Ալիևին պետք է ցանկանալ ՀԱԿ-ի պես ընդդիմություն ու ԲՀԿ-ի պես այլընտրանք
«Ես թշնամուս չէի ուզի տեսնել այն վիճակում, ինչ տեսա Սերժ Սարգսյանին՝ այդքան անարժանապատիվ, այդքան անտեր, այդքան խեղճացած: Մեղքս գալիս էր: Քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքորոշումից, դիրքից, խոսքի ուժգնությունից: Ափսոսում եմ ու ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, որն ինքը չի զգում, որ ղեկավար է, որը չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, որը չի զգում, որ իր ետևում ժողովուրդ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, Ալիևի նամակի ընթերցումը և Սերժ Սարգսյանի պահվածքն ու լռությունը: Մանուկյանն էլի ինչ-որ բաներ է ասել՝ ավելի պատկերավոր դարձնելու համար Սերժ Սարգսյանի երեկվա վիճակը, ինչը, առանց ՀԱԿ-ականի լիրիկական զեղումների էլ, պարզ էր հեռուստատեսությամբ այդ նիստին հետևած ցանկացած մեկի համար: Այն, ինչ ասում է Արամ Մանուկյանը, միանշանակ ճիշտ է:
Նրա ասածներին կարելի է տասնյակ՝ ավելի վատ ու Սերժ Սարգսյանին անձնապես ավելի վիրավորող ձևակերպումներ ավելացնել:
Աստանայում երեկ տեղի է ունեցել այն, ինչը որևէ նորմալ, որևէ իրեն հարգող, արժանապատվություն ունեցող երկրում արդեն այսօր կդառնար հասարակական ընդզվման ու բողոքի ալիքի պատճառ: Որևէ նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, որպիսին իրեն ներկայացնում է նույն Արամ Մանուկյանը, կգիշերեին նախագահի նստավայրի առաջ՝ մինչև նախագահը կվերադառնար ու պարզաբանումներ կտար:
Բայց Արամ Մանուկյանն իր մյուս ոչ իշխանական գործընկերների նման գերադասում է լրագրողների հետ հանդիպումն Ազգային ժողովի եվրավերանորոգված տարածքում: Ու գերադասելով եվրավերանորոգումը փողոցային պայքարի անհարմարությունից, նա ոչինչ չի ասում Եվրասիական միության, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի շահը զոհաբերելով սպասարկելու և այլ «մանր երևույթների» մասին: Նա ընդամենը խրոխտ ձայնով ու պոետիկ բառերով քննադատում է Սերժ Սարգսյանի պահվածքն այնտեղ, որտեղ Հայաստանի հայտնվելուն Արամ Մանուկյանն ու նրա կուսակցական բոսերը դեմ չեն:
Այսինքն՝ նրանք կողմ են բովանդակությանը՝ Եվրասիական միությանը, Հայաստանը դրան բռնակցելու գաղափարին, և դեմ են ձևին՝ նրան, թե Սերժ Սարգսյանը դեմքի ինչպիսի արտահայտությամբ էր պատասխանում, ավելի ճիշտ՝ չպատասխանում Նուրսուլթան Նազարբաևին: Այսինքն՝ Արամ Մանուկյանի ասածը, որը կարելի է համարել ոչ իշխանական ուժերի միասնական կարծիք, գոնե այս հարցում հետևյալն է. մենք ավելի արժանապատիվ տեսքով կընդունեինք Հայաստանի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը ոտնահարող մարտահրավերները:
Միանգամայն իրավացի է Հայաստանի անկախության տեքստի ընթերցմամբ քաղաքական գործիչ դարձած սույն պարոնը: Վստահաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմքի շատ ավելի առնական, Գագիկ Ծառուկյանն էլ՝ դեմքի շատ ավելի իմաստուն արտահայտությամբ կլռեին Աստանայում, քան լռեց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարսգյանը, Հայաստանի այսօրվա իշխանությունն արել են առավելագույն անթույլատրելին, որ կարելի էր անել պետության շահերի հետ: Հասկանալի է, արել են առաջին հերթին՝ սեփական շահը գերադասելով: Բայց Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը, որ մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը սլանում էին դեպի Եվրամիություն, այսպես ինքնամոռաց ու ինքնանվաստ չէին տրվի Մաքսային միությանն ու Ռուսաստանին, եթե չլիներ Հայաստանի «արմատական ընդդիմության պետականամետ պահվածքը»:
Իսկ դա, ընդհանուր առմամբ, այն էր, որ բոլոր հնարավոր միջոցներով՝ Կրեմլի ժամապահից մինչև Պուտին ձեռքով բարևողների ինչ-որ անուններ օգտագործելով, իրավիճակը հասցրեցին նրան, որ Ռուսաստանը ՀՀ իշխանության առաջ դրեց կա՛մ իշխանությունը, կամ Մաքսային միությունը պայմանը: Իշխանությունը, բնականաբար, ընտրեց իշխանությունը:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի երեկվա ամոթալի վիճակը, բնականաբար, առաջին հերթին՝ լինելով իր ու իր իշխանության ամոթը, իրականում նաև բոլորի ամոթն էր: Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի համարող Լևոն Տեր-Պետրոսյանի, Լուկաշենկոյի հետ ընկերությունը որպես միջազգային քաղաքականության միակ գործոն ներկայացնող Գագիկ Ծառուկյանի, կուտակային ընդդիմադիրի, կենսաթոշակային դիվանագետի դիրքերից հանդես եկող ՀՅԴ-ականների, «Բուդինից հաղթանակ չբերած» Րաֆֆի Հովհաննիսյանի ու Պուտինի մանկության քաղաքում աշխատած լինելը որպես «քաղաքական կապիտալ» ներկայացնող նախկին ավանդականների ամոթը:
Եվ եթե առաջնորդվենք Արամ Մանուկյանի տրամաբանությամբ, ապա Ալիևին պետք է մաղթենք ՀԱԿ-ի նման արմատական ընդդիմություն, ԲՀԿ-ի նման անարմատ այլընտրանք, դաշնակների ու նախկին դաշնակների պես քաղաքական «գործ անող տղերք», որպեսզի այդպիսիները նրան հասցնեն պետությունից հրաժարվելուն ու հետո սկսեն սրտակեղեք տեքստեր արտասանել՝ հավանաբար արդեն իսկ վճարված լինելով այն կենտրոններից, որոնց ծառան ցանկանում են լինել իրենք և ոչ ուրիշ մեկը:
Հ.Գ. Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով անկախ է մոտավորապես այնքան, որքան անկախական է Արամ Մանուկյանը, ինչ-որ թվեր է հրապարակել այն մասին, թե ինչպես է «հայ հասարակությունը» վերաբերվում Եվրասիական միությանն անդամակցությանը: Այդ թվերը քննարկելը, բնականաբար, անիմաստ զբաղմունք է: Սակայն Ադիբեկյանը հրապարակել է նաև կուսակցությունների վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ: «Կուսակցական առումով, մեզ թվում էր, որ գոնե ընդդիմադիր ուժերը պետք է հստակ կողմնորոշվեն:
Հանրապետական կուսակցությունում 4-ից 3-ը կողմ են, մեկը դեմ է, ԲՀԿ-ից 3-ը կողմ են, մեկը դեմ է, ՀՅԴ-ից 3-ը կողմ են, մեկը դեմ է: «Ժառանգությունը» կիսվել է` 1-1-ի է դարձել, Իսկ Հայ ազգային կոնգրեսում կարծես թե դեմ չկա»:
Սա Ադիբեկյանի հրապարակած, թերևս, եզակի հավաստի ցուցանիշներից է: Եթե ՀԱԿ-ը համաձայն չէ, գտնում է, որ Ադիբեկյանը զրպարտել է, կարող է դատի տալ նրան: Բայց այդ դեպքում ստիպված կլինի բացատրություններ տալ Ռուսաստանին այն մասին, որ այդ կուսակցությունում բոլորը չեն, որ կողմ են Եվրասիական միությանն անդամագրվելուն: Նման բան, բնականաբար, տեղի չի ունենա, քանի որ Ահարոն Ադիբեկյանն ասել է այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը. Մաքսային/Եվրասիական միությանն անդամակցությունն անշրջելի է: