«Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին». Արմեն Աշոտյան

«Աշոտյան ջան, նախ՝ քո կարիքը շատ ունենք, և երկրորդ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ըստ Ձեզ, կքննադատե՞ն Նիկոլին, երբ հասարակ ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառվի, ինչպես տեսել ենք, մինչև այժմ դա չեն արել». Այս հարցադրումը ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղել է քաղաքացի Սերոբ Սարգսյանը։

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է. «Հարգելի Սերոբ, շատ շնորհակալ եմ վստահության համար։ Ինչ վերաբերում է «դրսի» արձագանքին, ապա որպես այդ դրսի հետ մոտ 20 տարվա աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ ասեմ շատ ուղիղ․ դադարե՛ք որոնել այդ դրսի կարեկցանք, դաբրո, կարծիքը։ 2020-ի նոյեմբորի 9-ից հետո մեզ դրսում ոչ մի երկիր չի հարգում, լավագույն դեպքում՝ խղճում են։ Այս վերաբերմունքի պատճառը ոչ թե պարտությունն է, այլ Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումը։

Կայացած ժողովուրդներն անգամ հաղթած վարչապետի են փոխում (օրինակ՝ Չերչիլին), ուր մնաց՝ հարգեն այն ժողովրդին, ով իր անարգանքի և պատվազրկության մեղավորին դեռ հանդուրժում է։ Որպեսզի մեզ հարգեն ուրիշները, նախ ինքներս մեզ պետք է հարգենք, ինչին և ուղղված է Սրբազանի մեկնարկած շարժումը։

Վերադառնալով հնարավոր բռնությունների դեպքում միջազգային արձագանքին, ապա հիշեք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիքակազմում ժողովրդավարությունն առաջնահերթ չէ, իսկ Արևմուտքի վերջին շրջանի պահվածքը վկայում է, մեղմ ասած, կրկնակի ստանդարտների և ընտրովի մոտեցման մասին։

Ելնելով սեփական շահերից` նրանք կարող են «չոփը գերան սարքել», ինչպես Հայաստանում` մինչև 2018-ը, և գերանը`չոփ, ինչպես Հայաստանում 2018-ից հետո։ Դեմոկրատիան նման արտաքին դերակատարների համար դարձել է լաթի կտոր, որ հարկ եղած դեպքում կամ «հպարտ ծածանվող դրոշակ» է ծառայում, կամ էլ իրենց ձեռնտու ռեժիմի արտաթորանքը մաքրելու համար պոլի շոր։

Հայաստանը պետք է լինի ժողովրդավար երկիր՝ ոչ թե այլոց դուր գալու համար, այլև՝ սեփական ժողովրդի իշխանության և իրավունքների երաշխավորությունը։

Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես քրիստոնյաների հալածիչ Սավուղը Դամասկոսի ճանապարհին դարձի եկավ՝ դառնալով Պողոս առաքյալ։ Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին»։

Տեսանյութեր

Լրահոս