
Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է 26 տոկոս

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ-ի երկրների հետ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության ծավալը կազմել է 897 միլիոն դոլար, ինչը 14 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս մասին են վկայել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 194 միլիոն դոլար (50 տոկոսով ավելին), իսկ ներկրումը՝ 703 միլիոն դոլար (7 տոկոսանոց աճ): Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է 26 տոկոս, ինչը փոփոխություն չի կրել:
Այս տարվա առաջին 4 ամիսներին ԱՊՀ երկրների հետ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության ծավալը կազմել է 1169 միլիոն դոլար, ինչը 18 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Ընդ որում, արտահանումը կազմել է 510 միլիոն դոլար (19 տոկոսով ավելին), իսկ ներկրումը՝ 659 միլիոն դոլար (17 տոկոսով ավելին):
ԱՊՀ երկրներին է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 34 տոկոսը: