Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց

Ադրբեջանի ղեկավարը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել Բաքվում՝ ասելով, որ «Առանց մեկ կրակոցի Ղազախի շրջանում Հայաստանն Ադրբեջանին զիջում է չորս գյուղ, սահմանազատումն իրականացվում է մեր պահանջների հիման վրա»։

Ապրիլի 19-ից Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց բնակիչների շրջանում, քանի որ, նրանց խոսքով՝ գործընթացը ոչ թե սահմանազատում է, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին։

Բնակիչների բողոքի ակցիաներն աստիճանաբար թափ առան և վերածվեցին մեծ շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մայիսի 9-ից շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը Կառավարության շենքում նստած՝ Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները։

Այս ամենին զուգահեռ՝ փորձագետներն ահազանգում են, որ հաջորդ գործընթացը իշխանությունները սկսելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում, որտեղից ՀՀ իշխանությունների որոշմամբ դուրս են բերվելու ռուս սահմանապահ զորքերը։

Կարդացեք նաև

168.amՏեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը ևս չի բացառում, որ հաջորդ գործընթացը սկսվելու է Սյունիքում, բայց հույս ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այնքան մեծ թափ կհավաքի, որ իշխանությունը հրաժարական կտա, և հետագա զիջումները կկանխվեն։

«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։

Տեղի բնակիչը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա թշնամին սահմանը գծելու է այն տեղով, որով իրեն ձեռնտու է։

«Պարզ չէ՞, որ Փաշինյանը տալու է այն, ինչ Ադրբեջանը պահանջի։ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև ինչ ուզում է՝ Փաշինյանից ստանում է։ Ինչպես զռռացնում է, Փաշինյանն այնպես զռռում է։

Հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանափոխություն պետք է լինի, եթե չեղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու մեր վերջը։ Փաշինյանը մաս-մաս կտա մեր երկիրը, վերջում էլ թուրքին կմտցնի Հայաստան. բոլորիս համար էլ պարզ է, որ այդպես է լինելու։ Եթե այդ անձը մնաց, մոռացեք երկիր ունենալու մասին, այսքանը միայն կարող եմ ասել»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

Տեսանյութեր

Լրահոս