«Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան». Վլադիմիր Գասպարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասին

«Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարություն, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով մայիսի 25-ին Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ դեպքի առիթով քրեական գործ հարուցված չէ. «Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան»:

Հիշեցնենք, որ yerkir.am-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ծեծի է ենթարկել 2 անձի: Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ: Մայիսի 27-ին Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հետաքննությունը շարունակվում է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս