Բաժիններ՝

Գազայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը քայլ է իշխանությունը պաղեստինցիներին հանձնելու ուղղությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումը, որը հավանություն է տալիս Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին, դարձել է կարևոր քայլ անկլավի նկատմամբ իշխանությունը պաղեստինցի ժողովրդին հանձնելու ճանապարհին։

Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հավանություն է տալիս նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրին, պատմական ուղենիշ է խաղաղ և բարգավաճ Գազայի հատվածի կառուցման ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինցի ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», – գրել է Ռուբիոն։

Նա նաև հավելել է, որ ընդունված փաստաթուղթը թույլ է տվել առավելագույնս մոտենալ «Գազայի ապառազմականացմանը, ապաարմատականացմանը և կայունացմանը»։

«ԱՄՆ նախագահն առաջ է մղում տարածաշրջանում իրական, չափելի փոփոխություններ», – նշել է Ռուբիոն։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։

Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։

Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս