Թուրքական մամուլի արձագանքը՝ Թուրքիայի հաջորդ նախագահին Հայաստանի նախագահի արած հրավերին

Թուրքական մամուլը շարունակում է արձագանքել Թուրքիայի նախագահին հաջորդ տարվա ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) Հայաստան այցելելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հրավերին:

Մասնավորապես, Ihlas լրատվական գործակալությունն այդ հրավերը որակել է որպես «ամբարտավան հրավեր»՝ հիշեցնելով, որ տվյալ ժամանակաշրջանում (1915 թվական) հայերը «սպանել են 300.000-500.000 թուրքի»:

Milliyet թերթը Հայաստանից Թուրքիային արված հրավերը որակել է որպես «ուշագրավ հրավեր», Cihan լրատվական գործակալությունը՝ «ակնարկային ու ցեղասպանության» հրավեր, Hürriyet թերթը՝ «ապրիլքսանչորսյան հրավեր», Sözcü թերթը՝ «ցեղասպանության հրավեր», Haber 7 հեռուստաալիքը՝ «ամբարտավան հրավեր»՝ Haber 10 հեռուստաալիքը՝ «տարօրինակ հրավեր», Taraf թերթը՝ «հիշատակի հրավեր», ԱՄՆ-ի թուրքերի կայքը (amerikaliturk.com)՝ «շոկային հրավեր»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետն ավարտվում է այս տարվա օգոստոսի 28-ին: Նա արդեն իսկ հայտարարել է, որ դրանից հետո հեռանալու է քաղաքականությունից:

2007 թվականի հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով (այո՝ 19.422.714 ձայն և 68.95 տոկոս, ոչ՝ 8.744.947 ձայն ու 31.05 տոկոս) հաստատվեց այն, որ այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը, ինչպես նաև այն, որ երկրի նախագահն այսուհետ պետք է ընտրվի «5+5» տարբերակով (5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ):

Մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի հունիսի կեսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին տվեց վերընտրման իրավունք, երբ որոշում էր նրա պաշտոնավարման ժամկետի (5 թե 7 տարի) շուրջ ծագած վեճը (թուրքական ընդդիմությունը պահանջում էր նախագահական ընտրություններն անցկացնել 2012 թվականին՝ ելնելով նրանից, որ լրանում է նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը):

Անկասկած է, որ 2014-2019 թվականներին Թուրքիայի նախագահ կդառնա ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով արդեն իսկ իրեն ընտրված նախագահ է զգում՝ հայտարարելով, որ Թուրքիայի հաջորդ նախագահը չի կարող լինել նախկին նախագահների նման և պետք է ունենա ավելի մեծ լիազորություններ, քանի որ նրան ընտրելու է ժողովուրդը:

Այդ հաջողությունը կրկնելու դեպքում Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում կարող է մնալ մինչև 2024 թվականը, և իր համար բաղձալի 2023 թվականը (երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը) դիմավորել Թուրքիայի նախագահի կարգավիճակով:

Տեսանյութեր

Լրահոս