«Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից». Արմեն Աշոտյան
Քաղաքացի Նարինե Կիրակոսյանը հարց է հղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ հետաքրքրվելով. «Չե՞ք կարծում, որ Նիկոլն այնքան սրբապիղծ է, որ եկեղեցու և ժողովրդի դեմ նորից ուժ կկիրառի, և նոր կալանքների շարք կսկսվի»։
Ի պատասխան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանն արձագանքել է. «Այն, որ Փաշինյանը չունի և ոչ մի կարմիր գիծ, ոչ մի բարոյական իմպերատիվ, ոչ մի արգելակ, վաղուց է հայտնի։ Սակայն արդյո՞ք հայ ժողովուրդն ունի իրավունք վախենալու մի անհայրենիք և անբարո մարդուց։ Վստահ եմ, պատասխանն ակնհայտ է։
Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Նույն տկարությամբ տառապում են նաև ՔՊ-ականները, որոնք Նիկոլից ավելի են վախենում, քան ժողովրդից։
Որպես արդեն 11 ամիս ազատությունից զրկված մարդ՝ ասեմ, որ՝ կալանքից մի՛ վախեցեք, վախեցեք սեփական խղճի հետ ստոր գործարքներից։ Մանավանդ որ, համաժողովրդական ուժեղ դիմադրության դեպքում հալածիչներն ու սատանայի սպասավորները բոլորին նստացնել և երկար պահել չեն կարող։
Հայ եկեղեցին վերապրել է և հաղթահարել իր բոլոր հալածիչներին, Նիկոլն ո՞վ է, որ բացառություն դառնա։ Այս տարի լրանում է Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալման 25-րդ տարեդարձը, կարծում եմ՝ հենց իր ղեկավարությամբ Հայ Առաքելական եկեղեցու նման ծառայությունն ու առաջնորդությունը կարող է դառնալ Նորին Սուրբ Օծության պատմական առաքելությունը»։