
Կուստուրիցան ցանկանում է ֆիլմ նկարահանել Կոսովոյում մարդու օրգաններով առևտրի մասին

Սերբական Vesti online պարբերականի փոխանցմամբ՝ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ցանկանում է ֆիլմ նկարահանել Կոսովոյում մարդու օրգաններով առևտրի մասին: Ֆիլմը ստեղծվելու է երեք տարում:
Կուստուրիցան հայտարարել է, որ պլանավորել է ֆիլմը նկարահանել Ռուսաստանում, ուր նա ունի բազմաթիվ ընկերներ, մինչդեռ Սերբիայից նա օգնություն չի ակնկալում: Կուստուրիցայի խոսքերով՝ ֆիլմի սյուժեի մասին իրեն հուշել է մի գերմանացի, որին ապօրինաբար սերբի սիրտ են փոխպատվաստել:
Կուստուրիցան հրաժարվել է տալ այդ մարդու անունը՝ ընդգծելով, որ օրգանների ապօրինի փոխպատվաստման մասին առաջինը բարձրաձայնել է ոչ թե նա, այլ՝ ԵԽԽՎ-ի հատուկ զեկուցող Դիկ Մարտին:
Շվեյցարացին ուսումնասիրել է 1990-ական թվականների վերջին Կոսովոյում մարդու օրգանների առևտրի հանգամանքները և իր զեկույցը լայն հանրությանը ներկայացրել է 2010 թվականին: