«Հիմարն էլ խելացի է երևում, երբ դա անում է»
Գտեք պատասխանը
Մարտնչել բոլորի համար,
Խառնվել, ձուլվել բոլորին,
Ինչ նոր է աշխարհի վրա,
Ընդունել խնդությամբ խորին:
Իր ձեռքով նորոգվող կյանքում
Նորոգել իր հոգին անվերջ,
Անձնական հոգսը մոռանալ,
Մոռանալ ես-ը մենք-ի մեջ:
Ոչ ջանքը այս կյանքի համար
Եվ ոչ էլ կյանքը խնայել
Այս բոլորն աշխարհում միայն
Հենց Ձեզ է վայել:
գՏառապել ամենքի ցավից
Չհիշել կսկիծն իր վերքի,
Իր հպարտ կրծքի տակ զգալ
Սրտերի տրոփյունն ամենքի
Իր սրտի կրակը պայծառ
Ամենքի կրծքի տակ վառել:
Այս բոլորն աշխարհում միայն
Մեր վարչապետին է վայել…
Դպրոցահասակ տղայի կերկերուն ձայնով այս ձոնը՝ ուղղված երկրի վարչապետին, արդեն մաշվելու աստիճանի շրջել է սոցցանցում, մեկնաբանվել: Եվ այսօր ամենևին մտադիր չէի կրկին անդրադառնալ այս տխուր իրադարձությանը, եթե երեկ լրահոսում չհայտնվեր ԿԳՆ Հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությունը: Ըստ այդմ՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ կարգապահական տույժի են ենթարկվել մի շարք ուսումնական հաստատությունների տնօրեններ: Պատճառն այսպես է հնչում՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար»:
Ունենալ կրթության ավերակ դարձած համակարգ, ուր տակավին վաղ միջնադար է՝ երեխաներին ասիական շողոմության նրբություններին են վարժեցնում, և անձամբ պատասխանատվություն չկրել դրա համար, փոխարենը՝ կարգապահական տույժի ենթարկել ոլորտի այլ ներկայացուցիչների, արդար չէ: Նախարարը գոնե անհարմարության զգացողությունից պետք է մարդկանց աչքին աշխատեր չերևալ մի 10-15 օր: Սակայն ոչ՝ սեփական արտադրության ռոմանտիկ բանաստեղծություն՝ ֆեյսբուքյան իր պատին, մարտական և սկզբունքային մոտեցում, երբ խնդիրը ոչ թե իր բացթողումներին է վերաբերում, այլ ստորադասների:
Ի դեպ, տարաբախտ այս տնօրեններին միավորում է ոչ միայն ծառայողական պարտականություններում թերանալու հակումը, այլև մեկ այլ հանգամանք ևս՝ նրանք բոլորը մարզերից են: Այն դեպքում, երբ ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար կաշառքի չափով, թանկարժեք ապակեղենի, ազնիվ մետաղի և կանխիկ փողի հանդեպ թուլությամբ հայտնի են հատկապես մայրաքաղաքի և, մասնավորապես, կենտրոնի դպրոցների տնօրենները:
Եվ, առհասարակ, կրթության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցներում, կոռուպցիան, այսինքն՝ տնօրեններին և ուսուցիչներին կաշառքով և միմիայն կաշառքով աշխատանքի ընդունելու ավանդույթն այնքան խոր արմատներ ունի, որ այս խնդիրն անգամ չի էլ քննարկվում: Որևէ մեկը, այդ թվում` և ԿԳ նախարարը, թեման չի քննարկում: Սա տաբու է, ինչպես տաբու է առողջապահական համակարգում բժիշկներին, բուժքույրերին կաշառքով ընդունելու հարցը:
Եթե Կրթության և գիտության նախարարությունում չգիտեն, կարող եմ կրկնել, որ մայրաքաղաքի ծայրամասերում ուսուցչին աշխատանքի են ընդունում 3000 դոլար կաշառքով, կենտրոնում՝ 5000 դոլարով: Այն, որ տնօրեններն այնքան քաջ են, որ այդ գործարքն անում են գաղտնի, առանց ԿԳ նախարարի իմացության, նաիվ է հնչում:
Իմ մտերմուհին 2013 թ. սեպտեմբերին քաղաքի արվարձանում գտնվող դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ է ընդունվել` 3000 դոլար կաշառք տալով:
Դրան գումարած՝ տնօրենը չի վճարել նրա երեք ամսվա աշխատավարձը: Այլ կերպ ասած՝ դուրս է գրել և գրպանել: Սա ողջ հանրապետությունով տարածված պրակտիկա է, որն աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ: Ընդ որում՝ երկար տարիներ:
Վերադառնալով վարչապետին ուղղված ձոնին՝ դարձյալ վերհիշենք չափազանց դառնացնող տեսարանը. դպրոցական տղան արտասանում է՝ ձայնը թրթռացնելով: Նրա արտասանության ողջ ընթացքում Հովիկ Աբրահամյանի դեմքից ամոթխած և վերջապե՜ս գնահատված լինելու ժպիտը չի իջնում: Սակայն, եթե Հովիկ Աբրահամյանին կարելի է հասկանալ (մարդը ժամանակին զբաղվել է հողագործությամբ, և լիրիկական նման շեղումները նրա հոգուն չափազանց հարազատ են), ապա Արմեն Աշոտյանի դեպքում նրա լայն ժպիտը բացարձակ տեղին չէր: Առավել ևս, երբ բանաստեղծության ավարտից հետո թույլ ծափահարությունները վերածվեցին օվացիայի:
Գավառականությանն ու քծնանքին ծափահարում էր նաև Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը: ՀՀԿ-ականներից ոմանք, ի դեպ, կուսակցության շարքերն անցնելիս, նույն ոճով դիմում էին կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Իսկ նման դեպքերում ինտելեկտուալ խաղերի սիրահար նախարարը կարող էր հիշել հայտնի հարցը. «Անգամ հիմարն է խելացի երևում, երբ դա անում է»: Պատասխան՝ երբ լռում է: