Երևան տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է. դատարանն արդարացրել է «Վարդենիսի հիվանդանոցի» բժշկին

Ինչում էր մեղադրվում բժիշկը
Նախաքննության ընթացքում«Վարդենիսի հիվանդանոցի» մանկական բաժանմունքի բժշկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հիվանդանոցում 2011 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում նա ստացիոնար բուժվող Գեղարքունիք մարզի Գեղամասար գյուղի բնակչուհուն ախտորոշել է «ՍՇՀ, տոքսիկ ձև» հիվանդություն, և համաձայն բժշկին առաջադրված մեղադրանքի՝ նշված ժամանակահատվածում բուժման ընթացքում բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, նշանակված բուժումը եղել է ոչ լրիվ ծավալով:

Ըստ մեղադրանքի՝ կնոջ վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է թերի, չի ախտորոշվել «երկկողմանի միջանկյալ թոքաբորբը, տրախեոբրոնխիտը և կատարյալ էնտերոկոլիտը»: Կնոջ նկատմամբ կատարված հետազոտությունները եղել են ոչ լրիվ ծավալով` չի կատարվել թոքերի ռենտգեն հետազոտություն, լուծի պայմաններում` կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն, որովայնի խոռոչի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն և էլեկտրասրտագրություն, որի հետևանքով 2011 թվականի մարտի 16-ին կինը հետագա բուժումը շարունակելու նպատակով Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաքննության ընթացքում «Վարդենիսի հիվանդանոցի» մանկական բաժանմունքի բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ինչ ցուցմունք է տվել նա
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում «Վարդենիսի հիվանդանոցի» մանկական բաժանմունքի բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ցուցմունք է տվել, որ 2011 թվականի մարտի 12-ին, ցերեկվա ժամին մանկական բաժանմունք է ընդունվել երեխա: Իր կողմից ախտորոշվել է «Ստոմատիտ, ՍՇՀ»: Երեխան ստացել է հակաբիոտիկ, ներարկային թերապիա, բերանի մշակում զելյոնկայով:

Բժիշկն ասել է, որ մարտի 15-ին երեխան անհանգիստ էր, գումարվում էր երկրորդային ինֆեկցիա, սկսել է զարգանալ երկրորդային տոքսիկոզ, տվյալներ են եղել, որ մայրը երեկոյան երեխային կովի կաթ է տվել, հետո երեխան փսխել ու մի քիչ թեթևացել է: Երեխային տարել են Սևանի հիվանդանոց, այնտեղ օգնություն են ցույց տվել, որտեղից էլ տեղափոխել են: Մինչ այդ, ինքն այդ օրը երեխային նայել է, ջերմությունը չափել և նշել պատմագրում:

Ամսի 15-ին` գիշերը, երեխայի մոտ գումարվել է երկրորդային ինֆեկցիա, և այդ նույն ինֆեկցիան կարող էր տալ արյան վարակ, կայծակնային ձև, սեպսիս, սեպսիսն էլ տալիս է բոլոր այդ կլինիկաները, լինում է շոկային վիճակ և փոքր ախտահարումը բերում է միկրոնային թոքը, որն արտաքինով շատ նման է թոքաբորբի, թոքաբորբի ժամանակվա թոքի սեպսիսն ունի մի քանի ձև՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, հետ տալ, ընդհանուր թուլություն, այդ դեպքը զարգացել է որպես բարդություն և տվել է ինֆեկցիոն տոքսիտ, շոկից էլ բերել է շոկային թոքի, որից առաջացել է թոքաբորբը:

Իր մոտ, բացի ջերմությունից, չի եղել հաճախաշնչություն, թոքերում ոչ մի աղմուկ չի եղել, հաճախաշնչությունը լինում է բարձր ջերմաստիճանի ժամանակ, տվյալ դեպքում, երբ որ Գեղամասարի բժշկուհին երեխային նայել է, և եթե այնտեղ եղել է բարձր ջերմություն, եղել է հաճախաշնչություն, նաև այնտեղ կարող էին լինել թոքերի կանգային երևույթներ, որը կարող է ծանրացնել, այդ կասկածներով ուղարկել է հիվանդանոց: Սրտի արատի մասին իմացել է երեխային բերելու առաջին օրը: Բուժումը կատարել է հակաբիոտիկային: Իր մոտ ներքին թունավորում էր ընթացել, դրա համար էլ բնական է՝ իր մոտ եղել է ջերմություն, դրան գումարվելով սեպսիս, որից ավելի բարձր է սկսել ջերմել: Ամսի 16-ին ինչ հնարավորություններ եղել են, արել է, գուցե հասներ Երևան, բայց չի կարող ասել՝ կփրկվե՞ր, թե՞ ոչ:

Բժիշկը ցուցմունք է տվել, որ միակ թերությունը երևի այն է եղել, որ պետք է նրանց հետ գնար, չնայած այդ ժամանակ դրա կարիքը չի եղել, չի գնացել: Երեխայի մոտ ճանապարհին ինֆեկցիոն այլ զարգացում է եղել: Կոնկրետ վիճակից ելնելով` արվել է այն, ինչ որ թույլ է տրվել, ուղարկվել է Երևան: Ֆորսմաժորային իրադրություն է առաջացել ճանապարհին այդ երեխայի մոտ, զարգացել է ինֆեկցիոն հիվանդություն, կայծակնային հիվանդություն, որը բերել է մահվան:
Ինչ է ասել երեխայի մայրը

Տուժողի իրավահաջորդը բացատրություն է տվել, որ 2011 թվականի մարտի 11-ին իր ամուսնու հետ երեխային տարել են Գեղամասարի ամբուլատորիա, որտեղ բժշկուհին զննել և առաջարկել է տանել Վարդենիսի հիվանդանոց` բուժման համար: Չեն կարողացել այդ օրը տանել, բերել են տուն, հաջորդ օրը տարել են Վարդենիս, բժիշկը նայել և ասել է, որ դաբաղ է, ստոմատիտ, ասել են՝ տանեն տուն, բուժումներ անեն, սակայն բժիշկն ասել է, որ՝ ոչ, հետո գնացել է տուն, երեխայի համար շորեր է բերել, երեխային մեկ հատ ջերմիջեցնող են սրսկել ու մատից անալիզ են վերցրել: Բերանը զելյոնկայով մշակել են: Ինքը բժշկին ասել է, որ երեխայի վիճակը լավ չի, բժիշկն ասել է, որ երեխայի վիճակը ստաբիլ է:

Երեխայի մայրը պատմել է, որ մարտի 15-ին նա ջերմություն է ունեցել, մոտ 5 րոպե հետո իջել է, հետո նորից բարձրացել, երկու անգամ ջերմիջեցնող են արել, բայց երեխայի վիճակն արդեն շատ վատ է եղել, քնել է, հետո տեղափոխել են, Սևանում ասել են, որ թոքերն է, որ պահեն էլ՝ ոչ մի բուժում չեն կարող անել, ուղղակի սրսկում են, որպեսզի սիրտն աշխատի: Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելուց երեխան շատ վատ է եղել, լուծում էր, ջերմում 39 աստիճան: Գյուղի բժիշկը թոքերը լսել է, ջերմությունը չափել և ասել, որ տեղափոխեն Վարդենիսի հիվանդանոց: Վարդենիսի հիվանդանոցում առհասարակ բժիշկը չի ասել, որ թոքերն է: Որևէ ռենտգեն չեն արել:

Երեխան միշտ շատ է լացել, նախկին բժիշկն ասել է, որ երեխային տանեն Երևանի Նորք Մարաշի հիվանդանոց՝ սրտաբանի մոտ, իրենք տարել են, ստուգել են, իրենց թուղթ են տվել, որ սրտի արատ ունի:

Կինը պատմել է, որ Սևանի հիվանդանոցում երեխան նորից շատ վատ է եղել: Երևան տեղափոխելիս, Չարենցավանի ճանապարհին արդեն նկատել է, որ երեխան մահացել է:

Ինչ եզրակացություն են տվել դատաբժիշկները
25.07.2011 «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» ստացված եզրակացությամբ փորձագետները հանգել են հետևության, որ ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների և երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում երեխայի վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է թերի, չի ախտորոշվել նրա դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված երկկողմանի միջանկյալ թոքաբորբը, տրախեոբրոնխիտը և կատարալ էնտերոկոլիտը:

Երեխայի նկատմամբ կատարված հետազոտությունները եղել են ոչ լրիվ ծավալով, լրացված բժշկական քարտում արձանագրված՝ երեխայի հաճախացած շնչառության պայմաններում չի կատարվել թոքերի ռենտգեն հետազոտություն, լուծի պայմաններում` կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն, էլեկտրասրտագրություն:

«Վարդենիսի հիվանդանոցում» երեխային բուժող բժշկի կողմից նշանակված բուժումը եղել է ոչ լրիվ ծավալով, նշանակված հակաբակտերիալ բուժմանը զուգահեռ՝ չի կատարվել օրգանիզմի պատշաճ դեզինտոքսիկացիոն թերապիա, որի չիրականացման պայմաններում երեխայի մոտ հարաճուն զարգացել է նրա մահված պատճառ հանդիսացած օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան` հանգեցնելով մահվան ելքի:
«Վարդենիսի հիվանդանոց՚ից» երեխային տաքսիով Երևան տեղափոխումը եղել է անթույլատրելի, որն էլ ավելի է վատթարացել և ծանրացրել վերջինիս առողջական վիճակը` նպաստելով մահվան վրա հասնելուն:

Նման առողջական վիճակի պայմաններում այլ բուժհաստատություն երեխայի տեղափոխումն անհրաժեշտ էր կազմակերպել բացառապես մասնագիտացված շտապօգնության միջոցով` մանկական ռեանոմոբիլով, համապատասխան բուժանձնակազմի ուղեկցությամբ:

Փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ ըստ «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ում երեխայի անվամբ լրացված հիվանդի բժշկական քարտի տվյալների` տվյալ բուժհաստատություն ընդունվելուց մեկ ժամ անց երեխայի ծնողը գրավոր հրաժարվել է «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում երեխայի հետագա ստացիոնար օգնությունից, տեղեկանալով երեխայի ծանր վիճակի և հետագա բարդությունների մասին, դրանով իսկ տվյալ բուժհաստատությունում երեխայի բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմին զրկելով հետագա ստացիոնար բուժօգնության ցուցաբերման հնարավորությունից և պարտավորությունից:

«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ում երեխային բուժող բժշկի կողմից նրա բուժօգնության ցուցաբերման ընթացքում թույլ տրված վերը նշված թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ:
21.05.2012 ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնից ստացված եզրակացությամբ փորձագետները հանգել են հետևության, որ երեխայի մոտ «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ում ընդունման պահին, ելնելով անամնեստիկ` վերհուշական և ամբուլատոր քարտի տվյալներից, կարելի էր կատարել թոքերի ռենտգեն քննություն, սակայն ընդունվելիս` ելնելով հիվանդության պատմագրում նկարագրված հիվանդի օբյեկտիվ վիճակի տվյալներից, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն կատարվելու մասին ցուցումներ չեն եղել:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված ինտերստիցիալ թոքաբորբը հստակ ռենտգենաբանական պատկեր չի ունենում, ուստի ասել, թե անգամ, եթե կատարվեր ռենտգեն հետազոտություն, այն կլինե՞ր տեղեկատվական` ինտերստիցիալ թոքաբորբը հայտնաբերելու առումով, թե՞ ոչ, հնարավոր չէ: Որավայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն կատարելու անհրաժեշտություն նույնպես չի եղել: Էլեկտրասրտագրություն կատարելը եղել է նպատակահարմար, հաշվի առնելով երեխայի մոտ սրտի բնածին արատը:

Արյան բիոքիմիական հետազոտություն կատարելու անհրաժեշտություն ևս չի եղել: Կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն կատարելու կարիք չի եղել, քանի որ չեն եղել որևէ ցուցումներ: Ի մի բերելով վերոգրյալը, հանձնաժողովը գտել է, որ վերոհիշյալ հետազոտությունների չկատարումը չի գտնվում երեխայի մահվան հետ պատճառական կապի մեջ, նկատի ունենալով դրանց անհրաժեշտության բացակայությունը:

Հիվանդանոց ընդունվելիս, ելնելով հիվանդի՝ նկարագրված օբյեկտիվ վիճակի տվյալներից, բժշկի կողմից ձեռնարկվել են համապատասխան բոլոր միջոցառումները, դրված ախտորոշմանը համապատասխան կատարվել են համապատասխան բուժումներ: Թոքերի ռենտգեն նկարահանում կատարելու բացարձակ ցուցումներ չեն եղել, և նրա կատարումով, ամենայն հավանականությամբ, չէին հայտնաբերվի վիրուսային ծագման թոքաբորբի փոփոխություններ, առավել ևս, որ վերջինս զարգացել է ստացիոնարում գտնվելու 3-րդ օրը:

Ինչ վերաբերում է տարված բուժմանը, ապա ի սկզբանե` հիվանդանոց ընդունվելուց, երեխայի նկատմամբ իրականացվել են ճիշտ բուժումներ` համապատասխան դրված ախտորոշմանը, որոնք ունեցել են հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն և ախտանիշային բուժման ուղղվածություն:

Ըստ հիվանդության պատմության նկարագրի տվյալների` Սևանի հիվանդանոցում, վիճակից ելնելով, երեխան կարիք է ունեցել թոքերի արհեստական շնչառության ապարատի միացման` կենսական ֆունկցիաների պահպանման համար, սակայն միանշանակ ասել, թե այդ բուժական միջոցառումը հնարավորություն կտա՞ր արդյոք փրկելու երեխայի կյանքը, թե՞ ոչ, հնարավոր չէ: Անի Մարտիրոսյանի նկատմամբ իրականացված բուժումն իր ծավալով և բնույթով համապատասխանել է թոքաբորբ հիվանդության բուժմանը:

13.12.2012 ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնից ստացված եզրակացությամբ փորձագետները հանգել են հետևության, որ երեխայի մոտ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ ընդունման ժամանակ ախտորոշվել է «ՍՇՎ ստոմատիտ», որի հետ կապված կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն կատարելու բացարձակ ցուցումներ չեն եղել, և նույնիսկ կատարելու դեպքում հնարավոր չէ ստույգ ախտորոշել ինտերստիցիալ թոքաբորբը:

Բացի դրանից, ելնելով հիվանդության կլինիկական ընթացքից, երեխայի մոտ ինտերստիցիալ թոքաբորբը զարգացել է ստացիոնարում գտնվելու 3-րդ օրը: Որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը ցուցված չէ նշված ախտորոշման դեպքում: Արյան բիոքիմիական և կղանքի բակտերիոլոգիական հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն նույնպես չի եղել, և բացի դրանից՝ կղանքի բակտերիոլոգիական հետազոտության բացասական պատասխանը չի ժխտում հիվանդություն առկայությունը:

Այս դեպքում կարևոր են կլինիկական տվյալները:
Ելնելով հիվանդության պատմագրում նկարագրված հիվանդի օբյեկտիվ տվյալներից, բժշկի կողմից ձեռնարկված միջոցառումները և կատարված բուժումները եղել են ճիշտ, իրենց ծավալով և բնույթով՝ դրված ախտորոշմանը համապատասխան:
27.09.2013 հիվանդանոցային համալիրից ստացված եզրակացության մեջ էլ նշվել է,
Վարդենիսի հիվանդանոցում հետազոտությունները, բուժումը և երեխայի տեղափոխման կազմակերպումը չի գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա վիճակի վատացման և մահվան հետ:

Մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից
Մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այն է՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, հիմնավորվել է, որ բժշկի կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել: Դատախազը հրաժարվել է մեղադրանքից:
Դատարանի դիրքորոշումը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ մեղադրանքից հրաժարվելու դեպքում, դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
Պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում գնահատելով դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ ապացույցները, հաշվի առնելով դատաքննության արդյունքներով մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը` դատարանը պետք է կայացնի արդարացնող դատավճիռ:

Քննության առնելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտել է, որ բժշկի նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը պետք է վերացնել:

Դատարանը վճռել է ճանաչել և հռչակել «Վարդենիսի հիվանդանոցի» մանկական բաժանմունքի բժշկի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:

Հովիկ Վաչիկի Սարգսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել:

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում:

Տեսանյութեր

Լրահոս