«Եթե Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակը լիցք է տալիս Նիկոլ Փաշինյանին, բա Գյումրիի պարտությունն իրեն ի՞նչ է տալիս». Քաղտեխնոլոգ
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. նախ շնորհավորել էր ՔՊ-ին՝ հաղթելու առիթով, շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր ընտրել էին ՔՊ-ին, այնուհետև խոստովանել.
«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նախ Նիկոլ Փաշինյանին և առհասարակ բոլորին հիշեցրեց՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վաղարշապատին չի պատկանում, նա աշխարհասփյուռ հայության կաթողիկոսն է։
«Վաղարշապատը ՔՊ-ին չի պատկանում, ավելին՝ այս ընտրոթյուններում զուտ Վաղարշապատ քաղաքում ընդդիմությունն ավելի ձայն է հավաքել, քան ՔՊ-ն, նա հաղթանակ է տարել միայն հարակից գյուղերից եկած ձայներով։
Եթե Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակը լիցք է տալիս Նիկոլ Փաշինյանին, բա Գյումրիի պարտությունն իրեն ի՞նչ է տալիս, էլ չեմ խոսում Վանաձորում, Փարաքարում կրած նրա պարտության մասին։
Ոչ մեկի, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող ուժի նախընտրական ծրագրում գրված չի եղել, որ հաղթանակ տանելուց հետո պետք է գրոհել այս կամ այն տարածքի վրա։ Քաղաքային ու համայնքային զարգացման կետեր են ներկայացրել, թող դա իրականություն դարձնեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նաև հիշեցրեց՝ Առաքելական եկեղեցին ՀՀ սահմանադրությամբ անջատված է պետական կառույցներից, այն գործում է անկախ, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։
«Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կարող են բռնի ուժով գրավել Մայր Աթոռի շենքը՝ որպես շինություն, ինչպես խլեցին ՀԷՑ-ը, կարող են նաև ձերբակալել ու կալանավորել Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, բայց չեն կարող կաթողիկոսին փոխել։ Առաքելական եկեղեցում չկա կաթողիկոս փոխելու ինստիտուտը, իսկ նոր կաթողիկոս ընտրվում է համապատասխան ընթացակարգով, և այդ ընթացակարգով ընտրությունը կարող է տեղի ունենալ ոչ թե Երևանում, այլ Հունաստանում, և ընտրված կաթողիկոսը հանգիստ կարող է նստել Հունաստանում, մինչև Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն»,- հավելեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նաև ասաց՝ ՀՀ տարածքում քաղաքացին կարողանում է իր քաղաքական ակտիվությունը դրսևորել ընտրությունների ժամանակ՝ ընտրատեղամասերում այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար։
«Կարծում եմ՝ Փաշինյանը չի կարողանալու հավաքել այնքան զանգված, որպեսզի գնա Վեհարանի վրա, կարող է միայն քաղաքացիական հագուստով իրեն ենթակա կառույցների ծառայակիցների միջոցով գնալ ու այն գրավել։ Սակայն այդ բլեֆը կարող է շատ շուտ բացահայտվել։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ հայտարարություններ կարող է անել, բայց քանի դեռ կաթողիկոսն իր գահին է և չի հրաժարվել, Փաշինյանը ոչինչ անել չի կարող, բացարձակապես ոչինչ։
Նիկոլ Փաշինյանը կարող է խախտել ՀՀ սահմանադրությունը, բայց նա չի կարող կաթողիկոս ընտրել, կարող է անջատ ինչ-որ եկեղեցի ստեղծել, անունը դնել Հայաստանի եկեղեցի, բայց սա որևէ մեկը լուրջ չի ընդունի»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
