Արմեն Մարտիրոսյան. Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է հիմնադիր անդամ դառնայինք
«Հայաստանին որպես հավասար գործընկեր չեն ընդունում, այդ պատճառով էլ նա հիմնադիրների մեջ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին կմիանա մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Իսկ Եվրասիական տնտեսական միության ստեղծման փաստաթուղթն այսօր արդեն իսկ ստորագրվել է Մաքսային միության երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Խոսելով թեմայի շուրջ` Արմեն Մարտիրոսյանն իր առաջին մտահոգությանն ավելացրեց նաև այն, որ նշված երկրներից առնվազն երկուսը` Բելառուսը և Ղազախստանը, հատուկ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և հատուկ վերաբերմունք` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ, Ռուսաստանն էլ շարունակում է զենք մատակարարել նույն Ադրբեջանին: Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով` պարզ է, որ Հայաստանը չէր կարող հիմնադիր անդամ լինել: «Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է հիմնադիր անդամ դառնայինք,- հռետորական հարց է տալիս «Ժառանգության» փոխնախագահը:- Այսօր Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ, ըստ էության, բոլորի կողմից մերժված պետություն է դարձել, և ի սկզբանե պարզ էր, որ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանին հիմնադիր անդամի կարգավիճակ շնորհել: Պարզ է, որ Հայաստանը ոչինչ որոշող չէ և այս պահին ընդամենը կատարում է այն պահանջները, որոնք իր առջև դրել են Ռուսաստանում իրենց ղեկավարները, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը ոչ թե ինքնիշխան քաղաքականություն է վարում, այլ ենթարկվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը»: