Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագիրը։

Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Բանաձևին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել, ոչ մի երկիր դեմ չի քվեարկել առաջարկին։

Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը. ըստ ԱՄՆ-ի՝ մի քանի երկիր առաջարկել է իր ներդրումն ունենալ այդ գործում։ Բանաձևի համաձայն՝ Միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն Իսրայելի և Եգիպտոսի հետ՝ նոր վերապատրաստված պաղեստինյան ոստիկանական ուժերի հետ միասին՝ օգնելու ապահովել սահմանային տարածքների անվտանգությունը և վերահսկելու ոչ պետական ​​զինված խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործընթացը:

Անվտանգության խորհուրդը նաև հավանություն է տվել կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծմանը, որը կհսկի պաղեստինյան տեխնոկրատ և ապաքաղաքական հանձնաժողովի կառավարումը և կհետևի Գազայի հատվածի վերակառուցմանը և մարդասիրական օգնության մատակարարմանը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությունն անվանել է «պատմական»՝ նշելով, որ Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի։ Ամենայն հավանականությամբ, Խաղաղության խորհրդի նախագահ կլինի Թրամփը։ Բանաձևը նաև ենթադրում է հավաստի ուղի դեպի պաղեստինյան ինքնավարություն և պետականություն, որին Իսրայելը դեմ է։ BBC-ն նշում է, որ բանաձևում նման դրույթ է ներառվել մի շարք երկրների, այդ թվում՝ արաբական երկրների ճնշման տակ։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը «կարևոր քայլ էր հրադադարի ամրապնդման գործում»։ 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է բանաձևը՝ ասելով, որ այն չի բավարարում պաղեստինցիների իրավունքներն ու պահանջները։ Պաղեստինը հայտարարել է, որ բանաձևի դրույթները պետք է անմիջապես իրագործվեն։ Մոսկվան և Պեկինը քննադատել են բանաձևը՝ նշելով, որ այն քիչ հստակություն է ապահովում կարևոր մեխանիզմների կազմի շուրջ, չի երաշխավորում ՄԱԿ-ի մասնակցությունը և հստակորեն չի հաստատում հանձնառությունը երկու պետության բանաձևով խնդրի կարգավորմանը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը և Չինաստանը ոչ թե դեմ են քվեարկել, այլ ձեռնպահ են մնացել, որպեսզի բանաձևն ընդունվի, քանի որ դրան կողմ են եղել Պաղեստինը և մյուս արաբական երկրները։ 

Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել էր 2023 թ. հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է գրեթե 69 500-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս