Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը չի ազդի Կիևին տրամադրվող օգնության վրա. Ֆինլանդիայի ԱԳ նախարար
Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը չի ազդի Ֆինլանդիայի կողմից օգնության վրա:
Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։«Մեր աջակցությունն Ուկրաինային, անշուշտ, չի թուլանա։ Բայց մենք որոշակիորեն ցանկանում ենք ավելի շատ զգուշություն դրսևորել, քան նախկինում էր. ոչ միայն մեր հարկատուների փողերի համար, ինչը, իհարկե, առաջնահերթություն է Ֆինլանդիայի արտգործնախարարի համար, այլև ուկրաինացի ժողովրդի համար», – ասել է Վալտոնենը նոյեմբերի 17-ին Էստոնիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանն Ուկրաինային ժամանակ չի տվել կոռուպցիայից զերծ հասարակություն ստեղծել անկախության կարճ ժամանակաշրջանում»։
Նախարարը նաև համաձայն չէ Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որը հայտարարել է, թե Եվրոպան պետք է ուղիղ բանակցություններ սկսի ՌԴ-ի հետ։ Նրա խոսքով, դեռ «շատ վաղ» է դա անելու համար։
«Իսկապես հնարավոր է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, եթե երևա, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղությամբ կամ վերադառնում է միջազգային իրավունքի հարգմանը», – ասել է Վալտոնենը՝ ընդգծելով հակառուսական պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը։
Օրերս Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել էր էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։
Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։

