Իսրայելը ՄՔԴ-ին խնդրել է չեղյալ հայտարարել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները
Իսրայելը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) միջնորդություն է ներկայացրել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթներից հեռացնելու և վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի՝ Խանի կողմից տրված ձերբակալման հրամանները չեղյալ համարելու վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունը։
Քարիմ Խանն այժմ գտնվում է վարչական արձակուրդում, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում ՄՔԴ-ի երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։
Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ միջնորդությունը ներկայացվել է՝ ի պատասխան այն տեղեկատվության, որ դատախազը «գործել է անօրինական անձնական դրդապատճառներով՝ Իսրայելի դեմ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով»:
Գերատեսչությունը նշում է, որ այդ գործողությունների նպատակն է եղել հանրության ուշադրությունը շեղել իր դեմ սեռական ոտնձգությունների լուրջ մեղադրանքներից: Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ միջնորդությունը ոչ մի կերպ չի ազդում Իսրայելի մյուս պնդումների վրա, որ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամաններն «անվավեր են, այդ թվում՝ ՄՔԴ-ի իրավասության բացակայության պատճառով»:
ՄՔԴ-ն 2024 թ. նոյեմբերի 24-ին Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրաման էր տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կասկածանքով։

