Բաժիններ՝

Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է չծառայած տղաներին արգելել մեկնել Հայաստանից

Պետական ծրագրերով արտերկիր կրթության համար մեկնողների հետ կապված իրավիճակը բարձիթողի է, նույնիսկ արական սեռի ներկայացուցիչների 60%-ն ուսումից հետո կարողանում են մնալ այնտեղ ու չվերադառնալ, անգամ քաղաքացիություն են ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ նրա՝ պետք է պարտադիր պայման դնել, որ գնալուց հետո ուսանողները պետք է վերադառնան, կամ գումարային փոխհատուցումներ սահմանվեն. «Մեկնելու հաշվին հիմնականում կարողանում ենք հնարավորություն տալ, որ արական սեռը խուսափի բանակից: Պետք է սահմանափակում դնել, որ չծառայած արական սեռը չկարողանա մեկնել»:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տվյալներով՝ վերջին շրջանում տղաները հիմնականում վերադառնում են, իսկ աղջիկները, եթե կարողանում են, մնում են, հատկապես Չինաստանում: Աշոտյանի խոսքով՝ ՊՆ-ի վիճակագրության համաձայն, տղաները հիմնականում վերադառնում են:

«Բայց համաձայն եմ, որ մենք շատ ստեղծարար ուղեղ ունենք և հաճախ օգտագործվում է ստեղծարար-զեղծարար ուղեղը: Եթե կարողանանք խելացի լուծում գտնել, որ մարդու իրավունքների ոտնահարումներից խուսափենք, պատրաստ եմ աշխատել»,- ասաց Աշոտյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս