Ուորլիքի համաձայն` Լաչինը հայկական տարածք է՝ անկախ Ղարաբաղի կարգավիճակից. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ

– Պարոն Խարազյան, շաբաթներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հրապարակային ելույթով ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան վեց կետերը, որոնք, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների արտացոլումն էին: Սակայն այդ սկզբուքները, որոնք բանակցային սեղանի հիմքն են համարվում այսօր, բացասականորեն ընդունվեցին հակամարտող երկրներում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:

-Ես հայաստանյան պաշտոնական աղբյուրներից բացասական արձագանքներ չեմ լսել այդ ելույթի վերաբերյալ, լսել եմ տարբեր այլ կարծիքներ այնպիսի անձանց կողմից, ովքեր այս կամ կերպով շփվում են ՀՀ կառավարության շարքերում գտնվող պաշտոնյաների հետ: ԱԳՆ-ից չեմ լսել այդպիսի գնահատական, շատ ավելի զուսպ գնահատականներ են եղել, քան հասարակայնության շրջանում: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր այս բանակցություններում ներգրավված են եղել դրանց առաջին իսկ օրից կամ պաշտոնի բերմամբ ծանոթ են եղել բանակցությունների ողջ գործընթացին, չեն զարմացել Ուորլիքի ելույթից, քանի որ անակնկալ որևէ մոտեցում չի բացահայտվել:

Ընդհանուր հասարակական տրամադրությունները, որոնք մեծապես պայմանավորվում են Մոսկվայից եկող իմպուլսներով, կարծես շատ ավելի ռադիկալացել են: Ադրբեջանի համար է, որ այս ելույթը բավականին մտահոգիչ պետք է լինի` թեև նշված է հայկական կողմի հետքաշումների անհրաժեշտության մասին, որոնք բանակցային ողջ գործընթացում նորություն չեն եղել։ Ադրբեջանի համար կա մեկ մտահոգիչ հարց` ԼՂ կարգավիճակի հարցը: Այս վեց սկզբունքների համաձայն` կարգավիճակը ներկայացվում է ոչ այնպես, ինչպես ցանկանում էր Ադրբեջանը: ԼՂ կարգավաճակն ավելի առաջամետ լուծումներ ունի, քան Ադրբեջանը երբևէ համաձայնել է: Ուստի Ադրբեջանի բացասական վերաբերմունքը հասկանալի է, թեև նա ևս պետք է հասկանա, որ ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին չի տրվելու կարգավորման ավելի օպտիմալ, լուրջ և իրականանալի տարբերակ, քան այսօր:

Պետք է բացատրել, թե ում է ձեռնտու այս հարցի առնչությամբ ՀՀ-ում անհանդուրժողական, անգրագետ տրամադրությունների բորբոքումը: Սրա պատասխանը գտնելու հարցում առավել լայն պետք է մտածել ու հասկանալ, որ նման արձագանքները իմպուլսներ են, որոնք գալիս են Մոսկվայից կամ ուղարկվում են Մոսկվայից, կամ ՀՀ-ն այնքան զգայուն է մոսկովյան իմպուլսներին, որ զգում է դրանք, ընդունում, մեկնաբանում և գերմեկնաբանում: Ես կարծում եմ, որ ոչ մի այլ պատճառ չկա: Սա այն նույն պատճառն է, որի համար մայիսի մեկին շատերը դուրս են գալիս աշխատավորների պաշտպանության ցույցի Երևանում՝ ՄՄ-ին միանալու, կոմունիզմի գովքի, Միկոյանի արձանի տեղադրման կոչերով: Այս բոլորը մեկ արմատից, աղբյուրից ու գաղափարից են ուղղորդվում, և, ինչպես տեսնում ենք, սրա ետևից նույն զանգվածն է գնում:

– Առաջին անգամ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ներկայացրեց իր երկրի մոտեցումներն առանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից, այլ հարց է, որ այս կետերը չէին տարբերվում Մադրիդյան սկզբունքներից: Ո՞րն էր այս ձևաչափով դրանք ներկայացնելու շարժառիթն ու ինչ կարելի է ապագայում սպասել ԱՄՆ միջնորդական առաքելությունից:

– Սրանք նոր ջանքեր որակելը սխալ կլինի: Հավանաբար ամերիկյան միջնորդությունն ավելի կակտիվանա, բայց քանի դեռ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից ցանկություն չկա տեսնել խնդիրը կարգավորված, ամերիկացիներն անելիք չեն կարող ունենալ: Չեմ կարծում, որ այս ելույթի հարցում խորհրդավոր պատճառներ պետք է փնտրել, պարզապես իրականությունը Հայաստանում և իրադարձությունների զարգացումը Հայաստանի շուրջ ծայրաստիճան անտրամաբանական է դարձել, որ դրսից նայողները, երբ ցանկանում են հասկանալ, թե ինչով է Հայաստանը զբաղվում, հասկանում են, որ Հայաստանը չունի տրամաբանական, ռացիոնալ, ռացիոնալացման ենթարկվող ուղենիշներ:

Կարգավորման այդ տեսլականի առաջարկը Հայաստանին ևս մեկ օգնության, փրկության ձեռք է անկախության ապամոնտաժման անդունդ ընկնելուց առաջ: Հայաստանը պետք է հասկանա, որ սա իրեն ձեռք է մեկնված: Բայց, ցավոք, ՀՀ ներկայիս քաղաքական մթնոլորտը, հասարակական բանավեճի որակը ոչ մի դրական հույս չեն ներշնչում: Եթե փնտրենք պատճառներ, թե ինչու Ուորլիքը սկզբունքների մասին որոշեց առանձին հայտարարություն անել, ապա պատճառներից մեկն անկեղծ հետաքրքրությունն է Հայաստանում իրադարձությունների անտրամաբանական զարգացման վերաբերյալ, ցանկություն կա հասկանալու, թե ինչու է երկիրը շահագրգռված սեփական անկախությունը ոչնչացնելու հարցում: Սակայն դա դժվար է հասկանալը, անհնար է, քանի որ մարդիկ արյուն են թափում անկախության համար, այնինչ մեր երկիրը անկախությունը նվիրում է առանց տրամաբանության, առանց գիտակցության ու մեղսունակության նշույլ անգամ ցույց տալու: Սա է խնդիրը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս