան մեղադրել կամ նրանից վիրավորվել իր արմատներին դավաճանելու մեջ, ճիշտ չէ: Սառը, հաշվարկված մոտեցումը պահանջում է արձանագրել, որ դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցած հայ ժողովուրդը տվել է արժանի զավակներ, որոնցից յուրաքանչյուրն անմնացորդ ծառայել է իր կամ իր պապերի հանգրվանած երկրների շահին:
Դա պետություն չունեցող և ունենալու դեպքում զարմանալի արագությամբ պետությունը կորցնել ցանկացող ազգի ֆենոմեն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի շահերը սպասարկող, սակայն ոչ հայկական արմատներ ունեցող պարոններին, ապա վերջին շաբաթների ընթացքում Նազարբաևին գեհենի անեծքի դատարապարտած հայ իշխանականներն ու ոչ իշխանականները, փորձագետներն ու փորձված ագենտները պարտավոր են ներողություն խնդրել նրանից: Պուտինի հետ համաձայնեցված նամակը կարդալու մեջ մեղադրելու համար:
Հակառակ դեպքում` նրանք բոլորը պետք է քննադատեն նաև ինքզինքը՝ Հայաստանը Պուտինի շահերին սպասարկող Եվրասիական տնտեսական միության անդամ դարձնելու համար: Սակայն Հայաստանում խարակիրին ընդունված չէ: Ուստի մնում է ներողություն խնդրել Նազարբաևից: Գոնե տարիքը հարգելով: