Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանի աներձագը երաշխավորել Տարոն Մարգարյանի խորհրդականի որդուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրույցել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ:

– Դուք երաշխավորել եք Երևանի քաղաքապետի խորհրդականի որդու համար, որ նա կալանքից ազատվի: Քանի որ բավական լուրջ վիճաբանություն է եղել ապօրինի զենքի գործադրմամբ, ճի՞շտ եք համարում Ձեր քայլը, արդյո՞ք նման պարագայում պաշտոնյաների որդիները պետք է ազատ արձակվեն:´

– Այո, ես երաշխավորել եմ: Դատավարությունը կլինի, եթե մեղավոր է, կպատժվի, ինչ ա եղել: Ես գործել եմ օրենքի սահմաններում: Ես Սամվելին ճանաչում եմ, ինքը շատ լավ, պարկեշտ, շատ լավ անձնավորություն ա, ասեմ: Դաստիարակված, նորմալ, ես իրան շուտվանից եմ ճանաչում, երաշխավորել եմ, որ մինչև դատավարություն ինքը դրսում գտնվի: Դատավարությունից հետո, եթե ինքը մեղավոր է, միանշանակ պետք է իր պատիժը կրի:

– Պարկեշտ անձնավորություն ասելով` ի՞նչ ի նկատի ունեք, երբ մարդը վիճաբանության մեջ է մտնում և ապօրինի ատրճանակից կրակո՞ւմ է փողոցում:

– Գիտեք, բոլորս էլ, ինձ թվում է, կարող է ընկենք ինչ-որ մի պատմության մեջ, դա չի նշանակում, որ ինքը հանցագործ ա, էլի: Իսկ եթե հանցագործ ա, ինքը միանշանակ իրա պատիժը կկրի:

Իսկ չե՞ք կարծում, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, երբ պաշտոնյաների որդիները, օգտվելով իրենց հոր կապերից, ազատ են արձակվում:

– Ես որպես պաշտոնյա չեմ ստորագրել, ես որպես ինձ հարազատ մարդ եմ ստորագրել: Անկախ նրանից` Քոթանջյան Արայիկը քաղաքապետի խորհրդականն է, թե՝ ոչ, Քոթանջյան Արայիկը իմ ընկերն ա, Սամվելին էլ ես շատ սիրում եմ և շատ ընդունում եմ:

– Նշանակում է՝ Ձեզ հարազատ մարդիկ չպե՞տք է պատասխան տան իրենց արածների համար, չպե՞տք է կալանավորվեն:

– Ինչի՞ եք տենց ասում: Ես ստորագրել եմ, որ ինքը դրսում գտնվի, էդքան բան: Եթե դուք էլ իմ հարազատը լինեիք, Ձեր համար էլ կստորագրեի, եթե ես Ձեզ ճանաչեի:

– Քանի որ Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի հանդեպ և այլն, որպես ՀՀԿ-ական պատգամավոր չե՞ք կարծում, որ այսպիսով խախտում եք այդ կանոնը:

– Իսկ ով ասեց, որ օրենքի առջև բոլորս հավասար չենք: Եթե դուք ինչ-որ խախտման դեպք կարաք ինձ ասեք, ես կգնամ, իմ ստորագրությունը հետ կվերցնեմ, բայց ինձ չի թվում, որ ես օրենք եմ խախտել:

– Այսօր կալանավորման որոշում է կայացվել ոստիկանների վրա օդամղիչ ատրճանակով կրակած երիտասարդ Հայկ Կյուրեղյանի գործով, ինչո՞ւ նրա համար չեք ստորագրել:

– Ես էդ տղային չեմ ճանաչում, եթե ճանաչեի, միանշանակ իր համար էլ ստորագրություն կտայի:

– Սակայն հասարակական բավական բուռն արձագանք կա, և ասվում է, որ ոչ համարժեք է նրա կալանքն ու ներկայացված մեղադրանքը:

– Եթե իրան ինչ-որ մարդիկ ճանաչում են, որ կարան երաշխավորեն, որ մինչև դատավարությունը դրսում գտնվի, խնդրեմ, թող գնան, ստորագրեն, ես չեմ ճանաչում:

– Ասել է թե՝ չնայած Դուք պատգամավոր եք, երբ Ձեր հարազատը չի, Ձեզ չի՞ հետաքրքրում, որ մարդը ոչ համարժեք պատիժ է կրում:

– … Գիտեք ինչ, չի կարելի թեկուզ մատը ոստիկանի վրա պահել:

– Իսկ ապօրինի մարտական ատրճանակից օդ կարելի՞ է կրակել փողոցում:

– Դա էլ չի կարելի, ես չեմ ասում, որ ինքը լավ ա արել, ինքը շատ վատ ա արել: Թող դատարանը դա որոշի, ես ո՛չ դատարան եմ, ո՛չ քննիչ եմ, ո՛չ էլ դատախազ եմ:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս